Ինչքա՞ն ոսկի է արտահանվել Հայաստանից. Ոսկու «փայլը» խամրել է

Ոսկու մեծաքանակ վերաարտահանումը, որը տարեսկզբին դարձել էր Հայաստանի տնտեսության բարձր աճի հիմքը, վերջին ամիսներին էապես կրճատվել է։ Կրճատվել է՝ ինչպես ներմուծումը, այնպես էլ՝ արտահանումը։

Հայաստան այլևս նախկին տեմպերով ոսկի չի ներմուծվում ու արտահանվում։ Դրա հետևանքով գնալով դանդաղում են՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ արտաքին առևտրի շրջանառության բարձր աճերը։

Իհարկե, այնպես չէ, որ ոսկու վերաարտահանումներն ընդհանրապես դադարել են։ Այսօր էլ դրանք շարունակվում են, բայց նախկին ծավալներն այլևս չկան։

Եթե տարեսկզբի առաջին չորս ամիսներին Հայաստան էր ներմուծվել ավելի քան 3 մլրդ 798 մլն դոլարի անմշակ ոսկի, ապա դրան հաջորդող չորս ամիսներին ներմուծումը կազմել է 1 մլրդ 159 մլն դոլար։ Ծավալները տարեսկզբի համեմատ 3,3 անգամով կամ 2 մլրդ 639 մլն դոլարով կրճատվել են։

Կարդացեք նաև

Քանի որ Հայաստանից արտահանվող ոսկին ամբողջությամբ նստած էր ներմուծումների վրա, ներմուծման կրճատումից հետո կրճատվել է նաև արտահանվող ոսկին։

Տարեսկզբի չորս ամիսներին Հայաստանից դուրս էր գնացել ընդհանուր առմամբ 3 մլրդ 595 մլրդ դոլարի ոսկի։ Հաջորդ չորս ամիսներին ոսկու արտահանումը կազմել է ընդամենը 1 մլրդ 127 մլն դոլար։

Կրճատվել է գրեթե 3,2 անգամով կամ 2 մլրդ 468 մլն դոլարով։

Ոսկու վերաարտահանման կրճատումը սկսվեց մայիսից։ Եթե հունվարին Հայաստանից արտահանվել էր՝ 403 միլիոնի, փետրվարին՝ 920 միլիոնի, մարտին՝ գրեթե 1,2 միլիարդի, ապրիլին՝ շուրջ 1,1 մլրդ դոլարի ոսկի, ապա մայիսին ոսկու արտահանումը կազմեց ընդամենը 283 միլիոն, հունիսին՝ 241 միլիոն, հուլիսին՝ 273 միլիոն, և օգոստոսին՝ 330 մլն դոլար։

Տարեսկզբի առաջին չորս ամիսներին Հայաստանից արտահանվել էր՝ միջին ամսական 898 մլն դոլարի, հաջորդ չորս ամիսներին՝ 281 մլն դոլարի ոսկի։

Թե ի՞նչ դեր է ունեցել ոսկու վերաարտահանումը տնտեսական աճի վրա, երևում է վերջին ամիսների ցուցանիշներում։

Ոսկու ներմուծման-արտահանման կրճատումից հետո տնտեսական ակտիվության կուտակային աճը դանդաղել է 4,5 տոկոսային կետով՝ տարեսկզբի առաջին չորս ամիսների 13,2 տոկոսից հունվար-սեպտեմբերին իջնելով մինչև 8,7 տոկոսի։

Ազդեցությունն ակհայտ է հատկապես արդյունաբերության ցուցանիշներում։

Արդյունաբերության աճը տարեսկզբի չորս ամիսներին հասել էր 26,8 տոկոսի։ Ոսկու վերաարտահանումների կրճատումից հետո ավելի քան կրկնակի նվազել է։

Մայիսից սկսած էապես ընկել է նաև տնտեսական ակտիվության ամսական աճի տեմպը։

Տարեսկզբի առանձին ամիսներին տնտեսական ակտիվության աճը նախորդ տարվա համեմատ անցնում էր մինչև անգամ 16 տոկոսից։ Այնինչ՝ վերջին ամիսներին տատանվում է հիմնականում 5-6 տոկոսի սահմաններում։ Պաշտոնական տվյալներով, մայիսին, նախորդ տարվա համեմատ, տնտեսական ակտիվության աճը կազմեց 5,2 տոկոս, հունիսին՝ 7 տոկոս, հուլիսին՝ 6,2 տոկոս, օգոստոսին՝ 5,6 տոկոս, սեպտեմբերին՝ 7 տոկոս։

Ոսկու վերաարտահանումների կրճատումից հետո ընկել է նաև արտաքին առևտրի շրջանառությունը։ Տարեսկզբի որոշ ամիսներին հասնում էր 4 մլրդ դոլարի. վերջին ամիսներին 2 միլիարդի շրջանակներում է։

Թեև, կրճատումով հանդերձ, այս պահին ոսկու ներմուծում-արտահանումներն անհամեմատ գերազանցում են նախորդ տարվա ծավալները։ Գերազանցումն առանձին ամիսներին հասնում է 4-5 անգամի։

Իսկ ընդհանուր առմամբ այս տարվա ութ ամսում Հայաստանից արտահանվել է 4 մլրդ 722 մլն դոլարի ոսկի, որը գրեթե 15 անգամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Նախորդ տարի Հայաստանից արտահանվել էր ընդամենը 321 մլն դոլարի ոսկի։

Ոսկու վերաարտահանումները Հայաստանով ակտիվացան 2023թ. վերջից։ Տարեվերջի երեք ամիսներին արտահանվեց ավելի քան 1,4 մլրդ դոլարի չմշակված կամ կիսամշակ ոսկի, այն պարագայում, երբ նախորդ ինն ամսում արտահանումը կազմել էր ընդամենը 380 մլն դոլար։

Անցած տարվա վերջին երեք և այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանից այնքան ոսկի արտահանվեց, որքան չէր արտահանվել նախորդ տասնամյակների ընթացքում միասին վերցրած։ Այլ բան, թե դրանից ինչ շահեց պետությունն ու քաղաքացին։

Սրանից օգտվեցին հիմնականում իշխանություններին մոտ կանգնած որոշ գործարարներ, որոնք ոսկու վերաարտահանումների վրա մեծ գումարներ աշխատեցին։ Դրա համար էլ ոմանք տարբեր ամբիոններից իրենց ճղում էին, թե՝ չեք թողնում աշխատենք ու տնտեսություն զարգացնենք, պետությունը հզորացնենք։ Սրանով էին տնտեսություն զարգացնում ու պետությունը հզորացնում։ Իրականում սեփական գրպանների պարունակության մասին էին մտածում։ Ոսկու այս հսկայական հոսքերից պետությունն ու քաղաքացին գրեթե ոչինչ չստացան։

Գրեթե ոչինչ չստացավ նաև տնտեսությունը, որքան էլ դրա արդյունքում արձանագրվող աճի բարձր ցուցանիշներով մի պահ գուցե տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանը հայտնվել է «տնտեսական դրախտում»։ Այսօր էլ նույնն է, ինչքան էլ էկոնոմիկայի նախարարը փորձի համոզել, թե ուղղակի վերաարտահանման փոխարեն այժմ այդ ոսկին վերամշակվում է Հայաստանում ու տնտեսական արդյունք տալիս, նաև աշխատատեղեր ստեղծում։

Վերամշակում, եթե նույնիսկ արվում է, ապա ձևական, ու դրա նպատակն արտահանման տուրքից ազատվելն է։

Խնդիրն այն է, որ այս տարվա փետրվար-մարտին փոփոխություն կատարվեց ոսկու արտահանման հարկային ռեժիմում, և հումքի արտահանման վրա տուրք սահմանվեց՝ շուկայական արժեքի 0,8-1 տոկոս չափով։

Արտահանման տուրքը 1 կիլոգրամ ոսկու պարագայում համարժեք է գրեթե 200 հազար դրամի։

Թվում է՝ մեծ գումար չէ, բայց այն շրջանցելու համար էլ՝ ոսկու հումքը «վերամշակման» փուլով են անցկացնում ու ազատվում հարկ վճարելուց։

Վերամշակում ասվածն ընդամենը սրա համար է արվում։ Ոսկին անգամ ոսկեգործության արտադրանքի ցուցանիշներում չկա։ Թեև ոչ մի նշանակություն չունի, թե որտեղ կլինի։ Միևնույն է՝ դրա տակ տնտեսական արժեք ու արդյունք գրեթե չկա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս