8 անգամ աճել են Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի աշխատակազմերի ծախսերը. Վարդանյան

«Ոնց որ ձեզնից մի քանի տարի պահանջվեց՝ ամբողջական իշխանություն լինելուց հետո հասկանալու, որ մենք գուբերնիա ենք. ես հարց ունեմ՝ այդ մի քանի տարին գուբերնատորնե՞ր էիք»,- ԱԺ-ում դիմելով իշխանություններին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Նա թվերով ներկայացրեց, թե ինչ դեմք ունի իշխանությունների «իրական Հայաստան»-ը. «2025 թվականի պետական բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվել է 1 մլրդ 658 մլն դրամ և վարչապետի աշխատակազմին՝ 24 մլրդ 365 մլն դրամ: Սա նշանակում է, որ դուք, սիրելի քաղաքացիներ, ունեք ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը՝ դաշնակահար, որը մեկ-մեկ շնորհավորական բացիկներ է գրում, և իր համար դուք ամեն օր վճարում եք 11 հազար դոլար, որ այդ մարդը գնա՝ նկարվի հուղարկավորություններին և շնորհավորական բացիկներ գրի: Իսկ այ, վարչապետի աշխատակազմի համար դուք ամեն օր վճարում եք 166 հազար դոլար, ու սա հետաքրքիր պատկեր է ստանում այն համատեքստում, որ 2018-ին այս երկու ինստիտուտների համատեղ բյուջեն շուրջ 8 միլիարդի կարգի էր: Այսինքն՝ 4 անգամ ավելացրել է այն ուժը, որը երկու նախարարություն է փակել, աշխարհում ամենամեծ Սփյուռք ունեցող ազգի Սփյուռքի նախարարությունն է փակել և ռազմավարական նշանակություն ունեցող Գյուղատնտեսության նախարարությունն է փակել՝ օպտիմալացման նպատակով: Այնպես են օպտիմալացրել մարդիկ, որ ծախսերն 8 անգամ աճել են: Տաղանդ է պետք, չէ՞, դրա համար ունենալ»:

Շարունակելով ներկայացնել «իրական Հայաստանի» պատկերը, նա դահլիճում գտնվող Նիկոլ Փաշինյանին առաջարկեց զբոսանք՝ իրական Հայաստանի իրական մայրաքաղաքով.

«Եթե Երևանում բնակվող ՀՀ քաղաքացին առավոտ լսել է, օրինակ, կառավարության նիստը, հասկացել է, որ իր գույքահարկը թանկանալու է, հասկացել է, որ այսուհետ տրանսպորտի տոմս առնելու համար պետք է նույնականացում անի՝ անձնագրի հետ նկարվի, մի հատ մասնավոր ընկերության իր բոլոր տվյալները տա, և երեք անգամ տրանսպորտի գինը թանկանա, մի խոսքով՝ դեպրեսիայից ուզում է դուրս գալ՝ քաղաքում զբոսնի, ու հանկարծ այդ օրն էլ անձրև է եկել, այս մարդն ի՞նչ պատկերի է ականատես լինում. դուրս է գալիս, մի հատ ջրհեղեղի մեջ է ընկնում, չի հասկանում՝ ոնց շրջանցի այդ ջրափոսերով լցված տարածքները:

Կարդացեք նաև

Ասենք՝ քայլում է Հանրապետության հրապարակից Հյուսիսային պողոտա, և եթե հանկարծ այդտեղ տեսնում է շուրջ 10-ի կարգի նույն կազմվածքի թիկնապահներ, որ տարօրինակ իրեն են նայում, այդ մարդու համար պարզ պետք է լինի, որ այդ սրճարանում Խաչատուր Սուքիասյանն է նստած:

Հետո բարձրանում է Կասկադի կողմերը, ու էլի մի տասը մարդ իրեն են նայում, չգիտի՝ հես է՝ հարձակվելու են, ինչ են անելու, պարզվում է՝ Ալեն Սիմոնյանն էլ է այդ ժամանակ զբոսանքի դուրս եկել: Զզված, էս մարդն ասում է՝ լավ, կենտրոնից գնամ, փախչեմ, բարձրանում է Համալիրի կողմերը՝ մի տասը ավտո, արդեն 30 թիկնապահ վրան են գալիս, ի՞նչ է կատարվում, այ մարդ, այս երկրում՝ Աննա Հակոբյանը ընթրիքի է:

Լավ, էլ մայրաքաղաքում չի էլ ուզում զբոսնի, ասում է՝ Սևանի կողմ գնամ, մեքենան կանգնեցնում են մի կես ժամ. Ի՞նչ է եղել՝ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է քշում: Այսպիսի իրական Հայաստանի պատկեր ունենք, այ էս դեմքը ունի իրական Հայաստանը»:

Նա անդրադարձավ կոռուպցիոն սխեմաներին, մասնավորապես՝ ազգային փոխադրող ստեղծելու պատրվակով ծախսված միլիարդավոր դրամներին. «Բյուջեից միջոցները տրամադրեցին, հիմնեցին, տապալեցին, հիմա դատվում են դրա համար: Նախորդ հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դե, չարդարացավ, վատ տնտեսական պայմաններ էին, մենք չկարողացանք դա իրականացնել, հո չէի՞նք շարունակելու ավելի երկար վնասներ կրել, ու փակեցինք դրա համար: Բայց սա այն պայմաններում, երբ իշխող ուժի պատգամավորին պատկանող նույն ավիափոխադրողը գերշահույթ է ստանում:

Է, չգիտեիք՝ կանչեիք, ձևը հարցնեիք, կարող է խորհուրդներ տար էս մարդը: Այստեղ նստած է, ավելի շատ օգուտ ձեզ չէ՞ր տա՝ խորհուրդ տալով: Քաղաքապետ ունենք մենք, բոցաշունչ հայտարարություններ էր անում. Երեկ հրապարակում է եղել, էս մեր քաղաքապետը մի ընկերություն է ունեցել՝ «Իրիգեյթ»-ը, ուրեմն՝ 2011-ից աշխատում է, ստանդարտ աշխատում է, կապալառու է, գյուղատնտեսական ոլորտում միջնորդում է, որ վարկեր ստանան, 2018-ից պետական բարձր պաշտոն ունենալուց հետո պատվիրակել է հորն այդ ընկերությունը, և կտրուկ աճ է գրանցվել: Շնորհավորում եմ, դուք Տիգրան Ավինյանի մոտ բացահայտել եք բացառիկ ձեռնարկատիրական ջիղը»:

Քրիստինե Վարդանյանը նշեց, որ «իրական Հայաստանի» դեմքն այն է, որ 2018-2022թթ. հանցագործությունների աճը կազմել է 66 տոկոս. «Որպեսզի հասկանաք, որ սա բացառապես ձեր կառավարման մեղքն է, պետք է իմանաք, որ ձեզնից առաջ 5 տարում 11 տոկոս է եղել աճը: Թմրադեղերի հետ կապված հանցագործություններն աճել են 140 տոկոսով: Ես չգիտեմ՝ այդպիսի ցուցանիշներ ընդհանրապես կա՞ն որևէ այլ երկրում:

Ծանր հանցագործությունների մասին էլ չեմ խոսում. Օրը մեջ մեր մայրաքաղաքում զենքի կիրառմամբ հանցագործություն է տեղի ունենում: Ոստիկանությունը գիտե՞ք՝ ում է բռնում, տապալում գետնին, ձերբակալում, ուշադրություն, թռուցիկ բաժանող երիտասարդներին, ու մեքենայի մեջ հայտնաբերվում է մասսայական ոչնչացման զենքը՝ թռուցիկը: Ասում են՝ ժողովրդավարության բաստիոն ենք. մի թիվ հնչեցնեմ, այս 4 տարիների ընթացքում դուք շուրջ 200 անձի եք կալանավորել տարբեր ժամկետներով, ովքեր եղել են քաղաքական թիմի անդամ կամ մասնակցել են քաղաքական գործընթացների, գիտե՞ք քանի դատական վճիռ կա՝ 1, այն էլ հիմա վիճարկվում է: Այսինքն՝ մարդկանց ամիսներով կալանավորում եք, պահում եք բանտերում, հետո դատարաններում այդ գործերը փլում են»:

Նա շեշտեց, որ իրական, թե պատմական Հայաստանի բանավեճն իրականության մեջ կեղծ է. «Նիկոլ Փաշինյան, Դուք չեք կարող նշել մի ադեկվատ գործչի, որը երբևէ հակադրել է, ասել է՝ պետք է գնանք, օրինակ՝ Կարսի պաշտպանությամբ զբաղվենք, պետք է Երևանը թողնենք, գնանք հետամուտ լինենք, որպեսզի Վանում հայեր ապրեն: Չկա նման բանավեճ:

Դուք ուղղակի ստանում եք սոցիոլոգիական հարցումներ, գիտեք, որ մեր ժողովրդի մեծ մասը Թուրքիայից շարունակում է վտանգ զգալ, ուղղակի ձեր ծրագիրը քողարկում եք իրական, թե պատմական Հայաստանի բանավեճի մեջ: Իրականում, միակ քննարկման առարկան հետևյալն է՝ արդյո՞ք Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք շարունակում են ներկայացնել Հայաստանի համար, թե՞ ոչ, և ինչ ենք անում մենք այդ սպառնալիքին դիմագրավելու համար: Դուք պարզապես Թուրքիային և Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր սարքելը փաթեթավորել եք «իրական Հայաստան» անիրատեսական տերմինի ներքո»:

Վարդանյանն ընդգծեց, թե որն է դրա այլընտրանքը.

«Մենք ասում ենք, որ աշխարհում ընդամենը մի պետություն կա, որ մեր ազգին ցեղասպանել է, դա Թուրքիան է: Աշխարհում մի պետություն կա, որը բազմաթիվ անգամներ հարձակվել է Արցախի և Հայաստանի Հանրապետության վրա, դա Ադրբեջանն է: Հայ ժողովրդին գոյաբանական սպառնալիք դեռևս շարունակում են ներկայացնել այս երկու պետությունները, և մեր միակ առաքելությունը դրանց դիմագրավելն է: Միակ առաջարկը, որ դուք անում եք սրան հանդիման, այն է, որ մենք այս երկու երկրների պահանջներն իրականացնելուց բացի՝ այլընտրանք չունենք: Սա է ձեր իրական Հայաստանը, որը, կներեք, շատ այլանդակ տեսք ունի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս