Փաշինյանը պատերազմից մեկ օր առաջ թաքցրել է պատերազմի փաստը. «ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի»
Վաղը սեպտեմբերի 27-ն է. 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է:
Ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ օր առաջ:
Նախ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին Հանրային հեռուստատեսությանը Փաշինյանի հարցազրույցի անոնսն է հրապարակվում, որտեղ նա ասում է.
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ՀՀ ընդդիմադիր որոշ շրջանակների թեզերը ճշգրիտ նույնական են»:
Նույն օրը սեպտեմբերի 26-ին Փաշինյանի ընտանեկան թերթն «Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները»» վերտառությամբ հոդված է հրապարակում, որում, մասնավորապես, նշվում է.
«…Հիմա, ըստ Ալիևի, Փաշինյանը դրժել է խոստումը, հայկական կողմի պատճառով բանակցային գործընթացը ձևական բնույթ է կրում, և Ադրբեջանը չի պատրաստվում մասնակցել այդ ձևականություններին… Մի խոսքով՝ համարյա պատերազմ։ Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ակտիվորեն տարածում են Ալիևի այդ հայտարարությունն ու անգամ կարծիքներ հնչեցնում, թե նա ավելի ազնիվ ու ճշմարտախոս է, քան մեր վարչապետը…
Շարունակությունն արդեն սովորական է։ Իբր՝ այդ երկու տարիներն Ադրբեջանն օգտագործեց առաջնագիծն ամրապնդելու և պատերազմի նախապատրաստելու համար, իսկ մեր իշխանությունները ներքաղաքական հակառակորդների դեմ պայքարով էին զբաղված, հիմա էլ նրանք քարոզչական հող են նախապատրաստում Թուրքիային նոր պատերազմում անմիջականորեն ներքաշելու համար, իսկ մենք հետևողականորեն փչացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետևաբար՝ մենք անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք և պետք է օր առաջ ազատվենք այս իշխանություններից։
Սկսենք «վերելակային պայմանավորվածություններից»։
Այդ երբվանի՞ց են Հայաստանում սկսել ավելի շատ հավատալ ոչ թե սեփական իշխանություններին, այլ Ադրբեջանի նախագահին, և իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում թշնամու քարոզչությունը սեփական երկրում տարածելն ու դրա իրավացիությունը հիմնավորելը։
Երկրորդ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի իշխանություններն առաջնագծում շինարարական աշխատանքներ են իրականացնում բացառապես հայրենասիրական մղումներով, իսկ ՀՀ իշխանությունները բանակի համար ժամանակակից սպառազինություն (այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ) են ձեռք բերում զուտ քարոզչական նպատակներով։
Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի»։ Իսկ ինչ է, դա մեզ համար նորությո՞ւն է, եղե՞լ է մի օր, որ նրանք պատերազմի չպատրաստվեն։ Բնականաբար՝ մենք էլ ենք ամեն օր պատրաստվել ու հիմա էլ ենք պատրաստվում, և եթե մինչև հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման»,- գրել էր Փաշինյանի ընտանեկան թերթը:
Այս հրապարակումից մեկ օր առաջ էլ՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին, Փաշինյանն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը բանակցային գործընթացում ճեղքում մտցնելու հնարավորությունը չէր բացառել։
«Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական»,- նշել էր Փաշինյանը:
Եվ սա այն դեպքում, երբ ինչպես 2021 թվականի հունիսի 11-ին 24TV-ին տված հարցազրույցում Սամվել Բաբայանն էր ասել՝ «ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու», երբ 2020 թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ իշխանությունները ռադիոկլանման միջոցով հենց թուրքական F-16-ի օդաչուների խոսակցությունից էին հասկացել, որ պատերազմ է սկսվելու, կամ՝ ինչպես ինքն էր ԱԺ-ում մի առիթով ասել՝ «սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որն այդ առումով շատ վստահելի էր թվացել», երբ սեպտեմբերի 25-ին այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կարգադրություն էր արձակել այն մասին, որ ԶՈՒ-երը պետք է պատրաստ լինեն հակառակորդի սադրիչ գործողությունները դիմագրավելուն և կանխելուն, և, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ, սրանից առաջ այլ կարգադրություններ ևս եղել են։
Ի դեպ, սեպտեմբերի 26-ին այս կարգադրությունների առկայության պայմաններում Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք-հացկերույթ էր կազմակերպել, որին հրավիրված է եղել նաև ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, բայց չի մասնակցել, սակայն տեղյակ է եղել:
Եվ սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 07:10-ին Արցախում սկսվում է պատերազմը, իսկական պատերազմ, ոչ համարյա, ինչպես դրանից մեկ օր առաջ գրում էր Փաշինյանի ընտանեկան թերթը….
Ի դեպ, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 25-26-ի երեկոյան գտնվել էր ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրում, Երևանում է եղել 2020 թվականի սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ժամը 4-ին:
Հ.Գ. Պատերազմի օրը ՊԲ-ի պատրաստ լինել-չլինելու մասին 168.am-ը ուսումնասիրությունների շարք էր ներկայացրել։