Բաժիններ՝

ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից պարզաբանում են, որ խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն իրականացնում է ջրամատակարարող կազմակերպությունը, իսկ պետական վերահսկողությունը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

ՀՎԿԱԿ-ը, իր հերթին, իրականացնում է անկախ մոնիթորինգ և լաբորատոր հետազոտություններ՝ սանիտարահամաճարակային հնարավոր ռիսկերը գնահատելու նպատակով։

«Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով։ Խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է արտադրական հսկողություն՝ ջրամատակարարում իրականացնող կազմակերպության կողմից, իսկ սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ։

Միաժամանակ, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման շրջանակում ՀՎԿԱԿ-ն իրականացնում է խմելու ջրի անկախ մոնիթորինգ և լաբորատոր հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու հնարավոր սանիտարահամաճարակային ռիսկերը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան հանրային առողջապահական միջոցառումներ։

Այսպիսով, ջրի որակի արտադրական հսկողությունը, պետական վերահսկողությունը և ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվող անկախ մոնիթորինգը տարբեր գործառույթներ են, որոնք ընդհանուր առմամբ միտված են բնակչության առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության պահպանմանը»,- ասված է ՀՎԿԱԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում բնակիչներից մեկը ծորակից եկող ջրում մետաղական զանգված էր նկատել։ ՀՎԿԱԿ-ի լաբորատոր հետազոտությամբ ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել էր թույլատրելի շեմը, իսկ սեպտեմբերի 11-ին ջրի աղբյուրից և մի քանի կետերից կրկնակի վերցված նմուշներում ևս արձանագրվել էր նույն խնդիրը։ Բնակիչներին հորդորվել էր մինչև ջրամատակարարման անվտանգ վերականգնումը ջուրը չօգտագործել խմելու և կենցաղային նպատակներով։ Այդ պահին թունավորման ախտանշաններով դիմումներ չէին գրանցվել, իսկ աղտոտման պատճառները շարունակվում էին պարզվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930