Հայաստանի ու Ռուսաստանի մասին Իրանի ուշագրավ հայտարարությունները՝ Արևմուտքում

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ուշագրավ հարցազրույց է տվել ամերիկան հեղինակավոր New York Times-ին։ Ամերիկյան պարբերականն էլ իր հերթին՝ ոչ պակաս ուշագրավ հոդված է պատրաստել ռեգիոնալ ճանապարհների ապաշրջափակման, մասնավորապես՝ այդ հարցում Սյունիքի կարևորության, Ռուսաստան-Իրան-ԵՄ-ԱՄՆ շահերի մասին՝ այս հարցում փորձելով իրար մոտեցնել Իրանի ու Արևմուտքի շահերը։

Մասնավորապես, խոսելով Հարավային Կովկասում Ռուսաստանի ու  Իրանի շահերի մասին՝ պարբերականի հետ զրույցում դեսպան Սոբհանին ասել է, որ  Հարավային Կովկասում նրանք տարբերվող շահեր ունեն։

Նրա խոսքով, «մենք որոշ տարաձայնություններ ունենք և որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»։

Փաստելով, որ տարածաշրջանի ապագայի շուրջ լարվածության վերջին ալիքը Սյունիքի շուրջ է պտտվում, New York Times-ը գրել է, որ «այս պահին այդ ճանապարհն առանցքային նշանակություն ունի իրանական ապրանքները Պարսից ծոցից Ռուսաստան ու Եվրոպա հասցնելու համար։ Այստեղ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ուզում են արևելք-արևմուտք ճանապարհ բացել դեպի Թուրքիա, որը կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով»։

Կարդացեք նաև

«Մենք չենք կարող ընդունել միջազգային սահմանների փոփոխություն»,- ամերիկյան պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպանը։

Մեհդի Սոբհանին, միաժամանակ, խուսափել է հստակեցնել՝ ինչ կանի Թեհրանը, եթե Ադրբեջանը հարձակվի։ «Դա տեղի չի ունենա»,- ասել է նա։

Ագարակի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը մինչդեռ NYT-ի հետ զրույցում պնդել է՝ ինքը քննարկել է հարցը իրանցի պաշտոնյաների հետ, և վստահ է, որ եթե մի բան պատահի, Իրանն անկասկած Հայաստանին օգնության կգա։

«Հայաստանում մտավախություն ունեն, որ Թրամփի նախագահության օրոք առավել կոշտ ամերիկյան քաղաքականությունն Իրանի հանդեպ կհարվածի իրենց երկրին և կամրապնդի Ադրբեջանին։ Նրանք նաև վախենում են, որ Հայաստանին պաշտպանելու՝ Թեհրանի կարողությունը կնվազի, եթե Իրանի ու Իսրայելի միջև այժմ շարունակվող հակամարտությունը վերածվի լայնածավալ պատերազմի»,- գրում է ամերիկյան պարբերականը։

Հայաստանի սահմաններին պարեկություն իրականացնող եվրոպական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն էլ իր հերթին, ըստ NYT-ի, փաստել է՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն այժմ բունկերներ են կառուցում, խրամատներ ու հրետանային դիրքեր փորում՝ վատթարագույն սցենարին պատրաստ լինելու։

«Իրանցիները հայերի լավագույն բարեկամներն են այս տարածաշրջանում»,- ասել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, հավելելով՝ ադրբեջանցիներն ու ռուսները վրդովվում են եվրոպական ներկայությունից, մինչդեռ Իրանը, թվում է, թե ընդունում է այն։

«168 Ժամ»-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ իրանցի պաշտոնյաները մշտապես անկեղծ են իրենց դիրքորոշումներում իրենց բոլոր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի ու Ռուսաստանի հետ։ Ըստ նրա, այս դիրքորոշումների մասին վստահաբար գիտեն թե ՀՀ-ում, թե ՌԴ-ում։

«Բացի այդ, Իրանն այս մասին անընդհատ հրապարակային հայտարարություններ է արել ամենաբարձր մակարդակով, պարզապես, երբ այս մասին ասվում է արևմտյան մամուլի էջով, դա արդեն բավականին հետաքրքիր աշխարհաքաղաքական վերլուծության նյութ է։ Մի բան է, երբ նման դիրքորոշումներ հնչում են իրանական, հայկական կամ ռուսական, մեկ այլ բան, երբ դրանց մասին գրում են արևմտյան մամուլում, ինչը կարող է ունենալ շատ ավելի լայն նշանակություն, քան միայն Հարավային Կովկասի տարածաշրջանն է։ Այս դեպքում փորձ է արվել Ռուսաստանին իր դիրքորոշումներով կրկին մեկուսացնել, իսկ Իրանին ու Արևմուտքին ներկայացնել դիրքորոշումներով միմյանց ավելի մոտ, ինչն այդպես չէ, քանի որ, ինչպես ՌԴ-ն ու Իրանն ունեն տարաձայնություններ ու ընդհանուր շահեր, այնպես էլ Իրանն ու Արևմուտքը, և միգուցե ավելի շատ տարաձայնություններ»,- շեշտեց նա։

