Բաժիններ՝

Անշարժ գույքի գները Երևանում և մարզերում. 2024թ. 1-ին կիսամյակում կառուցվող շենքից անշարժ գույքի գնման իրավունքով ձեռք է բերվել 4645 բնակարան․ ինչպե՞ս կփոխվի վիճակագրությունը՝ 2025 թվականից սկսած

Կադաստրի կոմիտեն այսուհետ ներկայացնելու է նաև նորակառույց բազմաբնակարան շենքերի բնակարանների վերլուծությունը․ վերջին՝ «2024 թվականի առաջին կիսամյակի Երևան քաղաքի և Կոտայքի մարզի նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների գնային և քանակական վերլուծությունը» հրապարակմամբ՝  կոմիտեն ներկայացրել է նաև «գնման իրավունք»-ով ձեռք բերված միավորների վիճակագրությունը։

Այսպիսով, տեղեկանում ենք, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Երևան քաղաքում իրականացվել է նորակառույց (մինչև 9 տարի մաշվածություն ունեցող ) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի 2552 գործարք, որոնցից 2248 միավորը ձեռք է բերվել կառուցապատողից։

Հայաստանում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կառուցվող շենքից անշարժ գույքի գնման իրավունքով ձեռք է բերվել 4645 բնակարան, որից 3418 գրանցվել է Երևանում, 1227 միավորը՝ մարզերում․ համապատասխանաբար՝ 999-ը՝ Կոտայքի մարզում, 62ը՝ Արմավիրում, 23-ը՝ Տավուշում, 26-ը՝ Շիրակում, 66-ը՝ Արարատում, 9-ը՝ Սյունիքում, 11-ը՝ Արագածոտնում և 31-ը՝ Գեղարքունիքում։ Մյուս մարզերում գործարքներ չեն եղել։

Կարդացեք նաև

Գնային վիճակագրության մասին

Մայրաքաղաքում

Վերլուծության համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանում գրանցված նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի պայմանագրային գները 1քմ մակերեսի հաշվարկով, ըստ տարբեր հատվածների, տատանվում են 450.000-2 միլիոն 800.000 դրամի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանում՝ 380.500 դրամից՝ մինչև 1 միլիոն 800.000 դրամ, Դավիթաշենում պայմանագրային գինը տատանվում է 350.000-780.000 դրամի սահմաններում, Աջափնյակում՝ 295.000 դրամից՝ 750.000 դրամի սահմաններում, Մալաթիա վարչական շրջանում՝ 300.000 դրամից՝ 730.000 դրամի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանում՝ 230.000 դրամից մինչև 600.000 դրամի սահմաններում, Քանաքեռ Զեյթունում՝ 280.000-810.000-ի սահմաններում, և Շենգավիթ վարչական շրջանում՝ 290.000-720.000 դրամի սահմաններում, Ավան վարչական շրջանում՝ 270.000 դրամից՝ 620.000 դրամի շրջանակներում։

ՀՀ անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը 168am-ի հետ զրույցում դեռ 2 ամիս առաջ էր կարևորել Կադաստրի կոմիտեի կողմից այսպիսի վիճակագրության ներկայացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ իրենց ասոցիացիան Կադաստրի կոմիտեին համապատասխան առաջարկություններ է ներկայացրել։

Այս անգամ մեզ հետ զրույցում Անդրանիկ Հարությունովն անդրադառնալով այս վիճակագրությանը՝ շեշտեց․ «Իրենք նախկինում միշտ սեփականության վկայականների գործարքներն էին արձանագրում վիճակագրությամբ, ու դրա հիման վրա էին միջին գին հաշվում, իսկ մեզ համար շատ կարևոր էր, որ շուկայում նոր մտնող, ներդրում կատարող անձը տեղեկանա, թե այդ տարվա, կամ կիսամյակում, ինչքան գնման իրավունք է վաճառվել։ Իսկ այս պարագայում մենք արդեն ունեցանք գնման իրավունքների ստատիստիկան»։

Ինչպե՞ս կփոխվի նորակառույցների այս ստատիստիկան 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հիփոթեքային վարկի շրջանակներում եկամտահարկի վերադարձի սահմանափակումներից հետո՝ հետաքրքրվեցինք անշարժ գույքի մասնագետից։

«Այդ դեպքում, մյուս կիսամյակի վիճակագրությամբ՝ գործարքների թիվն ավելի շատ կլինի, քանի որ ապագա պահանջարկը՝ հիմա գնելու որոշում է կայացնում, որ մտնի այդ օրենքի տակ։ Սակայն եկող տարվանից Երևանում, միանշանակ, գնման իրավունքների վիճակագրությունը կիջնի, բայց կավելանա երևանամերձ մարզերինը, քանի որ կառուցապատողներից շատերն արդեն տեղափոխել են իրենց նախագծերը Երևանամերձ հատվածներ»,- ի պատասխան՝ արձագանքեց Անդրանիկ Հարությունովը։

Ո՞ր դեպքում կառավարության որոշումները կփոխեն նաև մյուս մարզերի վիճակագրությունը, ե՞րբ կարձանագրվի աշխուժացում։

«Խնդիրը միայն սուբսիդավորումը չէ․ եթե այդ սուբսիդավորումը Երևանում էր գործում, ապա Երևանում բազմաթիվ ենթակառուցվածքներ կան, աշխատատեղ։ Դրա համար, բացի դեպի մարզեր տեղափոխվող սուբսիդավորման օրենքից, պետք է մտածել աշխատատեղերի, կրթության, ժամանցի միջավայրի ստեղծման մասին։ Կարևոր գործոն է նաև անվտանգային գործոնը․ բացի ֆիզիկական անվտանգությունը՝ մենք վերջին տարիներին անընդհատ պատերազմից ենք խոսում, ինչը լուրջ ազդեցություն է թողնում գնորդի վրա»։

ՀՀ անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը նաև շեշտեց տեղական շուկան միջազգայնացնելու անհրաժեշտությունը՝ տեղեկացնելով, որ, օրինակ, Վրաստանում գնորդների 50 տոկոսն արտասահմանցիներ են, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը 1-2 տոկոս է։

«Իրենք իրենց երկիրը բրենդավորել են միջազգային շուկայում․ մենք մեր ասոցիացիայով փորձում ենք այդ գաղափարն առաջ տանել»,- հավելեց նա՝ տեղեկացնելով, որ այս նպատակով գործընկերներ ու միջազգային հարթակներ են գտնում։

Տեսանյութեր

Լրահոս