Փաշինյանին բանակում տիրող իրավիճակը չի հետաքրքրում. թիրախում դարձյալ միայն Պաշտպանության նախարարն է. Խորքային ի՞նչ խնդիրներ կան, որոնք անտեսվում են

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին,  ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասնել էր զինվորի մահվան հանգամանքները:

«Ձևավորված քննչական խմբի կողմից իրականացված վարութային գործողություններով պարզվել է, որ հերթապահության կրման հետ կապված խնդիրների պատճառով վերջինս՝ որպես հերթապահող հերթափոխի պետ, իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Վ Հարությունյանի նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք, մի քանի անգամ նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ արել, հարվածներ հասցրել։

Վահե Հարությունյանը, հայտնվելով անելանելի վիճակում, կրակային դիրքից որոշակի հեռավորության վրա, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց արձակելով իր գլխին՝ ինքնասպան է եղել։

Կարդացեք նաև

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ծառայակցին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում  է ՔԿ հաղորդագրության մեջ:

Իսկ հոկտեմբերի 13-ին հերթական մահվան դեպքն է արձանագրվել. ժամը 09:30-ի սահմաններում հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, հրազենային վիրավորումը կզակի շրջանում է, և նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ կատարվածի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հոդվածը գրելու պահին այս դեպքով այլ բան հայտնի չէր:

Նման դեպք արձանագրվել էր նաև  սեպտեմբերի 2-ին. ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է նրա ծառայակիցը:

Բնականաբար, ընթացիկ տարվա ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերն այսքանով չեն սահմանափակվում: Եվ պատճառների շարքում դիրքերում քնելու խնդիրն է, իսկ, առհասարակ, բանակում առկա արատավոր և գողական բարքերը, որոնք այսօր արմատներ են գցել նաև դպրոցներում:

Իսկ մեկ ամիս առաջ 168.am անդրադարձել էր դիրքում քնելու պատճառով սպանության և ինքնասպանության դեպքերի խորքային խնդիրներին: Առանձնացրել էինք մի քանի խնդիրներ, որոնք պետք է դառնան հետագա ուսումնասիրությունների առարկա:

Օրինակ, ո՞ր բանակային կորպուսում կամ զորամիավորումում են դիրքում քնելու պատճառով դեպքեր հաճախակի լինում, մարտական հերթապահությունն այստեղ ի՞նչ լարվածությամբ է անցնում՝ հակառակորդի դիրքերի մոտ լինելու կամ հաճախակի թիրախավորման պատճառով, մարդկային ռեսուրսի խնդիրն այստեղ որքանո՞վ է սուր, սրան գումարած՝ սպայական անձնակազմին առնչվող մի շարք հարցեր՝ տարիքային, կրթական ցենզի, և այլն:

Մյուս կողմից, անկախ ամեն ինչից, սպան կամ ծառայակիցը պետք է դիրքում ավելի զգուշավոր լինեն մեկ այլ զինծառայողի դիտողություն անելիս, իսկ դիրքում քնած զինվորը տվյալ պահին պետք է հաշվի առնի անվտանգային մի շարք ռիսկեր և փորձի մտածել՝ գուցե այդ պահին սպան էմոցիոնալ դիտողություն է անում իրեն՝ իր իսկ անվտանգության մասին մտածելով: Բնականաբար, այդ դիտողությունը չպետք է լինի վիրավորական և նվաստացնող:

Այս ամենը ենթադրում է զորամիավորումների և զորամասի ղեկավարության, պատասխանատուների կողմից բավականին հետևողական աշխատանք և՛ զինվորների, և՛ կրտսեր սպաների հետ, որոնց տարիքային տարբերությունը շատ մեծ չի լինում:

Մարդկային ռեսուրսի խնդրի առումով պետք է նշել, որ զինվորի բավարար քունը կախված է անձնակազմի քանակից:

Մեր տեղեկություններով, զինվորը 2 ժամ դիրքում է, 2 ժամ՝ առույգ հերթափոխում, որից հետո նախատեսված է 2-4 ժամ քուն՝ կախված անձնակազմից: Այսինքն, մի տեղ զինվորը հնարավորություն ունի 2 ժամ քնելու, մի տեղ՝ 4:

Նշվածին կարող ենք ավելացնել մեկ այլ հարց՝ արդյո՞ք իրեն հասանելիք քնի ժամը զինվորն իր նպատակին է ծառայեցնում, թե՞ այլ բանով է զբաղվում:

Այսինքն, ցանկացած խնդրի պետք է խորքային և համապարփակ մոտենալ, հասկանալ՝ դիրքում քնի խնդրում ո՞ր հարցերն են հրատապ լուծում պահանջում: Այլապես միայն արձանագրել, որ մարտական դիրքում քնելու պատճառով եղավ սպանության կամ ինքնասպանության հերթական դեպքը, դա հարցի լուծում չէ: Ի դեպ, այս խնդրի լուծման համատեքստում պակաս կարևոր չէ այն հարցը, թե այսօրվա անվտանգային մարտահրավերներին որքանո՞վ են ժամանակին համահունչ մեթոդներով դիմակայում, այդ թվում՝ ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործումը:

Շատ կարևոր է բանակին առնչվող խնդիրներին մոտենալ անաչառ, այսինքն՝ չի կարող միշտ ճիշտ լինել զինվորը, և չի կարող միշտ ճիշտ լինել սպան, իհարկե, սպայի և հրամանատարական կազմի պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, բայց զինվորն էլ իր պարտականություններն ունի:

Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետ կապված խնդիրներ միշտ էլ եղել են, այլ հարց է, որ եղել են տարիներ, երբ նվազման միտում է արձանագրվել:

Ի դեպ, 2016 թվականի փետրվարին ԵՊՀ-ում այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  հայտարարել էր. 

«Ազատ հասարակությունից բանակը տարբերվում է իր ռեժիմով, կարգապահությամբ, և այնտեղ արատավոր բարքերի դեմ պայքարը կարելի է ավելի հետևողական մղել, քան ազատ հասարակության մեջ։ Արգելել եմ ասել, որ բոլոր բանակներում էլ այսպիսի (արատավոր։- Մ.Պ.) դեպքեր լինում են, որովհետև մենք ազգային բանակի կատարելության հասնելու վերջնագծում ենք, որտեղ բացառիկ աստիճանի պետք է լինեն հայրենասիրության բարձր հատկանիշները, ազգային ավանդույթները, մարդկային բացառիկ հարաբերությունները և  այլն։ Դրանք են, որ բանակում ձևավորում են անձնական մարտական ոգի և բարոյահոգեբանական մակարդակ կոլեկտիվներում»:

Իսկ ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխությունից» հետո՝ բանակում զինվորը պետք է զգա իրեն՝ ինչպես տանը:

Մենք դեռ այն ժամանակ գրել էինք այս թեզի վտանգավորության մասին. բանակում զինվորն իրեն պետք է ապահով զգա, պետք է հրամանատարից հոգատարություն լինի, բայց բանակն իր դրված օրենքներն ունի, իսկ ցանկացած ընտանիք՝ իրենը, և ոչ ոք իր տան օրենքները չպետք է բերի բանակ: Սա՝ առաջին:

Երկրորդ, այսօր բանակում հեղինակության խնդիր կա, սա ոչ միայն այն պատճառով, որ բազմաթիվ լավ հրամանատարներ զոհվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ, կամ՝ հեռացվեցին բանակից, այլ, որ գործող իշխանություններն այլ գաղափարախոսություն են փորձում ներմուծել, այս խնդիրը նաև դպրոցներում է:

Վերջերս պատմեցին, որ միջոցառումներից մեկի ժամանակ աշակերտները  չեն կարողացել 44-օրյա պատերազմի հերոսների հիշել, լավագույն դեպքում հիշում են միայն 44-օրյա պատերազմի մեր հերոսներից Ալբերտ Հովհաննիսյանին։ Սա խնդիր է, որը լուծելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում: Թվում է, թե հատկապես 44-օրյա պատերազմից հետո հեղինակությունների խնդիր պետք է չլիներ, բայց արի ու տես՝ կա, որովհետև իշխանության մակարդակով հիմնականում ներկայացվեցին փախնող սպաներն ու հրամանատարները, ոչ թե անձնուրաց կռվողները, և սա շարունակվում է մինչև այսօր:

Ամիսներ առաջ էլ Նիկոլ Փաշինյանը սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հանդիպման ժամանակ հայտարարել էր.

