Երևանի քաղաքապետարանի քեֆին քեֆ չի հասնի. տոնական եռուզեռի հետքերով

Ամանորի տոները ողջ շուքով նշելու քաղաքապետարանի հանձնառությունը, պարզվում է, չի ավարտվում 202 միլիոն 406.000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սինեմարտ» ՍՊԸ-ից քաղաքի տոնական ձևավորման ծառայություններ գնելով։

Այսպիսով, նոյեմբերի 16-ին քաղաքապետարանը մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով պայմանագիր է կնքում «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ի հետ՝ 22 միլիոն դրամով պատվիրակելով 10 վարչական շրջաններում և Հանրապետության հրապարակում արհեստական տոնածառների տեղադրումն ու ապամոնտաժումը:

Նոյեմբերի 28-ին արդեն պարզ է դառնում, որ քաղաքապետարանը հոգալու է Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի և ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցների ամանորյա բանկետը: Այս վեհ առաքելության համար էլեկտրոնային աճուրդ գնման ընթացակարգով ընտրվել է «Լուսինե Ղազարյան» ԱՁ-ն. պայմանագրի գինը՝ 1 միլիոն 944.000 դրամ:

Դարձյալ նույն օրը, նույն ընթացակարգով մեկ այլ պայմանագիր է կնքվել «ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍԱՄՎԵԼԻ Ա/Ձ»-ի հետ՝ այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բարձրակարգ ռեստորանում կազմակերպվելիք միջոցառման համար. պայմանագրի գինը՝ 2 միլիոն 786.000 դրամ:

Կարդացեք նաև

Նմանատիպ մեկ այլ պայմանագրով էլ դարձյալ նոյեմբերի 28-ին քաղաքապետարանը «Վահրամ Թոքմաջյան Վարդանի» ԱՁ-ին պատվիրակում է X վարչական շրջանի համար ամանորյա միջոցառումների կազմակերպման ծառայություններ՝ աշխատակազմի հյուրասիրություն, պարգևատրում ժամացույցներով և պատվոգրերով: Պայմանագրի գինը՝ 1 միլիոն 500.000 դրամ:

Դեկտեմբերին այս տոնական տրամադրությունը շարունակվել է:

Էլեկտրոնային աճուրդ գնման ընթացակարգով դեկտեմբերի 12-ին «ԷՄ-ԷՄ Գրուպ» ՍՊԸ-ից 8 միլիոն 217.000 դրամով ձեռք է բերել ամանորյա ձևավորման ծառայություններ:

Ըստ պայմանագրի՝ ընկերությունը դեկտեմբերի 20-ից մինչև տոների ավարտը Շենգավիթ վարչական շրջանը կապահովի տոնական լուսային ձևավորմամբ:

Նույն ընկերության հետ նույն ընթացակարգով արդեն դեկտեմբերի 8-ին կնքված մեկ այլ պայմանագրով, որի գինը 14 միլիոն 377.000 դրամ է, քաղաքապետարանը ֆինանսավորում է Արաբկիր վարչական շրջանի տարածքի ձևավորումը` Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների ձևավորումը:

Իսկ արդեն դեկտեմբերի 14-ին կնքված մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով կնքված պայմանագրով, որի արժեքը 7 միլիոն դրամ է, քաղաքապետարանը «ԲԻԼԴ ԷՆԵՐԳՈ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ին է տվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տոնական տրամադրությունն ապահովելու հայտը:

Հաշվի առնելով այս նախապատրաստությունները՝ կարելի է ասել, որ սա էլ վերջը չէ. հետևաբար, տարեսկզբին 168.am-ը կամփոփի քաղաքապետարանի տոնական աժիոտաժի թվերը:

Տեսանյութեր

Լրահոս