Արցախն իր հռչակումից մինչև օրս գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո. Վարդան Պողոսյան

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմնախնդիրը իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովում սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը «ԼՂ Հանրապետության հռչակման իրավական հիմքերը» վերտառությամբ իր ելույթ-զեկույցում նշել է, որ իրավական հիմնական հիմքը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքն է, և հենց դա է դրվել ԼՂՀ անկախության հռչակման հիմքում: Ընդ որում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է եղել՝ ինչպես խորհրդային իրավունքում, այնպես էլ՝ մինչև հիմա ամրագրված է միջազգային իրավունքում:

Սահմանադրագետի խոսքով, այսօրվա պատերազմական ալեկոծումների մեջ գտնվող աշխարհում, որտեղ միջազգային իրավունքը կարծես թե դեր չի խաղում, շատերի համար ինքնորոշման իրավունքը կարող է աբստրակտ հասկացություն թվալ, սակայն Արցախի պարագայում հաջողվել էր ընտրել ճիշտ իրավական հիմք և հասնել այնպիսի մակարդակի, որն ինքնորոշման իրավունքի տեսանկյունից յուրօրինակ է ամբողջ համաշխարհային պատմությունում:

«Ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի դոկտրինայում և երկրների միջազգային պրակտիկայում չի դիտարկվում անմիջականորեն որպես տվյալ պետության տարածքից անջատվելու իրավունք: Կան նման մոտեցումներ դոկտրինալ, որ ինքնորոշման իրավունքը ներառում է անջատման իրավունքը: Բայց դա միջազգային իրավական պրակտիկայում և առավելևս միջազգային դոկտրինայում համընդհանուր ճանաչում ունեցող մոտեցում չէ, ինչը հաստատվեց Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքում»,- մանրամասնել է նա՝ միաժամանակ հավելելով, որ միջազգային դատարանը շատ հստակ արձանագրել է, որ անկախության հռչակումն ինքնին չի հակասում միջազգային իրավունքին:

«Արցախի պարագայում մենք ունենք առաջին հիմքը՝ ինքնորոշման իրավունքը խորհրդային իրավունքի և միջազգային իրավունքի համատեքստում, և երկրորդը, որ ցանկացած ժողովուրդ, եթե կարողանում է դառնալ անկախ և անջատվել արդեն գոյություն ունեցող պետությունից, գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո: Արցախի Հանրապետությունն իր հռչակման օրվանից մինչ այժմ գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո: Եվ միջազգային իրավունքի համաձայն՝ անկախ այդ պետության ճանաչումից, ՄԱԿ-ի անդամ լինել-չլինելու հանգամանքից, այդ պետությունը գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո այն առումով, որ նրա նկատմամբ իրավունք չկա կիրառել ուժ, ինչը տեղի ունեցավ Արցախում»,- շարունակել է Վարդան Պողոսյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս