Բաժիններ՝

ԱՄՆ-ն Անկարային S-400-ների վերաբերյալ նոր առաջարկ է ուղարկել. Kathimerini

Թուրքական լրատվամիջոցներում տարածվում են հունական «Kathimerini» թերթում տեղ գտած լուրերը, որոնց համաձայն՝ Վաշինգտոնն Անկարային նոր առաջարկ է արել՝ ռուսական S-400-ների խնդիրը լուծելու հետ կապված: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ ամերիկյան կողմը առաջարկում է S-400 հակաօդային համակարգերը պահել Թուրքիայի Ադըյաման նահանգի Ինջիրլիք քաղաքում տեղակայված իր ռազմաբազայում:

Նշվում է նաև, որ այս առաջարկով խախտված չի լինի նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա համաձայնաթյունը:

Հունական թերթը պնդում է, որ երկու կողմն էլ առաջարկի նկատմամբ դրական են տրամադրված:

Բացի այդ, «Kathimerini» թերթի հետ զրույցում Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Ռուբինը հայտարարել է, որ Սպիտակ տունն ու Պենտագոնն այդ առաջարկը փոխանցել են Թուրքիայի իշխանություններին՝ ընթացիկ տարվա հուլիսին:

«Իմ աղբյուրները ասում են, որ միջազգային գործերի համար պատասխանատու պաշտպանության փոխնախարար Ջելեսթե Վալլանդերը և ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում նախագահի հատուկ խորհրդական և Եվրոպայի հարցերով ավագ ղեկավար Մայքլ Քարփենթերը 2024-ի հուլիսի 1-ից 2-ը Թուրքիա կատարած այցի ընթացքում թուրք գործընկերների հետ քննարկել են F-35-ի համաձայնագիրը նորից կյանքի կոչելու մասին:

Նրանք F-35-ի ծրագրում (Թուրքիային) ներգրավելու դիմաց Թուրքիայից պահանջել են, որ կամ S-400-ներն ուղարկվեն ԱՄՆ, կամ տեղափոխվեն Ինջիրլիքի ռազմաբազայում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող հատված»,- հավելել է նա:

Հունական թերթը, հիմնվելով այլ աղբյուրների հետ ունեցած զրույցների վրա, նշում է նաև, որ վերոհիշյալ թեմայով ԱՄՆ-Թուրքիա բանակցություններն ակնկալվում է շարունակել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս