«Ադրբեջանը նախազգուշացնում է Արևմուտքին. գալիք շաբաթները և ամիսները կարող են վճռորոշ լինել Հայաստանի և Վրաստանի համար». Վոյչեխ Վոյտաշևիչ
168.am-ը զրուցել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Արևելյան Եվրոպայի ծրագրի Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Վոյչեխ Վոյտաշևիչի հետ.
– Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Հարավային Կովկասում:
– Հարավային Կովկասում իրավիճակը չափազանց դինամիկ է: Մոտ ապագայում Հարավային Կովկասի երկրները կբախվեն շատ մարտահրավերների: Վրաստանի պարագայում այդ մարտահրավերները հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են, որոնք երկրի համար վճռորոշ կլինեն քաղաքական համակարգի առումով (ժողովրդավարությունն ընդդեմ ավտորիտարիզմի), և արտաքին քաղաքական ուղղությունում (վերադարձ ԵՄ ինտեգրմանը և ավելի սերտ հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի և Չինաստանի հետ մերձեցման):
Բարդ է գնահատել, թե որ քաղաքական ճամբարը կհաղթի՝ կառավարող «Վրացական երազանք» կուսակցությո՞ւնը, թե՞ արևմտամետ ընդդիմությունը, որն ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական բլոկով: Նախընտրական հարցումները հստակ պատասխան չեն տալիս, թե ով կհաղթի ընտրություններում (կախված նրանից, թե ով է դրանք անցկացնում, դրանք ծայրահեղ տարբեր արդյունքներ են ցույց տալիս): Հստակ է, սակայն, որ «Վրացական երազանքն» ամեն ինչ կանի՝ իշխանությունը պահելու համար: Ակնկալում եմ հետընտրական զանգվածային ցույցեր ընդդիմության կողմից, փողոցային առճակատումներ իշխանության և ընդդիմության միջև:
Հայաստանի և Ադրբեջանի պարագայում առանցքային խնդիրը մնում է խաղաղ գործընթացը, որը վերջին ամիսներին փակուղի է մտել: Երկրները միմյանց մեղադրում են այն տորպեդահարելու մեջ: Թվում է, թե Հայաստանն ավելի հետաքրքրված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, քան Ադրբեջանը:
Բաքուն այժմ կենտրոնացած է COP29 համաժողովի անցկացման վրա, որը տեղի կունենա նոյեմբերին: Սա կլինի անկախ Ադրբեջանի պատմության մեջ ամենախոշոր միջազգային իրադարձությունը և երկրի համար լոգիստիկ և կազմակերպչական լուրջ մարտահրավեր է: Բացի այդ, Ադրբեջանի համար մարտահրավեր է մնում Ղարաբաղի վերակառուցումը, որը վերականգնվել է վերջին տարիներին, և միջազգային հանրությանը (և՛ պետություններին, և՛ մասնավոր ներդրողներին) գործընթացին միանալուն խրախուսելը (օգնություն տարածքի ականազերծման առումով, ենթակառուցվածքային ներդրումներ): Մյուս կողմից, Հայաստանը վախենում է իր դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերսկսումից՝ կապված ադրբեջանա-հայկական սահմանի սահմանագծման և սահմանազատման շարունակվող գործընթացի և Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման խնդրի լուծման բացակայության հետ, ներառյալ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը»:
Այս առումով Հայաստանը շարունակում է ուժեղացնել իր Զինված ուժերը՝ Ֆրանսիայից, Հնդկաստանից և այլ երկրներից զենք ձեռք բերելով: Բացի այդ, Հայաստանի համար շարունակվում է մարտահրավեր մնալ արտաքին քաղաքականությունը՝ մինչև այժմ եղած պրոռուսական կուրսից դեպի պրոարևմտյան կամ բազմավեկտոր հարաբերությունների հաստատում (հարաբերությունների ամրապնդում ԵՄ-ի և ԱՄՆ-ի, բայց նաև Իրանի հետ, չկա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու վերջնական որոշում): Սա չափազանց բարդ խնդիր է, քանի որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը չլքի իր ազդեցության գոտին, ինչպես Վրաստանի պարագայում:
Ամփոփելով, գալիք շաբաթները և ամիսները կարող են վճռորոշ լինել Հայաստանի և Վրաստանի ապագայի և դիրքավորման առումով: Մյուս կողմից, Ադրբեջանը կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում, ինչի նշանն է Արևմուտքի նկատմամբ երկրի հաստատական վերաբերմունքը, Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների հավասար պայմաններում զարգացումը, ինչպես նաև ԲՐԻԿՍ+-ին միանալու ծանուցումը, որն ըստ Ադրբեջանի իշխանությունների ակնկալիքների՝ կամրապնդի Ադրբեջանի կարևորությունն աշխարհում և դրականորեն կազդի նրա տնտեսական զարգացման վրա (առևտրային հնարավորությունների ամրապնդում ԲՐԻԿՍ+-ի անդամ երկրների հետ):
– Կարծիքներ կան, որ Ադրբեջանը փորձում է սուբ-հեգեմոն պետություն դառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ինչպես նշեցիք՝ արդեն ծանուցել է ԲՐԻԿՍ-ին միանալու մասին (ի դեպ, Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո), իսկ 2024-ի հուլիսին Ադրբեջանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերության վերաբերյալ հուշագիր ստորագրեցին: Արևմտյան երկրների համար ինչպիսի՞ մարտրահրավերներ եք տեսնում Չինաստանի և Ռուսաստանի հետ Ադրբեջանի խորացող համագործակցությունից:
– Ամրապնդելով հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ, ինչպես նաև հայտարարելով ԲՐԻԿՍ+ հարթակին միանալու մասին՝ Ադրբեջանը հասկացնում է Արևմուտքին, որ դա իր արտաքին քաղաքականության միակ ուղղությունը չէ։ Այս գործողությունը համահունչ է ադրբեջանական ավանդական բազմավեկտորիզմի քաղաքականությանը, այսինքն՝ պահպանել ճիշտ հարաբերություններ և համագործակցել բոլոր գործընկերների հետ, եթե դա ձեռնտու է Ադրբեջանին։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանի վերջին մերձեցումը Ռուսաստանի և Չինաստանի հետ (նմանատիպ ռազմավարական գործընկերության համաձայնագիր մեկ տարի առաջ Չինաստանը ստորագրել էր Վրաստանի հետ) նախազգուշացում է՝ ուղղված Արևմուտքին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ Ադրբեջանը կարող է կրճատել համագործակցությունը, հատկապես՝ տնտեսական բնույթի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, քանի որ նա ունի այլընտրանքային գործընկերներ:
Հետևաբար՝ ԵՄ-ն պետք է հրաժարվի Ադրբեջանի իշխանություններին քննադատելու ցանկացած մտքից՝ կապված ժողովրդավարության մշտական խախտումների (ոչ մրցակցային խորհրդարանական և նախագահական ընտրություններ, դե ֆակտո ընդդիմության լիկվիդացում) և մարդու իրավունքների հետ (ազատ կրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպան ակտիվիստների հետապնդում), կամ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելուց: Ադրբեջանը կարծես թե ասում է՝ եթե անգամ մենք ուժ գործադրենք Հայաստանի նկատմամբ՝ սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում, չհամարձակվեք մեր նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառել կամ հրաժարվել մեր բնական պաշարների՝ նավթի և գազի գնումից, որովհետև կարող ենք ձեռք բերել ալտերնատիվ հաճախորդներ, ինչպես նաև հնարավոր կորուստները փոխհատուցել Չինաստանի և ԲՐԻԿՍ+-ի այլ անդամների ներդրումներով:
Ադրբեջանը հույս ունի, որ այդ հարթակում մասնակցությունը նրան հնարավորություն կտա զարգացնել իր տրանսպորտային ենթակառուցվածքները և ինտեգրել այն միջազգային տրանսպորտային միջանցքային համակարգին, ինչպես նաև հնարավորություն կտա զարգացնել այլ՝ ոչ հանքային տնտեսության ոլորտներ: Ավելին, հենց ԵՄ-ն է կարիքի մեջ, երբ խոսքը գնում է բնական ռեսուրսներ գնելու այլընտրանքային ուղիների մասին՝ հրաժարվելով դրանք Ռուսաստանից ներմուծելուց՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայից հետո:
Փաստացի, Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ սուբյեկտային պետությունն է, որը կարող է հավասարը հավասարի հետ խոսել արտաքին այնպիսի դերակատարների հետ, ինչպիսիք են ԵՄ-ն և Ռուսաստանը: Դա պայմանավորված է նրա տնտեսական հզորությամբ (բնական ռեսուրսներով հարուստ երկիր, որոնք նրա եկամուտների հիմնական աղբյուրն են), ինչպես նաև ռազմական, աշխարհաքաղաքական հզորություն (Իսրայելի և Թուրքիայի կողմից պատրաստված և վերազինված ուժեղ բանակ, հաղթանակ, այսպես կոչված՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում և երեք տասնամյակ անց Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության վերականգնում): Դրան զուգահեռ՝ Հայաստանը և Վրաստանը տարածաշրջանային և գլոբալ տերությունների խաղի մեջ մնում են ոչ թե սուբյեկտներ, այլ օբյեկտներ:
– Վերջին ամիսներին Ադրբեջանն անընդհատ անհանգստություններ է հայտնում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև խորացող ռազմական համագործակցության վերաբերյալ, բայց դա իրականությանը չի համապատասխանում, և Բաքվում ԱՄՆ դեսպանն էլ էր խոսել այդ մասին: Հայաստանում քննարկումներն այն մասին են, որ Ադրբեջանը կարող է նոր պատերազմ սկսել ընդդեմ Հայաստանի, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք»-ը ռազմական ուժով ստանալու համար, և դրանում պատասխանատու կարգել Միացյալ Նահանգներին: Նման սցենարի հնարավորություն տեսնո՞ւմ եք, թե՞ Ադրբեջանի հայտարարություններն այլ նպատակով են արվում:
– Այս ամառ Հայաստանի տարածքում տեղի ունեցավ հայ-ամերիկյան զորավարժություն՝ «Արծիվ գործընկեր-2024» ծածկանունով։ Սա Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման և Ռուսաստանից հեռանալու տարրերից մեկն էր (այլ օրինակներ են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամության սառեցումը, «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը): Այս տարվա գարնանը Հայաստանը հյուրընկալել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին (ավելի լայն ուղևորություն՝ տարածաշրջանի երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան և Վրաստան):
Հայաստանը, այսպես կոչված, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում պարտվելուց և իր վաղեմի «դաշնակից» Ռուսաստանի վերաբերմունքից հիասթափվելուց հետո, սկսել է վերակողմնորոշել իր արտաքին քաղաքականությունը և փնտրել իր անվտանգության նոր երաշխավորներ՝ թշնամական հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Մինչ օրս, սակայն, Հայաստանը բացահայտորեն չի հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին, որի գլխավոր հենասյունը Միացյալ Նահանգներն են: Հայաստանը նախ պետք է դուրս գար ՀԱՊԿ-ից և դուրս բերեր իր տարածքում գտնվող ռուսական ռազմաբազաները, ինչպես նաև վերահսկողության տակ վերցներ Թուրքիայի և Իրանի հետ իր սահմանները (այժմ այնտեղ տեղակայված են ռուս սահմանապահները):
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը խոստացել է օգնել Հայաստանին արդիականացնել բանակը (վարժություններ, վարժանքներ, խորհրդատվություն): Այդ նպատակով նրանք պետք է հատկացնեն 350 մլն դոլար։ Սակայն այս համագործակցությունը չի ներառի ռազմական տեխնիկայի մատակարարում, ինչը վերջին տարիներին Հայաստանը հիմնականում ներմուծում է Հնդկաստանից և Ֆրանսիայից: Սա չի փոխում այն փաստը, որ այդպիսի հայտարարությունները ենթարկվեցին քննադատության և կոշտ դիմադրության արժանացան Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից: Վերջինս Հայաստանին մեղադրում է ռազմականացման մեջ՝ հետագայում Ղարաբաղը հետ վերցնելու համար: Բացի ԱՄՆ-ից, Ադրբեջանի քննադատության թիրախում են նաև Հնդկաստանը և Ֆրանսիան (Ադրբեջանը դուրս եկավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո գործող միջնորդությունից Ֆրանսիայի հայամետ դիրքորոշման պատճառով):
Սակայն Հայաստանի ռազմական ներուժի հզորացումը, ըստ իս, պայմանավորված է ոչ այնքան հարձակողական ծրագրերով, այլ ավելի շուտ պաշտպանական, այսինքն՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նախապատրաստությամբ, եթե խաղաղ պայմանագիր չստորագրվի, և Ադրբեջանը ցանկանա ուժով վերցնել ադրբեջանա-հայկական սահմանի երկայնքով վիճելի որոշ տարածքներ կամ բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը»։ Հայաստանը չնայած ցանկանում է Ադրբեջանի հետ խաղաղություն և երկկողմ հարաբերությունների կարգավորում՝ խաղաղության պայմանագրի միջոցով, միաժամանակ պատրաստվում է հետ մղել ադրբեջանական հնարավոր ագրեսիան՝ խաղաղ գործընթացի ձախողման դեպքում։
– «3+3» ձևաչափի երրորդ հանդիպումը տեղի ունեցավ նախորդ շաբաթ Թուրքիայում: Ձեր դիտարկմամբ՝ որանո՞վ է այդ ձևաչափը կենսունակ, հաշվի առնելով Վրաստանի դիրքորոշումը, և արդյո՞ք ռուս-վրացական հարաբերությունները կփոխվեն Վրաստանում կայանալիք ընտրություններից հետո:
– Իմ դիտարկմամբ, 2021 թվականի դեկտեմբերին Հարավային Կովկասի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախաձեռնած «3+3» ձևաչափը փորձ է առնվազն համախմբել և երկարաժամկետ հեռանկարում ուժեղացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի դիրքերը, և սահմանափակել ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործունեությունը Հարավային Կովկասում: Հայաստանն իր թուլության և միջազգային մեկուսացման պատճառով (փակ սահմաններ և երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերությունների բացակայություն իր հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ) ստիպված է մասնակցել այս ձևաչափին։ Ադրբեջանը, ելնելով իր հզորությունից և սուբյեկտայնությունից, այս ձևաչափին վերաբերվում է՝ որպես իր միջազգային դիրքի ամրապնդման և հարևան Հայաստանի վրա ազդեցություն գործադրելու բազմաթիվ գործիքներից մեկի։
Մինչ այժմ Վրաստանը հետևողականորեն հրաժարվում է մասնակցել՝ նշելով, որ չի մասնակցի Ռուսաստանի մասնակցությամբ բազմակողմ քննարկումներին. Ռուսաստանը մի երկիր է, որի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Վրաստանը չունի 2008 թվականից ի վեր և որը զբաղեցնում է իր տարածքի մոտ 20%-ը (Աբխազիա և Հարավային Օսիա): Սակայն չի կարելի այս հարցում Վրաստանի կառավարության մոտեցման փոփոխությունը բացառել, եթե «Վրացական երազանք»-ը պահպանի իշխանությունը: Սա կարող է լինել Վրաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր վերակողմնորոշման և վրաց-ռուսական հարաբերությունների վերաբացման մի տարր:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխող կուսակցության առաջնորդները բազմիցս շեշտել են, որ իրենց անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն՝ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Այդ կապակցությամբ խոսակցություններ կային, որ, ցավոք սրտի, Ռուսաստանը Վրաստանին ոչ պաշտոնապես օգնություն է առաջարկում Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված խնդիրները լուծելու համար, որ Վրաստանը ճանաչի նրանց անկախությունը, իսկ հետո նրանց հետ կոնֆեդերացիա ստեղծի: Վրաստանի իշխանությունները հերքել են նման լուրերը, սակայն չի կարելի բացառել, որ Ռուսաստանն ու անջատողական հանրապետությունները մոտ ապագայում որոշակի զիջումների կգնան՝ Արևմուտքի (ԵՄ և ՆԱՏՕ) հետ Վրաստանի ինտեգրման փաստացի սառեցման դիմաց: Վրաստանի միանալը «3+3» ձևաչափին, անշուշտ, դրական ազդեցություն կունենա դրա արդյունավետության վրա: