Կրակն են ընկե՞լ, որ այս կամ այն պաշտոնյայի բարեկամն են․ բոլորի բարեկամներն էլ բիզնեսի մեջ մասնակցություններ ունեն․ Հակոբ Արշակյան

Խորհրդարանում շարունակվում են 2025 թվականի բյուջեի մասին նախագծի քննարկումները, որին ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը։

Այս նիստում ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Հակոբ Արշակյանը ելույթը սկսեց իր համար կարևոր կետից՝ իրենց իշխանությանն ուղղված քննադատության արձանագրումից, որ վարկեր են վերցնում՝ դպրոցներ սարքեն։

Իհարկե, սա Հակոբ Արշակյանի սեփական մեկնաբանությունն է, քանի որ քննադատությունները, որոնք մշտապես հնչում են հանրային շրջանակների կողմից՝ ուղղված են օրեցօր աճող պարտքային ու վարկային բեռին ու դրա ոչ արդյունավետ օգտագործմանը։

Ամեն դեպքում ՔՊ-ական Արշակյանն այս ամենին փորձեց հակադարձել նիկոլիզմի հերթական դոզայով։

Կարդացեք նաև

«Բա վարկեր վերցնենք, որ Տանզանիայում որս անե՞նք, թե՞ Բադեն-Բադենում կազինոյում կրվենք»,- հեգնանքով ինչ-ինչ բամբասանքներ հիշեցրեց Հակոբ Արշակյանը՝ մոռանալով, որ իր անվան հետ, օրինակ, ավելի լուրջ սկանդալներ էին կապված՝ սկսած լրագրողի հանդեպ բռնություն կիրառելուց՝ մինչև Աբու Դաբիում անցկացված ռազմաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի Հայաստանի՝ «տկլոր» մնացած տաղավարը։

Բայց սա դեռ ամենը չէ՝ թավշյա պաշտոնյան, պարզվեց, նաև խիստ վրդովվել էր ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի կողմից Տիգրան Ավինյանի ընտանեկան բիզնեսի մասին արձանագրումներից։ 

Իսկ Քրիստինե Վարդանյանն ընդամենը նշել էր, որ Ավինյանի ընտանիքին պատկանող բիզնեսը 2018 թվականից հետո սկսել է կտրուկ աճեր արձանագրել։

«Հիմա բան եք անում, ասում եք՝ տենդերներին մասնակցում են ընկերություններ, հետո ասում եք՝ էսինչ-էնինչ ընկերության հարկերն ավելացել են 2018 թվականից հետո, կաթիլային ոռոգման ծրագրեր են անում։ Բա կարող ա՞ էդ նրանից ա, որ 2018 թվականից առաջ կաթիլային ոռոգման ծրագրեր չեն արվել, դրա համար։ Ասենք՝ այդ ծրագրով զբաղվող ընկերությունները հարկեր չեն վճարել, կարող ա՞ պետական աջակցության ծրագրեր չեն եղել, կամ՝ եղել են, ու մի քանի ընկերություն է միշտ շահել։

Ամեն ինչ բաց թափանցիկ ա, երևում ա ամեն ինչ։ Հիմի ի՞նչ․ կրակն են ընկե՞լ, որ այս կամ այն պաշտոնյայի բարեկամն են։ Բա՞։

Ծրագրեր են՝ իրականացվում են, բիզնես ա՝ արվում ա, պետք ա մասնակցություն ունենան։ Բոլորի բարեկամներն էլ բիզնեսի մեջ մասնակցություններ ունեն։ Պետական պաշտոնյա չի, բիզնեսով է զբաղվում, բա ինչո՞վ զբաղվի,- ասաց Հակոբ Արշակյանը՝ հորդորելով,- Թե էդտեղ կոռուպցիայի հարց կա, գնացեք-դիմեք դատախազությանը, թող բացահայտեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս