Ալեն Սիմոնյանի «հաղորդումը» Հայաստանի դեմ
Օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» տված հարցազրույցում ընդունել է՝ «որևիցե խաղաղության պայմանագիր երբևիցե խոչընդոտ չի եղել պատերազմ սկսելու համար»:
Իսկ հակադարձմանը, որ Տավուշում՝ «դեմարկացված և դելիմիտացված սահմանը փաստացի չի երաշխավորում, որ հետագայում գործընթացը նույն կերպ կշարունակվի», ԱԺ նախագահն արձագանքել է.
«Խոսելու առումով եթե ինչ-որ մեկն ուզենա մի բան անել, ոչ մի սյուն, բնական է, չի կանգնեցնի, բայց բնական է՝ ոչ մի մեծ դիրք էլ երբևիցե պատերազմի ժամանակ չի կանգնեցրել, բայց ինձ համար շատ ավելի լավ է ունենալ ֆիքսված սահման, ես դա ընկալում եմ շատ ավելի ամուր պատնեշ հնարավոր հարձակման պարագայում, քան լավ դիրք»:
Այսինքն, Ալեն Սիմոնյանը խոստովանում է՝ Ադրբեջանն այդ սյուներին չի նայելու, եթե նպատակահարմար գտնի հարձակվել Հայաստանի կամ հենց նույն Տավուշի բնակավայրերի վրա՝ իր այս կամ այն պահանջի կատարմանը հասնելու համար:
Բայց միևնույն է՝ Հայաստանի ԱԺ նախագահի համար Ադրբեջանի պահանջով Տավուշում պիլոտային սահմանազատման և սահմանագծման արդյունքում կանգնեցված սյուներն ավելի գերադասելի են, քան ամուր պաշտպանական դիրքերը, որոնք կոնկրետ դեպքում առկա էին Տավուշում:
Բնականաբար, հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Ալեն Սիմոնյանը, առհասարակ, Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ոգևորությամբ ընդունում հուլիսյան մարտերի արդյունքը, դիրքային բարելավումները դեռ 2019 թվականից և տեղի բնակչության անվտանգությունը կապում համապատասխան օպերացիաների հետ:
Ստացվում է՝ նախկինների դիրքերը կարողացել են անվտանգություն ապահովել և առնվազն Տավուշում թույլ չտալ Ադրբեջանի առաջխաղացումը: Սա՝ առաջին: Երկրորդ՝ մյուս կողմից, եթե իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն ու իր վարչակազմն է, ապա ամենաամուր դիրքերի առկայությունը չի կարող անգամ կանխել պատերազմը կամ այդտեղ հաղթանակ ապահովել, ինչի ականատեսը եղանք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանն ինքն է ընդունել, որ շատ հատվածներում իրենց դժվար է եղել ճեղքել պաշտպանական գիծը, երբ գերակա դիրքը հայկական կողմում է եղել, բայց Հայաստանը պարտվել է: Ադրբեջանը մինչև հիմա «Օհանյանի գծից» է խոսում, տեղի կահավորումից և ինժեներական լուծումներից: Այսինքն, այս ամենը տեղի է ունենում այն տրամաբանության մեջ, ինչի մասին Փաշինյանը խոսել էր դեռ 2022 թվականին. «Քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ, խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների և ոչ թե՝ դիրքերի, ֆորտիֆիկացիայի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու միջոցով»:
Բայց սա զուտ ինչ-ինչ արձանագրումների համար, իրականում Նիկոլ Փաշինյանն էլ է արդեն վաղուց ընդունում՝ Խաղաղության պայմանագիրը չի կանխելու հնարավոր պատերազմը, բայց միևնույն է՝ պետք է օր առաջ ստորագրել այդ փաստաթուղթը:
ԱԺ նախագահի հիմնավորումն այս հարցում, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի՝ լեգիտիմության մասին պնդումների տրամաբանության մեջ է:
«Որովհետև մեր տղաներն էլի կկանգնեն, էլի կպաշտպանեն մինչև վերջ, բայց երբ որ դու դիմացինին զրկում ես լեգիտիմությունից գործողություն անելու, դա շատ ավելի կարևոր է այսօրվա աշխարհում, քան երբևէ»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Սիմոնյանը:
Եվ ոչինչ, որ աշխարհում այսօր, առավել քան երբևէ, ուժն է ծնում իրավունք, և հետո գործող իշխանության տրամաբանությամբ՝ մենք ընդամենը կարողանալու ենք ասել՝ Բաքվի հնարավոր հարձակումը Հայաստանի դեմ լեգիտիմ չէ, որովհետև եթե սյուները չեն կանխում պատերազմը, նշանակում է՝ դու իրականում Բաքվին գուցե դե յուրե զրկում ես պատերազմական գործողություններ անելու իրավունքից, բայց ոչ գործնական հնարավորությունից, մինչդեռ հենց վերջինն է կարևոր:
Իսկ իր վերը նշված պնդման համատեքստում Ալեն Սիմոնյանն ավելի վտանգավոր ձևակերպում է արել.
«Տեսեք, օրինակ, մենք շատ նեղսրտում էինք, երբ որ երկրորդ ղարաբաղյան պատերազմը սկսվեց, թե ինչի աշխարհը մեր ուզած ձևով չէր արձագանքում այդ պատերազմին։ Իսկ պատճառը նաև լեգիտիմության պակասն էր, մեր կողմի լեգիտիմության պակասն էր: Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»:
Այսինքն, Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարն ադրբեջանական գործողություններն արդարացնում է նույն հիմնավորմամբ, ինչ Ադրբեջանը:
Եվ ոչինչ, որ միջազգային իրավունքի մասնագետներն ապացուցում են, որ «միջազգային իրավունքի համաձայն՝ անկախ այդ պետության ճանաչումից, ՄԱԿ-ի անդամ լինել-չլինելու հանգամանքից, այդ պետությունը՝ տվյալ դեպքում Արցախը, գտնվում էր միջազգային իրավունքի պաշտպանության ներքո այն առումով, որ նրա նկատմամբ իրավունք չկար ուժ կիրառելու, ինչը տեղի ունեցավ Արցախում»: Դեռ մի կողմ ենք դնում 1994 թվականի մայիսի 12-ի անժամկետ հրադադարի պայմանագիրը:
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի 4 բանաձևերին, մեկ անգամ չէ, որ 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, լուսահոգի Վլադիմիր Կազիմիրովն ասել, որ ՄԱԿ-ի 4 բանաձևերը հենց Ադրբեջանը չի կատարել:
«Նրանք բոլորը տապալված են, չեն իրագործվել: Իսկ ո՞ւմ կողմից չեն իրագործվել` Ադրբեջանի: 1993 թ գարնանը հայերը գրավեցին Քելբաջարը: Այս գործողության հաջողությունը հայերին Լաչինի միջանցքից բացի, ապահովեց Ղարաբաղը և Հայաստանը կապող ևս մեկ ուղիով: Դրանից հետո Ադրբեջանը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որ այս հարցը քննարկի Անվտանգության Խորհուրդը:
ԱԽ-ն 1993թ. ապրիլի 30-ին ընդունում է Լեռնային Ղարաբաղի հարցով 822-րդ բանաձևը: Բաքուն ակնկալում էր, որ բանաձևն իր մեջ կներառի զբաղեցած ադրբեջանական տարածքներն ազատելու վերաբերյալ հայերին ուղղված պահանջ: Սակայն ադրբեջանական կողմը հաշվի չէր առել, որ փաստաթղթում այս պահանջին կնախորդի կարևորագույն պահանջ` անմիջապես դադարեցնել կրակը, ռազմական գործողությունները և նույնիսկ «թշնամական գործողությունները»:
Իսկ ի՞նչ են իրենից ներկայացնում «թշնամական գործողությունները»: Դա հայկական տարածքների էներգետիկ, տնտեսական, տրանսպորտային շրջափակումն է: Այ սա Բաքուն չէր սպասում: Իսկ դա բոլոր չորս բանաձևերում կարևորագույն պահանջն է` կրակի դադարեցումը:
Սակայն Ադրբեջանը դեռևս պատրանքների մեջ էր, որ կկարողանա հաղթել հայերին ուժով: Նրա ներուժը, իհարկե, ավելի զգալի կամ պատկառելի է`և՛ տարածքով, և՛ բնակչությամբ, և՛ զինվածությամբ, այն պատճառով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանին բաժին էր հասել ավելի շատ ռազմական գույք, քան Հայաստանին: Օրինակ, Աղդամի պահեստները Անդրկովկասում խորհրդային բանակի ռազմավարական պաշարներն էին: Ադրբեջանում կա շուրջ 16 օդանավակայան, իսկ Հայաստանում` միայն 2-3-ը: Սակայն միայն ներուժը բավարար չէ հաղթանակի համար: 822-րդ բանաձևի ընդունումից հետո ես համոզեցի ամերիկացիներին և նույնիսկ թուրքերին:
Եվ մենք` երեքով`Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Թուրքիան, գրավոր հարցով դիմեցինք հիմնախնդրի բոլոր երեք կողմերին. «Պատրա՞ստ եք դուք 822-րդ բանաձևի լիակատար կատարման»: Երևանն ու Ստեփանակերտը տվեցին իրենց համաձայնությունը, Բաքուն նախընտրեց ընդհանրապես չպատասխանել, որովհետև նա հույս ուներ, այդուամենայնիվ, հաղթանակ տանել: Այդ իսկ պատճառով պատերազմը չէր դադարում: Եվ Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձևերը փաստացի արժեզրկվեցին: ԱԽ-ն արդեն չէր ցանկանում ընդունել հինգերորդ բանաձևը, քանի որ դա խաթարում էր նրա հեղինակությունը, նա ընդունում է բանաձևեր, իսկ դրանք չեն կատարվում: Դրա համար էլ, երբ մենք աշխատում էինք զինադադարի համաձայնագրի վրա, մենք չէինք կարող աշխատել Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա: Մենք ստիպված էինք մեր համար ստեղծել այլ հիմք»,- 2016 թվականին «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին տված հարցազրույցում մանրամասնել էր Կազիմիրովը:
Այս ամենի մասին Ալեն Սիմոնյանը չգիտի՞, ինչո՞ւ նա և Փաշինյանի վարչակազմը չի պնդել Ադրբեջանին վերադառնալ 1994 թվականի անժամկետ հրադադարի համաձայնագրի բնույթին: Ինչո՞ւ են նրանք լեգիտիմացնում Ադրբեջանի գործողություններն Արցախի դեմ՝ դրանով իսկ լեգիտիմացնելով Ադրբեջանի փոխհատուցման պահանջը՝ Հայաստանին ներկայացված:
Եթե մի պահ ընդունենք, որ Ադրբեջանն ուներ լեգիտիմ իրավունք Արցախի դեմ հարձակվելու, ապա ինչո՞ւ էր Հայաստանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին շտապում ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարել, ինչո՞ւ չէր առաջին իսկ օրերին կանգնեցնում պատերազմը, ինչո՞ւ էր նույն Ալեն Սիմոնյանը նույն «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարում հետևյալը.
«Բայց մենք ունենք երկու ընտրություն` «Լավրովի պլանն է», որը Ալիևը հնչեցնում էր, որ վերադարձվում է, «ազատագրվում է» 5 շրջանը, հետո երկուսը, իսկ Արցախի կարգավիճակը մնում է հետագա քննարկումների վրա: Սա ինձ համար անընդունելի է, որովհետև դրան հաջորդելու է Մեղրին, դրան հաջորդելու է Երևանը, և այլևս հայ ազգ, որպես այդպիսին, գոյություն չի ունենալու: Սա մեզ համար անընդունելի տարբերակ է եղել ի սկզբանե, ու ցավոք սրտի, այս պլանը մինչև օրս բերվել, հասցվել է և դրվել է սեղանին այն մակարդակի, որ այսօր դա քննարկման առարկա է դարձել: Երկրորդ տարբերակն այս պատերազմում բեկում մտցնելն է, որի հնարավորությունը մենք ունենք, միակ ձևը՝ պարտադրել խաղաղությունն է, և դա մենք կարող ենք անել: Եվ մեր համաքաղաքացիներն այս երկու տարբերակի մեջ պետք է ընտրություն կայացնեն: Մեր թիմի համար ընտրությունն ակնհայտ է»:
Պատերազմից 4 տարի անց Ալեն Սիմոնյանը կարո՞ղ է ասել՝ ինչո՞ւ չկարողացան խաղաղություն պարտադրել, ինչի՞ հիման վրա էր ասում, որ կարող ենք, եթե արդեն հոկտեմբերի 6-10-ն ընկած հատվածում շատ բան արդեն պարզ էր, իսկ այս հարցազրույցը տեղի է ունեցել 2020-ի հոկտեմբերի 16-ին, երբ Արցախն արդեն տարածքային լուրջ կորուստներ ուներ, իսկ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության նախագահին խնդրել էր պատասխանել՝ «ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի»: Այլ հարց է, որ պատերազմն այդ խնդրանքից հետո դեռ 30-31 օր շարունակվել է:
Իսկ Ալեն Սիմոնյանը կարո՞ղ է նաև պատասխանել՝ ինչո՞ւ Արցախի ստորագրությունը չկա 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության տակ, որը վերջին օրերին Փաշինյանի աշխատակազմից սկսել են համարել հրադադարի փաստաթուղթ, ինչի մասին 168.am-ը բազմիցս է գրել։ Իսկ գործող իշխանություններն այս դեպքում առավել քան երբևէ պետք է պարզաբանում տան՝ ինչո՞ւ չկա Արցախում պատերազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության տակ Արցախի ստորագրությունը, ինչո՞ւ են այդ փաստաթղթով առանց կրակոցի տարածքներ հանձնել, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խախտել եռակողմի առաջին կետը՝ «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», և այլն:
Ի դեպ, հետաքրքիր է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանի իշխանությունները հրապարակավ խոսում են, որ խաղաղության պայմանագիրը չի կարող կանխել հնարավոր պատերազմը, բայցև իրավական լեգիտիմ հիմքերի մասին են խոսում: Տարբերությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է ստանալ իրավական առումով ամուր փաստաթուղթ, որպեսզի ՀՀ հաջորդ իշխանությունները պահանջներ չունենան, և քանի դեռ դրան չեն հասել՝ ավելացնում են իրենց բանակի հզորությունը, որպեսզի հետո խնդիրներ չունենան, ինչպես մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր Ալիևը, սրանով իսկ, ըստ էության, անուղղակի ձևով ցույց է տվել, որ պատերազմական գործողությունների իրավունք չունեին Արցախի դեմ, կամ Հայաստանը հետագայում պահանջներ դնելու լեգիտիմ իրավունք ունի:
Ի՞նչ է կարծում Հայաստանի դեմ «հաղորդում տվող» Ալեն Սիմոնյանը, ՀՀ սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագրին հղումը վերացնելու Ադրբեջանի պահանջը լեգիտի՞մ է, կամ դրա չկատարման դեպքում Հայաստանի վրա հարձակվելը լեգիտի՞մ է համարվելու: Չմոռանանք, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, որից չի պատրաստվում դուրս գալ, Հայաստանն էլ ուժով դուրս հանելու մտադրություն չունի, իսկ թե ինչ կարող է լինել այդ տարածքների հետ, երբ դա ՀՀ իշխանությունները փորձելու են ստանալ սահմանազատման գործընթացով, ավելորդ է ասել:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը խոստովանել է, որ այլևս «զիջելու տեղ չկա», այսինքն՝ խոստովանում է, որ մինչև հիմա զիջել են, և հիմա փորձում է մխիթարել՝ հավելյալ զիջումներ չեն լինի, իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացը դեռ չի մոտեցել իր վերջնագծին: