Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոցեսն օրգանիզմում
Սննդակարգում մանրաթելերով և հակաօքսիդանտներով հարուստ մրգեր ներառելը օգնում է նվազեցնել օրգանիզմում քրոնիկ բորբոքումների մակարդակը, ասում է սննդաբան Տրիստա Բեսթը: Նրա խոսքերը մեջբերում է Eat This, Not That-ը։
Մասնագետի խոսքով՝ բորբոքումն իմունային համակարգի բնական ռեակցիան է, սակայն քրոնիկական բորբոքումը կարող է հանգեցնել սրտի հիվանդության, 2-րդ տիպի շաքարախտի և նույնիսկ քաղցկեղի։ Ռիսկերը նվազագույնի հասցնելու համար նա կոչ է արել մարդկանց հնարավորինս շատ մրգեր և հատապտուղներ ուտել: Ըստ shantnews-ի՝ նշվում է հապալասը, ելակը, ազնվամորին և մոշը որպես մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքումն օրգանիզմում: Դրանք հարուստ են հակաօքսիդանտներով, վիտամին C-ով։
Դիետոլոգի կարծիքով՝ արքայախնձորն անպայման պետք է ներառել սննդակարգում։ Այս արևադարձային միրգը պարունակում է բրոմելայն՝ հզոր հակաբորբոքային հատկություններով ֆերմենտ, որն օգնում է նվազեցնել այտուցը: Արքայախնձորը նաև վիտամին C-ի աղբյուր է, որն ամրացնում է իմունային համակարգը, հավելել է մասնագետը։
Ավոկադոն, որը հարուստ է վիտամին E-ով, նույնպես օգնում է նվազեցնել բորբոքումը, շարունակել է Բեսթը: Բացի այդ, այս մթերքը օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և բարենպաստ ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա:
Բեսթը ասում է, որ վիտամին C-ի հիանալի աղբյուր են նարինջը և այլ ցիտրուսային մրգերը: Ընդամենը 500 միլիգրամ վիտամին C օրական երկու անգամ ընդունելը կօգնի նվազեցնել բորբոքումը և ամրապնդել իմունային համակարգը: