Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը. Եղոյանը լարեց իրավիճակը
Ադրբեջանում սեպտեմբերի 15-ին նշում են «Կովկասյան իսլամական բանակի կողմից Բաքվի՝ հայ-բոլշևիկյան ստորաբաժանումների օկուպացիայից ազատագրման 108-րդ տարին»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, Թուրքիայի նախագահ Էրդողանը, բնականաբար, չի անտեսել այս օրը և շնորհավորական ուղերձ է հղել եղբայրական պետությանը:
Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները հատուկ շեշտել են, որ «Կովկասյան իսլամակական բանակը Բաքուն ազատագրել է բոլշևիկ-դաշնակցական զինված կազմավորումներից»։
Եվ հենց այսօր ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանի ամբիոնից հակադաշնակցական ելույթ է ունեցել, անգամ սպառնալիքներ հնչեցրել:
Մասնավորապես, կառավարության անդամի երդման տեքստում փոփոխությունների և ընդդիմադիրների քննադատությունների համատեքստում իշխող ուժը ներկայացնող Արման Եղոյանը հայտարարել է, որ Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը:
«Կուզենայի ուշադրությունը հրավիրել առաջին իսկ ձևակերպման վրա՝ «հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության», և ասել, որ այս նպատակի իրականացման համար ուղղակի անհրաժեշտ է… անհրաժեշտ է, որ մեր միջից դաշնակցականությունը վերացվի: Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից: Արմատախիլ պետք է արվի դաշնակցականությունը: Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը: Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը: Սա… սա ֆունդամենտալ նախապայման է Հայաստանի Հանրապետության հարատևման, անկախության և ինքնիշխանության համար:
Այն աղետները, որ այս կուսակցությունը և իրենց գաղափարախոսությունը բերել է մեր պետությանը… երբեք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը և հայ ժողովուրդը երբեք իր պատմության մեջ չի առերեսվել այն աղետներին, որոնց առերեսվել է այս կուսակցության իշխանության ժամանակ: Աղետաբեր, կոնֆլիկտածին մի կուսակցություն, որը ախտահարել է ամբողջ հայ քաղաքական միտքը և շարունակում է դա անել մինչև հիմա»,- ասել է նա:
Եղոյանի խոսքով, դաշնակցականությունը և դաշնակցական մտածելակերպն անցյալին անընդհատ զոհեր մատուցելն է, անցյալի քաղաքական աստվածներին պաշտելը և մեր ապագա շահերը զոհաբերելն է:
«Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե հաջորդ քաղաքական սերնդի մեջ լինի քիչ թե շատ նշանակալի դաշնակցական մտածելակերպ, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և հարատևությունը կլինի լրջորեն վտանգված»,- շեշտել է ՔՊ-ական պատգամավորը:
Դաշնակցական Քրիստինե Վարդանյանը Եղոյանի ելույթը որակել է ֆաշիստական:
Մանրամասները՝ տեսանյութում

