«160.000-անոց ջոկատ է կանգնած Արաքսից հարավ. Իրանը պաշտպանում է իր կարմիր գծերը». Արմեն Բադալյան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները շատ կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ Վրաստանը Հայաստանի հարևան երկիրն է, այլև ըստ նրա՝ քաղաքական գործընթացների ապագա զարգացումը շատ բանով կախված է այդ արդյունքներից:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ընդգծեց, որ չնայած Արևմուտքից հնչող բացասական գնահատականներին՝ Արևմուտքը ճանաչել է ընտրությունների արդյունքները.

«Հայաստանում տարածված է այն սխալ դիրքորոշումը, որը շատ դեպքերում միտումնավոր տարածվում է որոշակի շրջանակների կողմից, թե «Վրացական երազանքը» ռուսամետ ուժ է: «Վրացական երազանքն» արևմտամետ կամ, այսպես ասենք՝ եվրոպամետ կամ ամերիկամետ ուժ չէ, վրացամետ ուժ է, որը տեսնում է իր ապագան եվրոպական ինտեգրացիոն համակարգերում, որովհետև վարչապետը քվեարկությունից հետո նշեց, որ իրենց նպատակն է՝ նորից Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերաբեռնավորել, ինտեգրացիոն գործընթացից հետ չեն կանգնել: Վրաստանի վարչապետը նաև նշեց, որ մոտակա ժամանակահատվածում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու խնդիր չունեն: Արևմուտքը ստիպված եղավ ճանաչել Վրաստանի ընտրությունների արդյունքները, ճանաչեց, ստիպված եղավ, դա էլ կասենք՝ ինչու ճանաչեց։ Եթե նրանք չճանաչեն ընտրության արդյունքները, ստիպելու են արդեն իշխող քաղաքական ուժին թեքվել դեպի ԵԱՏՄ, դեպի ռուսական դաշինք։ Իսկ եթե Վրաստանը թեքվի դեպի ԵԱՏՄ, ազատ առևտրի պայմանագիր կնքի ԵԱՏՄ-ի հետ, ինչպես Իրանը, դա կնշանակի, որ Արևմուտքի մուտքը Հարավային Կովկաս և դեպի Կենտրոնական Ասիա՝ Վրաստանի տարածքով, փակվում է»:

Կարդացեք նաև

Արմեն Բադալյանը նկատեց՝ Արևմտյան երկրները քննադատում են Վրաստանում կայացած ընտրությունները, բայց, օրինակ՝ բռնապետական Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ այսպիսի աղմուկ չեն բարձրացնում, որովհետև Ադրբեջանն ինքնուրույն խաղացող չէ՝ Թուրքիան է նրա հետևում, բացի այդ՝ Ադրբեջանը գազ ունի:

«Բացի այդ, Ադրբեջանն այն երկիրն է, որը հիմնականում Ղարաբաղի չգոյությունից հետո, փաստացի ճանապարհ է հանդիսանում և շատ լավ ճանապարհ է հանդիսանում Հարավային Կովկասով դեպի Կենտրոնական Ասիա գնալու՝ Կենտրոնական Ասիայի տասնյակ-միլիարդավոր դոլարների հանքահումքային ռեսուրսն Ադրբեջանի տարածքով դեպի Արևմուտք տեղափոխելու համար: «Զանգեզուրի միջանցք» կոչվածը, չեմ կարծում, որ իրականություն դառնա, քանի որ հենց այս պահին էլ Արաքսից հարավ կանգնած է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի 160.000-անոց ջոկատը։

Եվ պատահական չէ, որ Կապանում իրանական հյուպատոսությունը բացվեց, և Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր ղեկավար գործիչները՝ շարքային դիվանագետից մինչև Իրանի հոգևոր առաջնորդ, հայտարարել են՝ Հայաստանի սահմանները և հատկապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է։ Իսկ մենք տեսնում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողանում է պաշտպանել իր կարմիր գծերը։

Այսինքն, եթե չլիներ Իրանի Իսլամական Հանրապետության կատաղի դիմադրությունը և դժգոհությունը, բնականաբար, Ադրբեջանը, հավատացեք՝ 2020 թվականի նոյեմբերից հետո վաղուց Սյունիքն էլ էր վերցրել, Վայոց ձորն էլ էր վերցրել, տեղի հայերին կքշեր, այնտեղ կբերեր Հայաստանից փախստականներին ուժով կդներ, կասեր՝ Հայաստանի տարածք է, բայց «Զանգեզուրի միջանցք» է, կդարձներ Ղարաբաղ 2, բայց հակառակ կողմով: Միայն Իրանի Իսլամական Հանրապետության շնորհիվ է, որ Ադրբեջանը չհարձակվեց Հայաստանի վրա: Ո՛չ Ռուսաստանի շնորհիվ, որը տեսնելով, որ Հայաստանի ղեկավարությունը «Զանգեզուրի միջանցքը» վաճառքի է հանել, ինքն ուզեց վաճառքի մաս կազմել և իր հսկողությամբ դա իրականացնել: Բայց Իրանն անգամ դա թույլ չտվեց»:

Հարցին՝ եթե Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ իրականացվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, արդյո՞ք Իրանը կարող է միջամտել, նա պատասխանեց. «Իրանը շատ հանգիստ զորքը կմտցնի։

Ի վերջո, ինքը կարող է նաև տարբեր տեխնոլոգիական գործընթացներ անել. երաշխավորած չէ, որ կարող է, ասենք, Սյունիքում ձևավորվի ինչ-որ կառավարություն, բնակիչների հավաք, ինչ-որ ժողով, որը կհռչակի իրեն այդ տարածքի անվտանգության կոմիտե: Ի՞նչ պիտի անի Հայաստանի իշխանությունը, պիտի ասի՝ եկեք ինձ օգնեք, Իրանն իմ տարածքները գրավե՞լ է, ո՞վ է գալու, Միացյալ Նահանգնե՞րն են գալու, ՆԱՏՕ՞-ն է գալու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս