Սասուն Միքայելյանին պետք է «իջեցնել» դիրքերից. և դիրքերը կշահեն, և պետական բյուջեն
Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ մինչև հիմա անկախ պետություն չենք ունեցել, եղել ենք Ռուսաստանի «ֆորպոստը»:
Մի կողմ թողնենք, որ բացարձակ անկախ երկրներ չկան, եթե հաշվի առնենք ռազմական, տնտեսական, կոմունիկացիոն կախվածությունները, և այլն:
Սասուն Միքայելյանին հուշենք, որ 44-օրյա պատերազմում հաղթած Ադրբեջանն էլ առանձնապես անկախ չէ, եթե հաշվի առնենք նրա կախվածությունը Թուրքիայից. միգուցե Հայաստա՞նն էլ են ուզում՝ ընկնի նույն կախվածության մե՞ջ և դառնա թուրքական վիլայեթ, այսինքն, իր նշած՝ այսպես ասած, «ռուսական ֆորպոստը» փոխարինենք թուրքական վիլայեթով:
Մի կողմ թողնենք, որ իշխանափոխությունից հետո ժամանակահատվածներ են եղել, երբ Հայաստանը Ռուսաստանից շատ ավելի ուժեղ կախվածության մեջ է եղել, և բացի հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների պաշտպանությունից, ռուս սահմանապահները պատերազմի ընթացքում և հետո հրավիրվել են ՀՀ սահմանային այլ վայրեր, Տավուշի մարզի մի շարք հատվածներում ուղեկալներ են կառուցել, որտեղից արդեն դուրս են եկել և դուրս են գալիս:
Մի կողմ թողնենք նաև, որ ավելորդ է Սասուն Միքայելյանին խորքային այլ բաներ բացատրելը: Փոխարենը նրան, թերևս, ճիշտ է հիշեցնել պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի խոսքերը, որի անվան հետևում անընդհատ փորձում է ինքնահաստատվել Միքայելյանը:
«Անկախությունը բացարձակ արժեք է, այն քննարկման կարիք չունի, նրա մասին փիլիսոփայելն անգամ անմտություն է»,- Վազգեն Սարգսյանի խոսքերն են, ով այն կարծիքին էր, որ պետության պատասխանատուները չպետք է թույլ տան, որ անկախությունը, ազատությունը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ:
Վազգեն Սարգսյանի մտքով երևի չէր անցնի, որ անկախությունը կասոցացվի լավ ապրելու, վիզաների ազատականացման և սահմանազատման հետ:
Ի դեպ, Վազգեն Սարգսյանը նաև ասում էր. «Պատերազմող երկրում, այնուամենայնիվ, երկրի մասին դատում են պատերազմի արդյունքով: Մեր մասին հիշելու են՝ երկիրը պահպանվե՞ց, թե՞ ոչ, հաղթեցի՞ք, թե՞ պարտվեցիք, անկա՞խ եք, թե՞ ոչ: Ի վերջո, կարողացա՞նք դառնալ դեմոկրատական պետություն, թե՞ ոչ, մարդկային, ազգային, սոցիալական արժեքներն էս երկրի մեջ պահպանվեցի՞ն, թե՞ ոչ: Իսկ ամեն ինչի հիմքը բանակն է, պաշտպանությունը»: Այսինքն, ըստ նրա, գալիք սերունդները գնահատելու են՝ որքանով ենք պահել մեր սահմանները, մեզ թողնված ժառանգությունը, և, որ հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել: Սա պատերազմի քարոզ չի, խոսքը նրա մասին է, որ չպետք է խաղաղ հանձնվել թշնամուն: Եվ մեկ էլ Վազգեն Սարգսյանը զգուշացնում էր՝ «սիրենք թե չսիրենք, պատերազմ ոչ ոք չի սիրում, բայց պարտավոր ենք հարգել, առանց դրա մենք հեռանկար չենք ունենա»:
Եվ դժվար չէ պատկերացնել՝ ինչպես կվարվեր Սասուն Միքայելյանի հետ նույն Վազգեն Սարգսյանը, եթե նրա կենդանության օրոք առհասարակ նման միտք բարձրաձայնվեր, թե՝ «2018թ. հեղափոխությունն ավելի կարևոր հաղթանակ էր, քան Արցախյան ազատամարտում հաղթանակը»: Հիշում եք՝ այս խոսքերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը 2018թ. նոյեմբերի 26-ին հնչեցրել էր Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ։
Որքանո՞վ է ԵԿՄ վարչության նախագահը Վազգեն Սարգսյանի վերոշարադրյալ խոսքերն աչքի տակ պահում:
Հիմա, եթե Ադրբեջանի թելադրած պայմաններով, առանց ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքի հետքաշման, Սասուն Միքայելյանը կողմ է սահմանազատմանը (սահմանազտման գաղափարին առհասարակ ընդդիմությունն էլ դեմ չէ, բայց արժանապատիվ և իրավաչափ պայմաններով), որովհետև ինչպես հոկտեմբերի 27-ին «Եռաբլուրում» նա ասել է՝ «մենք այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու», ապա ինչու ԵԿՄ անդամներին չի հանում դիրքերից, ինչո՞ւ է շարունակում սահման երկրապահներին գործուղել, երբ անելիք չի տեսնում թուրքի դեմ, որովհետև այս տրամադրվածությամբ սահման պահողն ամեն պահի կարող է չէ՞ նահանջել:
Եվ դեռ հարց է, թե ինչպես են խաղաղ պայմաններում Սասուն Միքայելյանի գործուղած մարդիկ սահման պահում, որքանով են օգնում և որքանով են վնասում բանակին, որքանով են արդյունավետ և նպատակային օգտագործում տրամադրված փամփուշտները՝ քեֆի սեղանի համար կենդանի խփելո՞ւ, թե՞ սահման պահելու նպատակով, որի համար 2021, 2022 և 2023 թվականներին ՀՀ կառավարության որոշումներով տարեկան ԵԿՄ-ին հատկացվել է մոտ 234,638.0 հազար դրամ:
Չմոռանանք Ներքին Հանդի պատմությունը, որտեղ ՀՀ ռազմական ոստիկանությունն էր ակնարկել, որ երկրապահներից են սադրել, ինչի հետևանքով 4 զոհ ունեցանք հենց ԵԿՄ անդամներից: Դեռ չենք խոսում, որ ԵԿՄ տեսանյութերում մարտական հերթապահության մասին պատմող «գաղտնազերծումներ» են արվում:
Իհարկե, չենք բացառում, որ երկրապահների և սահման գործուղվածների մեջ նվիրյալներ կան՝ մի քանի պատերազմով անցած: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը, նախարարը, որքան էլ մարդկային ռեսուրսի խնդրի հարց լինի, առհասարակ պետք է լուրջ քննարկման թեմա դարձնի Սասուն Միքայելյանի ղեկավարած ԵԿՄ-ի հետ համագործակցության հարցը, և մեկ ուրիշ ծրագիր մտածի:
Կրկնում ենք՝ ԵԿՄ-ի մեջ կան նաև նվիրյալ մարդիկ, որոնց հետ ՊՆ-ն կարող է համագործակցության այլ տարբերակ մշակել, ի դեպ, այդ մարդիկ իրենք էլ պիտի մտածեն՝ պատվաբե՞ր է արդյոք իրենց համար լինել Սասուն Միքայելյանի ղեկավարած ԵԿՄ-ում:
Հ.Գ. Որպեսզի տարընթերցման առիթ չտա, մենք չենք պահանջում, որ Սասուն Միքայելյանը կամ մեկ ուրիշը հայտարարի, թե կարող ենք Ադրբեջանին այսօր կոտորել. բնավ, դրա մասին չէ խոսքը, և նման հայտարարություններ անողները պակաս վտանգավոր չեն և գուցե պատերազմական իրավիճակում առաջին նահանջողներից: