Դիրքում քնելու պատճառով սպանության և ինքնասպանության դեպքերի խորքային խնդիրները

Բանակում սպանության և ինքնասպանության դեպքերի հիմքում երբեմն կամ հաճախ մարտական դիրքերում քնելու խնդիրն է: Նախորդ տարի նման մի քանի դեպք է եղել, ընթացիկ տարում՝ ևս:

Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը:

Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ դիրքում քնելու թեմա է եղել:

Կարդացեք նաև

Հուլիսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ այս տարվա հունվարին լեյտենանտ Կարեն Կարապետյանի սպանության հիմքում դարձյալ այս խնդիրն է:

Մասնավորապես, ՔԿ-ի հաղորդած տեղեկության համաձայն՝ դեպքի օրը՝ 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 04:30-05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ.Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն.Խ.-ի հասցեին:

Վերջինս, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով, 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հանձնելով մարտական հերթափոխը, մտել է մարտական դիրքի գետնատնակ և լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը՝ մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն Կարապետյանին, որից հետո նախ՝ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Մարտական դիրքում քնելու համար սպանության և ինքնասպանության դեպքերի շարքը կարելի է շարունակել: Սա մտահոգիչ թեմա է և պահանջում է խորքային վերլուծություն՝ հիմնված հստակ վիճակագրության վրա:

Սակայն կոնկրետ դեպքում կարճ մի քանի խնդիր առանձնացնենք, որոնք պետք է դառնան հետագա ուսումնասիրությունների առարկա:

Օրինակ, ո՞ր բանակային կորպուսում կամ զորամիավորումում են դիրքում քնելու պատճառով դեպքեր հաճախակի լինում, մարտական հերթապահությունն այստեղ ի՞նչ լարվածությամբ է անցնում՝ հակառակորդի դիրքերի մոտ լինելու կամ հաճախակի թիրախավորման պատճառով, մարդկային ռեսուրսի խնդիրն այստեղ որքանո՞վ է սուր, սրան գումարած՝ սպայական անձնակազմին առնչվող մի շարք հարցեր՝ տարիքային, կրթական ցենզի և այլն:

Մյուս կողմից, անկախ ամեն ինչից, սպան կամ ծառայակիցը պետք է դիրքում ավելի զգուշավոր լինեն մեկ այլ զինծառայողի դիտողություն անելիս, իսկ դիրքում քնած զինվորը տվյալ պահին պետք է հաշվի առնի անվտանգային մի շարք ռիսկեր և մի պահ փորձի մտածել՝ սպան գուցե այդ պահին էմոցիոնալ դիտողություն է անում իրեն՝ իր իսկ անվտանգության մասին մտածելով: Բնականաբար, այդ դիտողությունը չպետք է լինի վիրավորական և նվաստացնող:

Այս ամենը ենթադրում է զորամիավորումների և զորամասի ղեկավարության, պատասխանատուների կողմից բավականին հետևողական աշխատանք և՛ զինվորների, և՛ կրտսեր սպաների հետ, որոնց տարիքային տարբերությունը շատ մեծ չի լինում:

Մարդկային ռեսուրսի խնդրի առումով, պետք է նշել, որ զինվորի բավարար քունը կախված է անձնակազմի քանակից:

Մեր տեղեկություններով, զինվորը 2 ժամ դիրքում է, 2 ժամ՝ առույգ հերթափոխում, որից հետո նախատեսված է 2-4 ժամ քուն՝ կախված անձնակազմից: Այսինքն, մի տեղ զինվորը հնարավորություն ունի 2 ժամ քնելու, մի տեղ՝ 4:

Արդյո՞ք սա արդեն իսկ խնդիր չէ: Իսկ ի՞նչ են անում իշխանությունները, զինված ուժերի ղեկավարությունը, որ մարդկային ռեսուրսի խնդիրը մեղմվի, դեռ մի կողմ ենք դնում առողջական և հոգեբանական խնդիրները, որոնց պատճառով զինվորը կարող է ցանկացած դիտողություն բուռն ընդունել, եթե մարտական ծառայությունն անցնում է նաև հաճախակի լարվածության պայմաններում…

Այսինքն, ցանկացած խնդրի պետք է խորքային և համապարփակ մոտենալ, հասկանալ՝ դիրքում քնի թեմայում ո՞ր հարցերն են հրատապ լուծում պահանջում: Այլապես միայն արձանագրել, որ մարտական դիրքում քնելու պատճառով սպանության կամ ինքնասպանության հերթական դեպքը եղավ, դա հարցի լուծում չէ: Ի դեպ, այս խնդրի լուծման համատեքստում պակաս կարևոր չէ հարցը՝ այսօրվա անվտանգային մարտահրավերներին որքանո՞վ են ժամանակին համահունչ մեթոդներով դիմակայում, այդ թվում՝ ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործումը:

Տեսանյութեր

Լրահոս