Տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը վերջին ամիսներին պահպանվում է։ Ընթացիկ տարվա նոյեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.4%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 8.3%՝ նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ արագանալով 0.2 տոկոսային կետով:
Ոսկու մեծաքանակ վերաարտահանումը, որը տարեսկզբին դարձել էր Հայաստանի տնտեսության բարձր աճի հիմքը, վերջին ամիսներին էապես կրճատվել է։ Կրճատվել է՝ ինչպես ներմուծումը, այնպես էլ՝ արտահանումը։
Կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի արտահանումը։ Ոչ վաղ անցյալում, իրար հերթ չտալով, գլուխ էին գովում, թե անցած տարի Հայաստանից ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանվել Վրաստան, քան նախորդ 10 տարիներին։ Հայտարարում էին, թե դա իրենց իրականացրած շուկայի ազատականացման արդյունքն է, արտահանողները հնարավորություն են ստացել ավելի պարզեցված մեխանիզմներով դա իրականացնել, ինչն էլ հանգեցրել է արտահանման ծավալների այդպիսի աճերի։