Աբխազիայում լարվածությունն աճում է․ ընդդիմությունը բողոքի ակցիաներ է իրականացնում ռուսական «ներդրումների մասին» համաձայնագրի դեմ
Աբխազիայում երկրորդ օրն է՝ շարունակվում են բողոքի ակցիաները, լարվածությունն աճեց հատկապես հինգ ընդդիմադիրների կալանավորումից հետո։ EuroNews-ի փոխանցմամբ, կալանավորումից հետո մարդիկ սկսել են հավաքվել Սուխումի Անվտանգության ծառայության շտաբի մոտ, և այնտեղ բախումներ են տեղի ունեցել։
Ընդդիմության կողմնակիցները փակել են ճանապարհներ և կամուրջները՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։
Անվտանգության խորհրդի նիստում Պետանվտանգության ծառայության նախագահ Դմիտրի Կուչուբերիան նշել է․ «Պետական անվտանգության ծառայության դարպասների մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ արձանագրվել են Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական ճնշումների դեպքեր, նույն անձը մեքենայով բախվել է դարպասին»։ Գլխավոր դատախազի խոսքով՝ ձերբակալվածները փորձել են հարձակվել Աբխազիայի խորհրդարանի պատգամավորի վրա՝ արտահերթ նիստից հետո նրանց գործողություններն ուղեկցվել են «անպարկեշտ բառերով»։
Բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 11-ին։ Ձերբակալված ընդդիմադիրները դեմ են Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացմանը, ըստ որի՝ ռուսական ընկերությունները կկարողանան իրենց նախագծերն իրականացնել Աբխազիայում, ինչպես նաև սեփականություն կստանան հողի և գույքի նկատմամբ։
Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանը պետք է վավերացնի ռուսական «ներդրումների մասին» համաձայնագիրը։ Ընդդիմությունը մտադիր է այդ օրը մեծ հանրահավաք անցկացնել Սուխումում։