«Այսքան խոսում ենք՝ պարտություն, պատերազմ, բայց չենք արել ամենակարևոր արձանագրումը՝ այն, ինչ տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո՝ մեր բանակի սրբացման ու կոթողացման պատճառն է։ Հանկարծ վատ բան չասեք, բանակն ուրիշ օրգանիզմ է, իրեն չի կարելի վատ բան ասել: Ու մենք տրվել ենք դրան՝ հո՜պ, սրբություն է, չկպնեք հանկարծ այդ սրբությանը»:

Առաջին հայացքից թվում է՝ խոսքը բանակի խնդիրները չթաքցնելու մասին է, սակայն նա շատ ուղիղ ասում է՝ բանակը, զինվորը, սպան սրբություն չեն, հեղինակություն չեն, հերոս չեն:

Բանակը կարող է լինել սրբություն, այսպես ասած, պետական կարևոր ինստիտուտ, անվտանգության կարևոր երաշխավոր և արժեք, բայց դա չի կարող խանգարել առողջ և սրտացավ քննադատությանը, բայց Նիկոլ Փաշինյանի ասածն ամենևին էլ սրա մասին չէր:

Այս համատեքստում հիշեցնենք (168.amգրել էր), որ 2023 թվականի դեկտեմբերին կամ Նոր տարվա նախաշեմին Փաշինյանը չէր այցելել մարտական դիրքեր՝ շնորհավորելու զինվորների Ամանորը:

Ավելին՝ դեկտեմբերի 30-ին Ջերմուկում Փաշինյանը, ըստ նախնական պայմանավորվածության, հանդիպում էր ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների հետ, նախաճաշել նրանց հետ, սակայն չէր այցելել Ջերմուկի դիրքեր կամ 5-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող որևէ մարտական դիրք, այն դեպքում, երբ իր վարած քաղաքականության պատճառով է ադրբեջանական զորքը գտնվում Ջերմուկից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Սա բանակի հանդեպ Փաշինյանի վերաբերմունքի լավագույն ապացույցն է, փորձեք պարզել՝ ե՞րբ է նա վերջին անգամ դիրքերում եղել:

Իսկ  Փաշինյանի կուսակիցները մինչև Փաշինյանի՝ բանակի սրբություն լինել-չլինելու մասին հայտարարությունը, բանակի փակ քննարկման ենթակա խնդիրները հրապարակայնացրել են՝ առանց որևէ կաշկանդվածության:

Մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի օրակարգում բանակում օրենսդրական բարեփոխումներն էին, մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր.

«Բանակում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին լարված իրավիճակի բերումով, պատերազմական իրավիճակի բերումով չենք խոսում, որ թուրքը չիմանա, չուրախանա, բայց այդ խնդիրները կան: Եվ դրանց մասին, կարծում եմ, պետք է կամաց-կամաց սկսենք խոսել ու հասկանալ՝ ինչպես ենք դրա դեմ պայքարում: Օրինակ, շատ է տարածված զինծառայողների շրջանում վիճակախաղերով զբաղվելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը և այլ խախտումներ, զանցանքներ կամ հանցանքներ, որոնք առկա են ինչ-ինչ մակարդակներում: ՊՆ-ն ի՞նչ է անում՝ վիճակախաղերի դեմ բանակում պայքարելու համար, ես կուզենամ իմանալ: Ես գիտեմ, որ որոշակի աշխատանքներ գնում են, բայց պետք է սրա մասին բարձրաձայնել և այս ամբիոնն օգտագործել»:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել էր, որ խնդիրների մասին պետք է շատ խոսել:

«Իհարկե, խնդիրներն ունենում են 2 մաս՝ հրապարակային և փակ: Պարոն Քոչարյանը կարող է նախաձեռնել փակ քննարկում, որին ես միշտ պատրաստակամ եմ գալ և պատասխանել ձեր հարցերին: Բանակը զերծ չէ խնդիրներից, այդ թվում՝ արատավոր երևույթներից: Օրենսդրական մի շարք նախաձեռնությունների կարիք կա, ոչ թե նրա համար, որ դրա աղբյուրը, օրրանը բանակն է, ամենևին: Բանակը հասարակության հայելին է, բաղկացուցիչը, և այն, ինչ բաց հասարակությունում թույլատրելի է, բանակում արգելված է: Պետք է դրանք սահմանափակենք, ընդհուպ՝ արմատախիլ անել: Քայլեր ձեռնարկում ենք, այդ թվում՝ սմարթֆոնների սահմանափակումը միտված է նրան, որ զինվորականը իր գործով զբաղվի՝ իր զորամասի, իր ծառայության շրջանակներում»,- շեշտել է Սուրեն Պապիկյանը:

Ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարն իշխանական պատգամավորին հասկացրել էր, որ իր թվարկած խնդիրները փակ քննարկման առարկա են, և դրանք չպետք է հրապարակավ մանրամասնել:

Բայց ՔՊ-ական պատգամավորը ոչ միայն հետագայում ի գիտություն չընդունեց նշված հորդորը, այլև հետագայում գաղտնիության տարրեր պարունակող տվյալներ էր հայտնել՝ նշելով

«Առնվազն վերջին 15 տարվա ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով զորակոչիկ, ժամկետային զինծառայող, քան նախորդ տարի: 2010 թվականին 44 հազար ժամկետային զինծառայող է եղել ՀՀ-ում, սակայն 9 տարվա ընթացքում մոտ 44 տոկոսով նվազել է այդ թիվը՝ 44.000-ից դառնալով 24.000»:

«ՀՀ պետական գաղտնիքի մասին» օրենքը սահմանում է պետական գաղտնիքին դասվող տեղեկությունները՝ ըստ բնագավառների:

Հոդված 8-ում ռազմական բնագավառին վերաբերող տեղեկությունների մասով, մասնավորապես, նշվում է, որ պետական գաղտնիքի շարքին են դասվում, օրինակ, «Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին» տվյալները:

Վերադառնալով բանակում ոչ մարտական պայմաններում դեպքերին՝ հիշեցնենք 2013 թվականին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի հարց-պահանջները՝ ուղղված  այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, երբ նա Վերին Գետաշենի գերեզմանոցում մասնակցում էր ծառայակցի կողմից սպանված զինվոր Լյուքս  Ստեփանյանի հուղարկավորությանը։ Ստորև ներկայացնում ենք Աննա Հակոբյան-Սեյրան Օհանյան հարցուպատասխանը:

– Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը Երևան-Սևան մայրուղու ասֆալտի վրա է:

– Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի ես:

– Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:

– Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:

– Չկա՞ այդպիսի բան, դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:

– Իսկ ո՞վ է պահանջում… Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ ղեկավարը և ժողովուրդը:

– Այն որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, դա գնահատական չե՞ք համարում:

– Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:

– Դա ինչ երևույթ է, երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն:

– Կարո՞ղ եմ իմանալ դուք ով եք:

– «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան:

– Շնորհակալ եմ, ես պատասխանեցի:

– Երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն կառավարության մոտ, դա ժողովրդի գնահատական չի՞, ձեր կարծիքով:

– Ժողովրդի գնահատական է երևույթի հանդեպ:

– Պարոն Օհանյան, շատ հաճախ ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով բանակում զոհվում են զինվորներ: Բարձրաստիճան պաշտոնյաների ծառայող երեխաներից որևէ մեկը չի զոհվում, ձեզ համար դա տարօրինակ չի՞:

– Ի՞նչը:

– Բանակում նրանց հետ դժբախտ պատահար չի լինում, ինքնասպան չեն լինում: Որևէ պաշտոնյայի որդու հետ, որը ծառայել է, նման բան չի եղել, ի՞նչն է պատճառը:

– Յուրաքանչյուր դեպքի ես չեմ կարող գնահատական տալ: Դեպքը լինում է՝ ըստ տեղի, ըստ իրավիճակի և ըստ զարգացման:

– Իսկ կարելի՞ է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ:

– Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն էլ ծառայում են Լեռնային Դարաբաղի Հանրապետությունում…

– Նրանք ողջ և առողջ են, իսկ այս երիտասարդին մենք հենց նոր հողը դրեցինք:

– Նրանցից մեկն էլ, իմ ավագ որդին, մեկ տարի առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ծանր վիրավորվել էր, բերեցին հոսպիտալում բուժեցին: Եթե հնարավոր լիներ իրեն էլ բուժելու, մենք, հավատացեք, ամեն ինչ կանեինք:

– Այս ընթացքում որևէ պաշտոնյա պատժվե՞լ է բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունների համար:

– Շատ: Շատ:

– Բարձրաստիճան, նախարարի տեղակալ շտաբի պետ…

– Շատ: Շատ:

– Անուն տվեք, մի հոգու անուն:

– Գլխավոր շտաբի պետի տեղակալներ են պատժվել, պատժվել են վարչության պետեր, պաշտոնից ազատվել են վարչության պետեր:

– Քրեական պատասխանատվության ենթարկվե՞լ է որևէ մեկը:

– Բայց ինչի՞ համար, քրեական պատասխանատվության ենթարկվում են հանցագործները միայն:

Հետաքրքիր է՝ այս հարցերը Աննա Հակոբյանը տալի՞ս է Նիկոլ Փաշինյանին՝ որպես երկրի ղեկավար և գերագույն  հրամանատար, ում պաշտոնավարման օրոք և նրա պատճառով պատերազմի ժամանակ՝ մի քանի հազար, և ոչ պատերազմական պայմաններում՝ մի քանի տասնյակ զոհ ենք ունեցել, և ով 2020 թվականի հունվարին հայտարարել էր. 

«2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»:

Իսկ արդեն 2020-ի փետրվարի 17-ին  Փաշինյանի մոտ  խորհրդակցություն է հրավիրվել, որից հետո Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր.

«2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը  Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են»:

Բանակում տեղի ունեցած վերը նշված դեպքերի շրջանակում կայացվեցին կադրային փոփոխությունների որոշումներ: Մասնավորապես, Կարեն Աբրահամյանն ազատվեց Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, և նրան փոխարինեց Ջալալ Հարությունյանը:

Բացի այս, Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, աշխատանքից ազատվեցին նաև Հայաստանի ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը:

Պատճառները, թե ինչո՞ւ է այսօր Նիկոլ Փաշինյանն անտարբեր բանակում տիրող իրավիճակի նկատմամբ՝ շատ են, մյուս կողմից՝ քարոզչական-քաղաքական նպատակներով նման կադրային փոփոխություններ պետք չեն, քանի որ Նիկոլ Փաշինյանի օրոք կադրային որևէ փոփոխություն բանակում լուրջ իրավիճակ չի փոխելու, քանի որ ոչ մի ճիշտ նշանակում չի արվելու: Այս օրերին որոշ շրջանակներ դարձյալ թիրախավորել են ՀՀ պաշտպանության նախարարին։ Բնականաբար, նա, ինչպես նաև ԳՇ պետը, համապատասխան այլ պաշտոնյաներ լուրջ պատասխանատվություն են կրում բանակում տիրող իրավիճակի համար, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության դեպքում ցանկացած նախարարի փոփոխությամբ կտրուկ և լուրջ փոփոխություն հնարավոր չէ արձանագրել, հնարավոր է՝ եղածն էլ փոշիանա:

Չի բացառվում, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին այսօր հավակնողներ լինեն իշխանական շրջանակներում:

Չմոռանանք, որ  2023 թվականին Ազատի կացարանի հրդեհից հետո, որի հետևանքով 15 զինվոր էր մահացել, ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարել էր.

«Եթե ընդդիմադիր լինեի, կպահանջեի պաշտպանության նախարարի հրաժարականը: Բայց ընդդիմադիր չեմ, Սուրեն Պապիկյանի թիմակիցն եմ, ուստի աջակցում եմ նրան՝ բանակում առկա խնդիրների լուծման հարցում»:

Ընդ որում, նա այն ժամանակ շեշտել էր, որ ՀՀ զինված ուժերը լրջագույն վերափոխման կարիք ունեն, քանի որ համակարգը չի գործում առկա մարտահրավերներին համահունչ:

«Երբ դու գալիս ես համակարգ և այնտեղ կտրուկ փոփոխություններ չես անում, ըստ երևույթին, ժամանակի ընթացքում ռիսկը շատ մեծ է, որ դու կդառնաս տվյալ համակարգի մասը: Իսկ ՀՀ-ում համակարգերը ստեղծվել են սխալ սկզբունքների և բովանդակության հիման վրա: Հերիք չի, որ սխալ սկզբունքի և բովանդակության վրա ենք ստեղծել, հետագայում քրեաօլիգարխիկ ռեժիմի պատճառով ընդհանրապես խաթարվել է համակարգի բուն նպատակը»,- ասել էր Գաբրիելյանը՝ հիշելով նաև նախկիններին:

Հետաքրքիր է՝ այս պահի դրությամբ Վիլեն Գաբրիելյանը որքա՞ն արդյունավետ է համարում Սուրեն Պապիկյանի աշխատանքը: Գաբրիելյանը գիտի՞, որ այսօր բանակում, օրինակ, մարդկային ռեսուրսի խնդիր կա հենց իր քաղաքական առաջնորդի վարած քաղաքականության պատճառով՝ պատերազմում զոհեր, արտագաղթ, ժողովրդագրական խնդիրներ, և այլն: Իսկ այդ խնդիրները անհրաժեշտ է լուծել։ Այսինքն, չպետք է մոռանալ գլխավոր պատասխանատուին։

Իսկ Սուրեն Պապիկյանը, թերևս, պետք է կադրային ճիշտ նշանակումներ կատարի և ժամանակ առ ժամանակ գնահատի նրանց ՕԳԳ-ն, ասենք՝ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի պետի, որը, հարց է, թե ինչ հաճախականությամբ է զորքեր գնում: Այսինքն, յուրաքանչյուրը պետք է իր արած-չարածի համար հաշվետու լինի և պատասխան տա, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ում որդուն ոչ մի անգամ 25-օրյա վարժանքի չեն հրավիրել: 

Տեսանյութեր

Լրահոս