Երևանը փոխում է բանակցային մարտավարությունը՝ հրաժարվելով իր առաջարկից․ իշխանություններն ընթանում են Ալիևի և Բայդենի օրակարգով
Երևանն ու Բաքուն շարունակում են աշխատել չհամաձայնեցված կետերի ու ձևակերպումների շուրջ։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ էության, Արարատ Միրզոյանը կրկնեց Փաշինյանի Աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախօրեի դիտարկումը, որ Երևանը և Բաքուն բանակցում են պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցման շուրջ։
Ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ադրբեջանական բանակցություններում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է։ Սակայն մինչ այս հայտարարությունները, ՀՀ իշխանություններն առաջարկում էին ստորագրել համաձայնեցված կետերը՝ 16 կետ, իսկ մյուսների քննարկումը թողնել ապագային Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։
Սակայն Բաքուն արդեն երկու ամիս կտրուկ մերժում է՝ պնդելով, որ համաձայնագիրը կստորագրվի, երբ բոլոր կետերը համաձայնեցվեն։ ԱՊՀ ղեկավարների մակարդակով հոկտեմբերի 7-ի գագաթնաժողովից հետո Ալիևը լրագրողների հետ կարճ զրույցում հայտարարեց, որ կստորագրեն համաձայնագիր, երբ բոլոր հարցերը համաձայնեցվեն, չնայած նրա, որ զուգահեռաբար նույն այդ լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ներկայումս էլ պատրաստ են ստորագրել համաձայնագիրը։ Սակայն փաստորեն Կազանում հոկտեմբերի 24-ին Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ՀՀ իշխանությունների դիրքորոշումները փոխվել են, հայկական կողմը, մի կողմ դնելով իր առաջարկները, հերթական անգամ համաձայնել է ընթանալ ադրբեջանական վերջնագրերին ընդառաջ։ Սակայն պետք է նշել, որ Կազան մեկնելուց երկու օր առաջ Փաշինյանը Երևանում ընդունեց ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:
Մայքլ Քարփենթերն ընդգծել էր, որ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, կարևորել սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը, շեշտել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:
Մտքեր էին փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Մայքլ Քարփենթերն ընդգծել էր ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Սակայն ամենահետաքրքրականն այն էր, որ ամերիկացի պաշտոնյան Փաշինյանին փոխանցել էր Բայդենի նամակը, որով ԱՄՆ նախագահը կոչ է անում Փաշինյանին մինչև տարեվերջ համաձայնեցնել չհամաձայնեցված կետերը և ստորագրել համաձայնագիրը։ «Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը։ Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին՝ տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ»,- նշված էր Բայդենի՝ Փաշինյանին ուղղված նամակում։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունները փոխում են իրենց առաջարկը, քանի որ Ադրբեջանը չհամաձայնեց, առջևում աշխարհաքաղաքական անորոշություններ են, որոնք կարող են իրենց հետևանքներն ունենալ նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա, ուստի պետք է շարունակել բանակցությունները և խուսափել լարվածությունից։
Ըստ նրա, սրանում, բնականաբար, իր ազդեցությունն ունի նաև ԱՄՆ-ը։
«Սակայն հարցն այն է, որ երբ որևէ առաջարկ է արվում, ու դա ունի աշխարհաքաղաքական դաշնակիցներ, ապա պետք է երկար մտածել, հասկանալ՝ արդյո՞ք այն իրագործվելու է, թե՞ ոչ, քանի որ ներկայումս ստացվում է, որ անընդհատ Երևանն է հարմարվում թե Ադրբեջանի առաջարկներին, թե Արևմուտքի մարտավարությանը։ Այստեղ Ռուսաստանի մասին չեմ խոսում, որովհետև Ռուսաստանն առաջարկում է իր միջնորդությունը, սակայն Երևանը միայն Մոսկվային է մերժում, թեև Արևմուտքը, ըստ իս, չի կատարում Հայաստանի հարցում իր «խոստումները»։ Ուստի ամեն կերպ մերժելով Ռուսաստանի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, ցանկանալով խաղաղության համաձայնագիր կնքել, այդ թվում՝ նկատելով Արևմուտքի մարտավարությունը, Երևանն ընտրում է այս տարբերակը, որը ևս կարող է ապագա չունենալ, քանի որ Ադրբեջանը ևս հայտարարում էր, թե ռեգիոնալ կոմունիկացիաների հարցը դուրս է բերվել բանակցություններից, իսկ հիմա պարզվում է, որ որոշ հարցեր են քննարկվելու, իսկ թե ո՞ր հարցերը՝ չի հստակեցվում, գուցե հենց ռեգիոնալ կոմունիկացիաների՞ հարցը»,- նկատեց Խրամչիխինը։
Նրա խոսքով, այսպես բանակցությունները կարող են երկար շարունակվել, այդ թվում՝ հատել այս տարվա շեմը, փոխադրվելով մյուս տարի, քանի որ ակնհայտորեն աշխարհաքաղաքական այս ծանր իրավիճակը շարունակվելու է, որը կողմերին խանգարում է կայուն գործընթաց ձևավորել։
«Ընդհանուր առմամբ ռեգիոնում հետպատերազմյան միտումները շարունակվում են, Ադրբեջանը շարունակում է ուժի բաղադրիչի շահարկմամբ քաղաքականություն վարել, առաջ մղել իր օրակարգը, իսկ Հայաստանը դրանց ընդառաջ է գնում, թեև փորձում է աշխարհաքաղաքական շրջադարձ անել և այս հարցում ստանալ Արևմուտքի աջակցությունը, ինչը ոչ մի կերպ չի առարկայանում»,- շեշտեց Խրամչիխինը։