Վարկառուների «ցավով» երբեմնի տառապող Փաշինյանը լուռ հետևում է՝ ինչպես են բանկերը կողոպտում քաղաքացիներին. Ո՞ւմ հաշվին են հարստանում բանկերը
Հայաստանի բանկային համակարգի շահույթներն այս տարի կարող են հասնել ռեկորդային 1 մլրդ դոլարի։ 9 ամսվա ընթացքում բանկերն արդեն հասցրել են շուրջ 690 մլն դոլարի զուտ շահույթ ստանալ։ Այն գրեթե 25 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա շահույթի մակարդակը։
Առաջին եռամսյակում բանկերը ստացել են 83 միլիարդի, երկրորդում՝ 89 միլիարդի, իսկ երրորդում շուրջ 96 մլրդ դրամի զուտ շահույթ։ Ընդհանուր առմամբ՝ 9 ամսում 268 մլրդ դրամ։
Բանկերի շահույթները նախորդ տարվա համեմատ ավելացել են գրեթե 53 մլրդ դրամով։ Եթե վերածենք տարադրամի, կստացվի շուրջ 136 մլն դոլար։
Հիշեցինենք, որ նախորդ տարվա 9 ամիսներին բանկերի շահույթները կազմել էին 215 մլրդ դրամ՝ 21 միլիարդով գերազանցելով 2022թ. շահութաբերության մակարդակը։ Իհարկե տարեվերջին բանկերի շահութաբերության աճի տեմպը որոշ չափով թուլացավ, ինչի հետևանքով շահույթները նույնիսկ զիջեցին նախորդ տարվա մակարդակը։ Բայց դա կապված էր գերազանցապես արցախյան իրավիճակով պայմանավորված՝ որոշ բանկերում առաջացած վնասների հետ։
Այս տարի բանկերի շահութաբերության աճի տեմպն ամբողջությամբ վերականգնվել է և շարունակում է ռեկորդային բարձր եկամուտներ ապահովել ֆինանսական համակարգի մասնակիցների համար։ Վերջին երեք տարիներին ընդհուպ մեկ եռամսյակի ընթացքում բանկային համակարգում այնքան շահույթներ են գեներացվում, որքան մինչ այդ ամբողջ տարվա ընթացքում։
Պատկերացնելու համար ասենք, որ 2021թ. բանկային համակարգի տարեկան շահույթները կազմել էին ընդամենը 87 մլրդ դրամ։ Այս տարվա 9 ամսում բանկերը երեք անգամ ավելի շատ շահույթներ են ստացել, քան 2021թ. ամբողջ տարվա ընթացքում։ Դրանք արդեն գերազանցում են նաև 2022թ., առավել ևս՝ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ստացված շահույթները։
Հայաստանյան բանկերը երբեք այսպիսի բարձր շահույթներ չեն ստացել, որքան ստանում են վերջին տարիներին։ Դա կապված է առաջին հերթին ռուս-ուկրաինական հակամարտության հետ, բայց միայն դրանով չէ, որ պայմանավորված է։
Հայտնի է, որ հակամարտությանը հաջորդող շրջանում Հայաստան եկող ֆինանսական հոսքերը սպասարկելու համար բանկերն էապես բարձրացրեցին առաջարկվող ծառայությունների միջնորդավճարները, ինչն էապես նպաստեց բանկային համակարգի շահույթների ավելացմանը։ Սակայն անցած տարվա վերջից Հայաստան եկող ֆինանսական հոսքերը սկսեցին կրճատվել։ Այդ միտումը պահպանվում է նաև այս տարվա ընթացքում։ Թվում է, թե դա պիտի հանգեցներ բանկերի շահույթների նվազման, բայց ինչպես տեսնում ենք, բանկերը շարունակում են շատ ավելի բարձր շահույթներ ստանալ։ Եվ դա անում են ոչ միայն ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո միջնորդական ծառայությունների թանկացման արդյունքում, այլև բարձր տոկոսադրույքներ սահմանելով ու վարկային միջոցների ակտիվ տեղաբաշխմամբ։
Արդեն տևական ժամանակ Կենտրոնական բանկն իրականացնում է էժան փողի քաղաքականություն, սակայն դա վարկերի գնի վրա գրեթե ազդեցություն չի ունենում։
Անցած տարվա կեսերից ԿԲ-ն հասցրել է փողի գինը նվազեցնել ընդհուպ 3,25 տոկոսային կետով՝ նախկին 10,75-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձել է 7,5 տոկոս։ Սա ենթադրաբար պիտի հանգեցներ բանկային կապիտալի էժանացման։ Սակայն բանկային կապիտալը գրեթե չի էժանացել։ Բանկերը շարունակում են բարձր պահել վարկերի տոկոսադրույքները և վարկառուների, մասնավորապես՝ քաղաքացիների հաշվին մեծ շահույթներ են ստանում։ Շահույթների տեսքով այս հսկայական գումարները, որոնք ձևավորել են բանկերում, գոյացել են նաև քաղաքացիներին տրամադրված մեծաքանակ վարկերի բարձր տոկոսներից։
Ինչպես հայտնի է, բանկային կապիտալի տեղաբաշխման ամենամեծ շուկաները երկուսն են՝ հիփոթեքը և սպառողական վարկերը, որոնց շահառուները բացառապես քաղաքացիներն են։ Այս տարվա 9 ամսում ռեզիդենտներին, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիներին բանկերի տրամադրած վարկերն ավելացել են 567 մլրդ դրամով, որից 332 միլիարդը բաժին է ընկել հենց հիփոթեքային և սպառողական վարկերին։ Այն կազմել է տեղաբաշխված վարկային միջոցների ավելի քան 58 տոկոսը։
Բանկերի վարկերի երկու ամենախոշոր հատվածները, որոնց բաժին է ընկնում վարկային ընդհանուր պորտֆելի գրեթե կեսը՝ հիփոթեքն ու սպառողական վարկերն են։ Դրանք վարկեր են, որոնք ծանրացած են քաղաքացիների վրա։ Թեև քաղաքացիների վարկային բեռը միայն այդ երկու շուկաներով չի սահմանափակվում։ Այն ավելի մեծ է և ընդգրկում է նաև այլ վարկային շուկաներ։ Ու մինչ բանկերը գերադասում են չնվազեցնել վարկերի տոկոսները՝ տուժում են քաղաքացիները։ Բանկերը միլիոնավոր դոլարների շահույթներ են ստանում, իսկ քաղաքացիները ճռռում են վարկերի բարձր տոկոսների տակ։ Եվ սրան ոչ մի արձագանք չկա։
Ժամանակին վարկառուների «ցավով տառապող» Նիկոլ Փաշինյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները լուռ հետևում են, թե ինչպես են բանկերը կողոպտում քաղաքացիներին ու քաղաքացիների հաշվին հարստանում։
Բանկային համակարգում շահույթների ցուցանիշով, ինչպես վերջին մի քանի տարիներին, առաջինը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի անվան հետ ասոցացվող «Արդշինբանկն» է։ Այս տարվա 9 ամսում «Արդշինբանկը» հասցրել է 82,6 մլրդ դրամի կամ այսօրվա փոխարժեքով ավելի քան 212 մլն դոլարի զուտ շահույթ ստանալ։
Այն կազմել է բանկային համակարգի ընդհանուր շահույթի գրեթե 31 տոկոսը։
Նախորդ տարվա համեմատ «Արդշինբանկի» շահույթներն ավելացել են 25,7 մլրդ դրամով կամ 45 տոկոսով։
Շահույթների մակարդակով չնայած երկրորդն «Ամերիան» է, այնուհանդերձ վերջինիս շահույթները կրկնակի ավելի քիչ են, քան «Արդշինբանկինը»։ Դրանք կազմել են 41,6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 7,3 միլիարդով։
Տարվա առաջին 9 ամիսներին բանկային համակարգում գործող բոլոր բանկերն էլ աշխատել են շահույթով, բայց 3-ի մոտ շահույթներն ավելի քիչ են եղել, քան նախորդ տարի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