Սո՛ւտ է, փորձում են Հայաստանին հրամցնել, թե՝ դուք շահառու եք լինելու, իսկ իրականում Թուրքիան Հայաստանի շրջափակման նոր ձևաչափ է ընտրել․ քաղաքագետ
Մինչ տարածաշրջանը շարունակում է լարված մնալ, իսկ Ադրբեջանից հնչում են ագրեսիվ հայտարարություններ, Թուրքիայից էլ՝ նախապայմաններ, մինչ Հայաստանի սահմաններին շատ մոտ զորավարժություններ են տեղի ունենում, Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղաղության մասին թեզերի տարածումը։
«ՀՀ-ն պատրաստ է երթուղի տրամադրել և՛ գազամուղների, և՛ նավթամուղների, և՛ էլեկտրագծերի համար», «Հայաստանը սեփական տարածքներն Ադրբեջանի օկուպացիայից ռազմական ճանապարհով ազատելու նպատակ չունի»․ օրերս «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ վերահաստատել էր Նիկոլ Փաշինյանը։
Այս ամենից զատ՝ նա երեկ էլ հայ ժողովրդին նաև տեղյակ էր պահել, որ արտամրցութային կարգով մասնակցել է Լեռնային հեծանվավազքի մրցաշարին, և 40 կիլոմետր լեռնային երթուղին անցել 3 ժամում։
Երկրի շուրջ ու երկրի ներսում կատարվող իրողությունների հանդեպ այս անհամարժեք արձագանքը քաղաքագետ Հրանտ Միքայելյանը պայմանավորում է հանգամանքով, որ այս իշխանությունը ծառայում է ոչ թե Հայաստանի շահերին, այլ այն օտար ուժերին, որոնք Թուրքիայի հաղթանակների շահառուն են։
«Իսկ այս պարագայում ՀՀ-ն չպետք է արձագանքի, պետք է լեգիտիմացնի Թուրքիայի գործողությունները՝ թույլ տալով, որ Թուրքիան ու Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի գործիք (ոչ թե որպես առանձին ակտոր՝ ինչպես հաճախ ՌԴ-ում են դիտարկում), հաղթեն։ Ուրիշ բացատրություն այս ամեն ինչը չունի։ Իսկ այն քաղաքականությունը, ըստ որի՝ դասագրքեր են փոխվում, բանակը չի զարգանում, բացատրվում է հենց դրանով»,- 168․am-ի հետ զրույցում մանրամասնեց Հրանտ Միքայելյանը։
Անդրադառնալով հենց խաղաղության խաչմերուկ կոչվածի փաշինյանական ինտերպրետացիային և այս համատեքստում նաև Թուրքիայի Տրանսպորտի նախարարի՝ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափման մասին վերջին հայտարարություններին՝ Հրանտ Միքայելյանը դրանք որակեց կեղծիք։
Նշենք՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախօրեին ասել էր, թե Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ՝ ՀՀ տարածքով, և, որ այս նախագիծն իրականացնում են Ադրբեջանի հետ միասին։
Ըստ նրա՝ այդ հարցում որոշակի խնդիրներ կան, որոնք կարող են լուծվել առաջիկայում։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը նաև նկատել էր, թե որևէ երկիր չպետք է դեմ լինի իր տարածքը Պեկինը Լոնդոնին կապող միջազգային տրանսպորտային զարկերակի վերածելուն։
«Սա ամբողջությամբ կեղծ է, սուտ, որը Թուրքիան փորձում է հրամցնել Հայաստանին, թե՝ դուք շահառու եք լինելու։ Բայց ինչո՞վ է Հայաստանը շահառու լինելու․ սահմանները չեն բացում, միայն ուզում են ստեղծել «միջանցք», տարանցիկ դարձնել Հայաստանը՝ ստեղծելով վերահսկելու մեխանիզմներ։
Բացի այդ՝ Բաքու-Կարս-Նախիջևան ճանապարհը վկայում է այն մասին, որ մեծ հաշվով հայկական երթուղին չի էլ դիտարկվում։ Թուրքիան ուղղակի Հայաստանի շրջափակման նոր ձևաչափ է ընտրել։
Ու այս պարագայում խոսակցությունները, թե Հայաստանն այդտեղից ինչ-որ բան է շահելու, ամբողջությամբ կեղծ են, Հայաստանը ոչինչ չի շահելու։ Սա աշխարհաքաղաքական նախագիծ է, որը տնտեսության հետ կապ չունի․ Թուրքիայի աշխարհաքաղաքական նախագիծն է՝ դուրս գալու Միջին Ասիա՝ պանթուրքիստական ծրագիր իրականացնելու համար»,- թուրք պաշտոնյայի հայտարարություններն այսպես բնութագրեց Հրանտ Միքայելյանը։
Քանի որ Թուրքիայի տրանսպորտի նախարարը նաև խոսել էր իրանական կողմից հնչող հակադարձումների մասին՝ նկատելով, թե՝ «Իրանի կողմից այս հարցի մերժման պատճառը, հնարավոր է՝ բացառապես իրանական տարածքով միջանցք ստեղծելու Թեհրանի ցանկության մասին է», քաղաքագետը նաև այս առնչությամբ դիտարկումներ հայտնեց՝ շեշտելով, որ սա ընդամենը թուրքական քարոզչական խայծ է։
«Նրանք այժմ այս հայտարարություններով փորձում են Իրանին փաստարկներից զրկել՝ նշելով, թե իբր Իրանն ուզում է, որ իր տարածքով անցնի այդ «միջանցքը» ։ Սա հիմարություն է։ Իրանն այդ միջանցքների կարիքը չունի․ Իրանը մուտք ունի դեպի Հնդկաստան, Պակիստան և այլն։ Բայց սա տարածում են քարոզչական նպատակներով»,- պարզաբանեց Հրանտ Միքայելյանը։