Իրանը, ըստ Բարզեգարի, բազմիցս հայտարարել է միջանցքի անթույլատրելիության, ինչպես նաև ռեգիոնում երրորդ ուժերի ներկայության անթույլատրելիության մասին, որոնցից մեկը վերաբերում է ՌԴ-ին, մյուսը՝ Արևմուտքին։ «Սակայն նման շեշտադրումներով հոդվածը գուցե Իրան-Արևմուտք հարաբերություններում երկխոսության եզրեր գտնելու փորձ լինի, Հարավային Կովկասն այն փոքր ռեգիոնն է, որտեղից կարող է սկսվել ավելի լայն  երկխոսություն։ Բայց ԱՄՆ-ում նոր վարչակազմը դեռ չի աշխատում, ուստի, կարծում եմ, սա այնպիսի ազդանշան չէ, որի վրա պետք է երկար կենտրոնանալ, քանի որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունում փոփոխություններ են սպասվում»,- նշեց Բարզեգարը։

Ինչ վերաբերում է ռուս-իրանական տարաձայնություններին, ապա, վերլուծաբանի խոսքով, այդ տարաձայնությունները հրապարակային դաշտ նետվեցին ամիսներ առաջ, երբ ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձավ հաղորդուղիների ապաշրջափակման թեմային։

«Տարաձայնությունը միանշանակ այդ թեմայի շուրջ է, որը կողմերն ակտիվ քննարկում են։ Թե ինչ կոնսենսուսի կհանգեն, բարդ է ասել, ամենայն հավանականությամբ, չկա կոնսենսուս, սակայն կողմերը գիտեն միմյանց դիրքորոշումները, և դիվանագիտությունն անհրաժեշտաբար աշխատում է»,- ասաց վերլուծաբանը։

Բարզեգարը նաև հիշեցրեց, որ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը ևս խոսում  էր ռեգիոնալ այս ճանապարհի կարևորության մասին։ «Հստակ չէ, թե ինչ կարգավիճակ է Արևմուտքը դիտարկում այդ ճանապարհի համար, սակայն հետաքրքրություն կա նաև Արևմուտքի կողմից, ինչը ևս չպետք է մոռանալ»,- նկատեց նա։

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ սովորաբար մեծ նշանակություն ունի, թե որ լրատվամիջոցում ինչ բնույթի հայտարարություններ են արվում։ Ըստ նրա, Իրանն Արևմուտքի հետ ավելի շատ համակարգային տարաձայնություններ ունի, սակայն այս դիրքորոշումներն արևմտյան ԶԼՄ-ով հնչեցնելը, ամենայն հավանականությամբ, որոշակի նպատակ ունի թե իրանական, թե ամերիկյան կողմերի համար։ Բացի այդ, նրա խոսքով, արևմտյան ԶԼՄ-ներում սովորաբար շեշտադրվում են դիրքորոշումները, որոնք ամենահակառուսականն են, իսկ Արևմուտքի բացերը շրջանցվում են։

«Ես կարծում եմ, որ ի տարբերություն Արևմուտքի, Իրանը Ռուսաստանի հետ բաց երկխոսության մեջ է բոլոր հարցերով՝ թե տարաձայնությունների, թե դիրքորոշումների առումով։ Ընդհանուր առմամբ կողմերի միջև մթնոլորտը դրական է, աշխատանքային, մեծ լարվածություն չկա, բայց, այո՛, կան տարաձայնություններ, որոնց շուրջ կողմերն աշխատում են։ ՌԴ-ն ամեն դեպքում չի հայտարարել միջանցքներում շահագրգռված լինելու մեջ, այստեղ կարծում եմ՝ իրանական կողմը փորձում է իր այդ հայտարարություններով զսպել այլ ուժերի, քանի որ ՌԴ-ն ավելի պասիվ դիրքորոշում ունի ներկայումս։ Թեև պետք է նաև ասել, որ այդ պասիվ դիրքորոշումը քիչ-քիչ փոխվում է։ Սակայն դիվանագիտական հայտարարությունները ոչ միշտ է պետք ուղիղ դիտարկել ու վերլուծել»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս