«Կամավորը պետության չգոյության սիմվոլն է». 2020-ին կամավորներին Արցախ ուղարկող Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում Բյուջե-2025 նախագծի իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, թե ազգի սոցիալ-հոգեբանությունն ու մտածողության գենետիկան մեծ մասամբ ձևավորվել է այն ժամանակ, երբ չի ունեցել անկախ պետություն, այլ եղել է համայնք, գաղութ, հպատակ։
«Որպես ժողովուրդ, վերջին 600 տարին մենք ապրել ենք մեզ պարտադրված, այլ ոչ թե մեր ստեղծած պետության մեջ։ Հետևաբար՝ պետության մեր առաջին ընկալումը պարտադրանքն է, որի նկատմամբ առաջին ռեակցիան դա թոթափելու, դրան դիմադրելու ներքին ցանկությունն է, հիմա արդեն, եթե նույնիսկ այդ պետությունը մենք ենք ստեղծել։ Այսինքն՝ ենթագիտակցությունը, միևնույն է՝ շարունակում է աշխատել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա բնորոշմամբ, այս ամենի հետևանքով ազգի սոցիալ-մտածողությունն ու հոգեբանությունը համակարգային չէ, այլ դրվագային, ինչը տվյալ պարագայում ապապետականի հոմանիշն է։
«Կանխատեսելի կերպով կրկին հարց բարձրացավ, թե մեզանում ո՞վ է հերոսը, և այն ինչպե՞ս է բնորոշվում։ Վերը նշվածի շրջանակներում խիստ կանխատեսելիորեն ընդդիմության ներկայացուցիչները հերոսությունը կապեցին, կամ նրանցից մեկը կապեց սահմանը պահող կամավորի ու կամավորության հետ։
Սկզբունքորեն այս մտածողության մեջ տարօրինակ ոչինչ չկա, այն տարբերությամբ, որ սահմանի պահպանությունը կամ անվտանգությունը կամավորության հետ կապելը, իսկ հարկ վճարելն ընդամենը օրենքով սահմանված գործունեության դրսևորում դիտարկելը կամ դրան հակադրելը՝ ինքնին ապապետական ընկալման հետևանք է։
Հարգելի գործընկերներ, եթե խոսքը՝ «կեցցե մեր հայ կամավորը, գինի լից» երգի կամավորի մասին է, ապա այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում և այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի։ Այսինքն՝ այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է»,- հայտարարեց նա։
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ այսօր էլ կամավորներ կան, բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ։
Ըստ նրա՝ այսօրվա կամավորը՝ «ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ շոշափելի վարձատրություն է ստանում հենց կամավորության համար։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում