Իշխանության ներսում իրարանցում է. Բոլորն էլ կարող են լինել հաջորդը

 Արդարադատության ոչ ՔՊ-ական, բայց ՔՊ-ի հետ լավ էլ գործակցող, վարչախմբի քմահաճույքները գլուխը կախ կատարած նախարարին՝ տարբեր պատճառաբանություններով ու հիմնավորումներով պաշտոնից հեռացինելուց հետո, իշխանության ներսում իրարանցում է, որս է սկսվել։ Բոլորը սպասում են, թե ո՞վ է լինելու հաջորդ «զոհը», ո՞ւմ վրայով են անցնելու։

Տարբեր պաշտոնյաների անուններ են շոշափվում։ Բայց անուներն այստեղ կարևոր չեն։ Բոլորն էլ անխտիր կարող են հերթական թիրախը լինել։ Դա լավ կամ վատ աշխատանքի հետ կապ չունի։ Այսօրվա կառավարությունից ում էլ հեռացնեն, արդարացված է։ Ամբողջ կառավարությունն է ենթակա հեռացման։

Իշխանությունն է ենթակա հեռացման։ Ամբողջովին ձախողել են երկրի կառավարումը բոլոր ոլորտներում։ Այնպես չէ, որ միայն արդարադատության ոլորտում են եղել ձախողումները։ Բոլոր տեղերում նույն վիճակն է։

Ցանկացած ոլորտ կարող եք վերցնել ու կտեսնեք, թե ինչ օրի են հասցրել։

Կարդացեք նաև

Խոսքը նույնիսկ անվտանգությանն ու պաշտպանությանը չի վերաբերում, որտեղ քարը-քարին չեն թողել։ Երբեմնի ամուր պաշտպանական համակարգը՝ բանակով, սպառազինությամբ, մնացած ամեն ինչով, քանդել են, ոչնչացրել։

Ո՞ւր է երկրի անվտանգությունը։

Չկա հաշվարկված, տրամաբանված, ռիսկերի վրա հիմնված ու պատճառաբանված արտաքին քաղաքականություն։

Ի՞նչ պետք է սպասել մի երկրի արտաքին քաղաքականությունից, երբ արտաքին գործերի նախարարը բացարձակ կոմպետենտ չէ, ճկուն չէ, չունի դիվանագիտական հմտություններ, բանակցելու կարողություններ։ Պարզ չէ՞, որ այդպիսի նախարարին պիտի մատների վրա «ֆռռացնեն», ստանան այն, ինչ ուզում են։

Տեսնում ենք մեր արտաքին քաղաքականության «հաջողություններն ու ձեռքբերումները»։

Համատարած ձախողումներ են, և ոչ միայն թշնամիների հետ՝ բանակցությունների առումով։ Բոլոր հարթակներում է նույն պատկերը, չկա դիվանագիտություն։

Այսպիսի արտաքին քաղաքականության պայմաններում կարո՞ղ է հաջորդ «զոհն» արտաքին գործերի նախարարը լինելը։ Իհարկե, կարող է, այլ հարց, թե նրա «զոհաբերումը» որքանով է տեղավորվում իշխանության թայֆայաբազության շրջանակներում։

Իսկ ինչո՞ւ չի կարող հաջորդը լինել, ասենք՝ էկոնոմիկայի նախարարը, ֆինանսների նախարարը, առողջապահության նախարարը, ցանկացած այլ պետական պաշտոնյա։ Բոլորն էլ կարող են, որովհետև բոլորն էլ իրենց տեղերում ձախողել են։

Ի՞նչ են արել, որ Հայաստանում տնտեսություն զարգանա։ Արել են այն, որ տնտեսություն չեն թողել։

Մի երկրում, որտեղ միլիարդներ են տվել պետական սուղ հնարավորություններից արդյունաբերություն, գյուղատնտեսություն զարգացնելու համար, բայց զարգանալու փոխարեն՝ արտադրության ծավալները մի բան էլ նվազեցրել են, նշանակում է՝ ամեն ինչ սխալ են արել, ձախողել են պետական քաղաքականությունը, վատնել են պետության փողերը։

Բացարձակ առաջընթաց չկա։ Մարդկանց թվում է, թե տնտեսությունը չարչիությամբ զբաղվելն է։ Չկա ուղղորդված տնտեսական քաղաքականություն։

Հայտարարել են արտահանմանը միտված տնտեսական քաղաքականություն իրականացնելու, տնտեսություն ստեղծելու մասին, բայց այնպես են արել, որ արտահանման փոխարեն՝ խթանել են ներմուծումները։ Արտահանման համար խոչընդոտներ են ստեղծել, ներմուծման համար ճանապարհ են հարթել։ Արտահանումը թանկացրել են, ներմուծումները՝ էժանացրել։

Այսպիսի տնտեսական քաղաքականություն են իրականացրել և տնտեսությունը հասցրել աղետալի վիճակի։

Տնտեսությունը ողբալի վիճակի են հասցրել՝ ոչ միայն իրենց իրականացրած տնտեսական, այլև՝ հարկային ու բյուջետային քաղաքականության միջոցով։ Չկա ֆինանսների կառավարման տարրական գրագիտություն։ Տարիներ շարունակ փողը տնտեսությունից հանել են, տնտեսությանը զրկել շրջանառու միջոցներից, չեն կարողացել ժամանակին ծախսերն անել, տարել գումարները բանկերում քնացրել են, ավանդ են դրել։

Եղած միջոցներ չեն կարողացել ծախսել՝ մեծ քանակությամբ պարտքեր, այն էլ՝ թանկ պարտքեր են վերցրել։ Վերցած գումարները չեն հասցրել ժամանակին իրացնել՝ պետությանը ֆինանսական տույժերի տակ են դրել։

Պետական գանձապետական պարտատոմսեր են թողարկել նախատեսվածից ավելի շատ, նախատեսվածից ավելի շատ միջոցներ են ներգրավել, տարել բանկերում ավանդ են դրել՝ ավելի ցածր տոկոսով, քան պարտք են վերցրել։ Պետությանն ուղղակի ֆինանսական վնաս են պատճառել։

Հիմա այսպիսի ֆինանսների նախարարը կարո՞ղ է լինել հաջորդ հեռացողը, թե՞ ոչ։

Երբ պետական ֆինանսներն ապահովող մարմնի ղեկավարը ձախողում է պետական բյուջեի եկամուտների հավաքագրումը, միլիարդներով թերակատարում է արձանագրում, չի կարողանում նախատեսված մուտքերն ապահովել, ռիսկի տակ է դնում բյուջետային ծախսերի կատարումը, կարո՞ղ է լինել հաջորդ հեռացողը։

Կամ՝ առողջապահության նախարարը, ով ինչին կպնում՝ ձախողում է։ Այդքան գումարներ, որ առողջապահության ոլորտին են տրվել, հիմա իդեալական վիճակ պիտի լիներ։ Բայց միևնույն է՝ առաջընթաց չկա, խայտառակ վիճակ է։ Ինչ անում են, պատուհաս է դառնում։ Հիվանդների հոգսը թեթևացնելու փոխարեն՝ միայն բարդացնում են։

Չարաշահումների մասին էլ չենք ասում, երբ  հիվանդներին կամ նրանց հարազատներին պարտադրում են վճարել մի բանի համար, որի համար չպիտի վճարեին։

Փոխում են հիվանդության բնույթը՝ պետպատվերի տակ գցելու ու պետությունից միջոցներ ստանալու համար։

Տապալել են բժշկական ապահովագրության ինստիտուտի ներդրումը։ Արդեն այս տարվա կեսից պիտի մեկնարկեր ներդրումը, մինչև հիմա նույնիսկ օրենք չեն ընդունել։

Չկա մի ոլորտ, որտեղ ձախողած չլինեն։ Ձախողումները համատարած են։

Այդպիսի համատարած ձախողումների  պայմաններում ցանկացած պաշտոնյայի ցանկացած պահի կարող են հեռացնել։ Բայց խնդիրը ոչ թե այս կամ այն ոլորտի, այս կամ այն պաշտոնյայի, այլ ամբողջ պետական կառավարման ձախողման մեջ է։ Մեկ-երկու պաշտոնյայի հեռացումով խնդիրը չի լուծվում։ Բոլորն էլ ենթակա են հեռացման, որովհետև ամեն մեկն իր տեղում ձախողել է, և դա եղել է կառավարության ղեկավարի գլխավորությամբ, ով այդ բոլոր ձախողումների թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է։ Եվ եթե պետք է ինչ-որ մեկին հեռացնել՝ պետք է սկսել հենց նրանից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս