Բաժիններ՝

Ճագարը ձիթապտուղներով

Բաղադրիչները՝ 4-6 հոգու համար

  • 1,5-2 կգ կշիռ ունեցող 1 եփած ճագար
  • 300 գ ձիթապտուղ (կորիզներով)
  • 150 գ ապխտած բեկոն
  • 2 միջին չափի սպիտակ գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • կանաչիների փունջ
  • 2 պտղունց ուրցի չորացրած ծաղիկների փշրանք՝ ըստ ցանկության
  • 300 մլ սպիտակ չոր գինի
  • 1 փոքր բաժակ կոնյակ
  • 1 ճ/գ ալյուր
  • ձիթապտղի ձեթ, աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխն ու բեկոնը բարակ կտրատեք: Ոչ մեծ թավայի մեջ տաքացրեք ձեթը, տեղադրեք սոխն ու բեկոնը, միջին ուժգնության կրակի վրա տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը, մոտավորապես 10 րոպե:

Նախօրոք եփած ճագարը հավասար մասերի բաժանեք, առանձին հաստ հատակով թավայի մեջ ձեթ լցրեք, ուժեղ կրակի վրա տապակեք այն, մինչև ոսկեգույն երանգ ստանալը, մոտ 7 րոպե:

Կարդացեք նաև

Ճագարին ավելացրեք սոխն ու բեկոնը, տապակեք ևս 10-15 րոպե:

Ճագարի վրա լցրեք կոնյակը, այրեք այն: Երբ կոնյակն ամբողջությամբ այրվի, աղ ու պղպեղ արեք:

Սպիտակ չոր գինուն 100 մլ սառը ջուր ավելացրեք, լցրեք ճագարի վրա: Ավելացրեք ձիթապտուղները, սխտորը, կանաչիների փունջն ու ուրցը: 40 րոպե պատրաստեք թույլ կրակի վրա: Ժամանակ առ ժամանակ շուռ տվեք ճագարի կտորները:

Որպեսզի սոուսը խտանա, 1 գդալ ջրի հետ խառնեք ալյուրն ու լցրեք թավայի մեջ, պատրաստեք ևս 5 րոպե:

Պատրաստի ուտեստը մատուցեք տաք վիճակում:

Խորհուրդ 1. Ճագարի կտորները մատուցեք՝ վրան սոուս ու կտրտած մաղադանոս լցնելով: Որպես խավարտ այս ուտեստին հարմար է մակարոնը:

Խորհուրդ 2. Կանաչիների փունջ ասելով՝ նկատի ունեցեք 3 ճյուղ ուրց, մի քանի ճյուղ մաղադանոս, 1 դափնու տերև:

Տեսանյութեր

Լրահոս