Մինչ համատարած թանկացումների, իշխանությունների նախաձեռնած հարկերի ու տուրքերի, վճարների ավելացումների, ցածր եկամուտների պատճառով ժողովուրդը գնալով աղքատանում է, տնտեսական ակտիվությունը թուլանում է, բանկերն արագորեն հարստանում են։ Հարստանում են՝ բարձր պահելով վարկային տոկոսադրույքները։
Տնտեսությունը մնացել է՝ առևտրի ու ծառայությունների, մի քիչ էլ՝ շինարարության հույսին։ Բայց դրանք հիմք չեն մակրոտնտեսական կայունության համար։ Ֆինանսական կայունությունն է սկսել երերալ, բյուջեի խնդիրներն են գլուխ բարձրացնում, հասարակության սոցիալական վիճակն է սրվում, դժգոհություններն են ավելանում։ Եվ այս համատարած ձախողումների մեջ, փոխարենը հետևություններ անեն ու քայլեր ձեռնարկեն, իշխանությունները գնալով ավելի ինքնագոհ ու ամբարտավան են դառնում։
Բանկերի վարկերի երկու ամենախոշոր հատվածները, որոնց բաժին է ընկնում վարկային ընդհանուր պորտֆելի գրեթե կեսը՝ հիփոթեքն ու սպառողական վարկերն են։ Դրանք վարկեր են, որոնք ծանրացած են քաղաքացիների վրա։ Թեև քաղաքացիների վարկային բեռը միայն այդ երկու շուկաներով չի սահմանափակվում։ Այն ավելի մեծ է և ընդգրկում է նաև այլ վարկային շուկաներ
Այս ամենի պատճառը եղել է իշխանությունների իրականացրած քաղաքականությունը, որը ոչ միայն ռիսկերի առաջ է կանգնեցրել քաղաքացիներին, բանկային համակարգն ու շինարարության ոլորտի մասնակիցներին, այլև երկարաժամկետ կտրվածքով ֆինանսական մեծ բեռ է դրել պետական բյուջեի վրա։