Բաժիններ՝

Սեյրան Օհանյան. Ո՞վ է պահանջում իմ հրաժարականը. մամուլ

«Շաբաթ օրը զարհուրելի իրադարձություն տեղի ունեցավ մեր երկրում. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված զինծառայող, 19-ամյա Լյուքս Ստեփանյանի ծնողները, հարազատներն ու համագյուղացիները նրա դին հողին հանձնելու փոխարեն բերում էին Երևան, կառավարության մոտ:

«Տանում եմ որդուս դիակը տամ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին»,- ասում էր սպանվածի հայրը: Թափորը Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղից արդեն հասել էր Երևան-Սևան մայրուղու «Գայի պոստին», երբ զինվորական ոստիկանության և ոստիկանության ներկայացուցիչները փակեցին նրանց ճանապարհը, քաշքշուկ տեղի ունեցավ, որստիկանները հրեցին ու բռնություն գործադրեցին սպանվածի հարազատների, համագյուղացիների նկատմամբ, կոտրեցին տեղում աշխատող լրագրողների տեսախցիկները, և այս ամբողջ ընթացքում զինվորի դագաղը կամ համագյուղացիների ձեռքին էր, կամ ուղղակի ասֆալտի վրա դրված, կամ մեքենայի մեջ:

Դեպքի վայր ամանեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Վերջիններիս «միսիան» էր համոզել Լյուքս Ստեփանյանի ծնողներին՝ հետ դառնալ և ոչ մի դեպքում չգալ Երևան:

Տեղի ունեցածը սարսափելի էր և հետևանք տարիներ շարունակ բանակում տիրող ամենաթողության, որին զոհ են գնում 18, 19, 20-ամյա երեխաները: Լ. Ստեփանյանի ծնողները նման քայլի չէին դիմի, եթե իրենց որդու նման հարյուրավոր երեխաներ նախկինում սպանված չլինեին բանակում՝ խաղաղ պայմաններում: Նրանց այդ ծայրահեղ հուսահատ գործողությունը չէր լինի, եթե տարիներ շարունակ յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի մոտ բանակում իրենց երեխաների մահվան իրական մեղավորներին պատժելու պահանջով հավաքվող սևազգեստ մայրերը անուշադրության ու արհամարհանքի չմատնվեին:

Լ. Ստեփանյանի ծնողները իրենց որդու դիակը գրկած չէին փորձի հասնել Երևան, եթե երկրում անարդարության և անպատժելիության մթնոլորտ չլիներ: Նրանք այդ քայլն արել են բոլորի փոխարեն, մի բան, որ բանակի բարձրագույն ղեկավարության ինտելեկտի համար անհասանելի է», գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու ներկայացնում թերթի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանի բլից հարցազրույցը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որ տեղի է ունեցել Վերին Գետաշենի գերեզմանոցում, զինվորի հուղարկավորությունից րոպեներ անց:

– Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը Երևան-Սևան մայրուղու ասֆալտի վրա է:

– Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի ես:

– Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:

– Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:

– Չկա՞ այդպիսի բան, դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:

– Իսկ ո՞վ է պահանջում… Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ ղեկավարը և ժողովուրդը:

– Այն որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, դա գնահատական չե՞ք համարում:

– Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:

– Դա ինչ երևույթ է, երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն:

– Կարո՞ղ եմ իմանալ դուք ով եք:

– «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան:

– Շնորհակալ եմ, ես պատասխանեցի:

– Երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն կառավարության մոտ, դա ժողովրդի գնահատական չի՞, ձեր կարծիքով:

– Ժողովրդի գնահատական է երևույթի հանդեպ:

– Պարոն Օհանյան, շատ հաճախ ոչ կանոնակարգային հարաբերոթյունների հետևանքով բանակում զոհվում են զինվորներ: Բարձրաստիճան պաշտոնյաների ծառայող երեխաներից որևէ մեկը չի զոհվում, ձեզ համար դա տարօրինակ չի՞:

– Ի՞նչը:

– Բանակում նրանց հետ դժբախտ պատահար չի լինում, ինքնասպան չեն լինում: Որևէ պաշտոնյայի որդու հետ, որը ծառայել է, նման բան չի եղել ի՞նչն է պատճառը:

– Յուրաքանչյուր դեպքի ես չեմ կարող գնահատական տալ: Դեպքը լինում է ըստ տեղի, ըստ իրավիճակի և ըստ զարգացման:

– Իսկ կարելի է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ:

– Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն էլ ծառայում են Լեռնային Դարաբաղի հանրապետությունում…

– Նրանք ողջ և առողջ են, իսկ այս երիտասարդին մենք հենց նոր հողը դրեցինք:

– Նրանցից մեկն էլ, իմ ավագ որդին, մեկ տարի առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ծանր վիրավորվել էր, բերեցին հոսպիտալում բուժեցին: Եթե հնարավոր լիներ, իրեն էլ բուժելու, մենք, հավատացեք, ամեն ինչ կանեինք:

– Այս ընթացքում որևէ պաշտոնյա պատժվե՞լ է բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունների համար:

– Շատ: Շատ:

– Բարձրաստիճան, նախարարի տեղակալ շտաբի պետ…

– Շատ: Շատ:

– Անուն տվեք, մի հոգու անուն:

– Գլխավոր շտաբի պետի տեղակալներ են պատժվել, պատժվել են վարչության պետեր, պաշտոնից ազատվել են վարչության պետեր:

– Քրեական պատասխանատվության ենթարկվե՞լ է որևէ մեկը:

– Բայց ինչի՞ համար, քրեական պատասխանատվության ենթարկվում են հանցագործները միայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս