Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ անկախության օրվա առաջին ուղերձը. արդյո՞ք այնտեղ մեսիջ կար

Սուրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին, երբ նոյեմբերյան մարտերի օրերին պաշտոնից ազատեցին Արշակ Կարապետյանին:

Այս տարիներին՝ 2022թ., 2023թ., Պապիկյանը ՀՀ անկախության տոնի առթիվ, որպես պաշտպանության նախարար՝ ուղերձ չի հղել: Իհարկե, 2023 թվականին այս օրերին Սոթքում լարված իրավիճակ էր, իսկ 2022 թվականին սեպտեմբերյան մարտերն էին տեղի ունեցել, երբ հայկական կողմն ավելի քան 200 զոհ էր տվել, և, ըստ Պաշտպանության նախարարության, մոտ 90 քկմ տարածք կորցրել, բայց, ըստ էության, դա ՀՀ անկախության տոնի առիթով ուղերձ հղել-չհղելու պատճառ չէ:

Եվ այս տարի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խախտել է «լռությունը» և ուղերձ տարածել, որում, մասնավորապես, նշել է. «Մեր Անկախությունը գոյության, ինքնության կռիվ էր, ու նրա ամենաթանկ զավակը՝ բանակը, դարձավ պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության երաշխավորը»:

Այստեղ, թերևս, մեսիջ կա, երբ իր քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բնավ էլ բանակը չի համարում երկրի անվտանգության և ինքնիշխանության երաշխավոր:

Կարդացեք նաև

Ավելին, ՀՀ անկախության տոնի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ՝ «ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու հարթակ ու մեխանիզմ», իսկ Պապիկյանը զերծ է մնացել թվային տվյալներից:

Սա զարմանալի է, որովհետև 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի օրերին այն ժամանակ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը հստակ հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերը պահելու է Փաշինյանի խոստացած 29.800 քառակուսի կմ ՀՀ տարածքը, որն այսօր դարձել է 29.743 քկմ:

«Լսել եք բոլորդ, թե Հայաստանի Հանրապետության տարածքը որքան է, այդքանն էլ պիտի ապահովենք»,- ընդգծել էր Մարտիկյանը, ումից հետագայում Փաշինյանն ազատվեց:

Իսկ թե այդ ժամանակ ԳՇ պետի տեղակալ Մարտիկյանը վերադաս ասելով՝ ում նկատի ուներ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, որը միայն պատերազմի ժամանակ է համարվում ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատար, պարզ չդարձավ:

Նշենք, որ ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է Զինված ուժերի պարտականությունը: Այն է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Բացի այս, ՀՀ զինված ուժերը ենթակա են «Պաշտպանության մասին» օրենքին և ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրք-օրենքին և այլն: Այսինքն, վերադասի օրենքից դուրս հրամանին բանակը կարող է ընդդիմանալ:

Վերադառնանք Սուրեն Պապիկյանին, ում պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցան սեպտեմբերյան մարտերը՝ իր տարածքային և մարդկային կորուստներով, Տավուշի պիլոտային սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որի դեպքում ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի պաշտպանունակությանը վնաս հասցվեց, մեղմ ասած, և այս հատվածում Հայաստանն Ադրբեջանին զիջել է և՛ քանակական առումով էական, և՛ որակական առումով էական նշանակություն ունեցող դիրքեր:

Ինչևէ, եթե Պաշտպանության նախարարն իրապես համարում է, որ ՀՀ անվտանգության և անկախության երաշխավորը բանակն է, ինչը ճիշտ է, ապա պետք է այնպիսի քայլեր իրականացնի, որ դե ֆակտո ունենանք ՀՀ անվտանգությունը երաշխավորող և սուբյեկտայնություն ունեցող բանակ, հատկապես, երբ Ադրբեջանը շարունակում է սպառնալ պատերազմով և այս անգամ ՀՀ ինքնիշխան տարածքում:

Իհարկե, հասկանալի է, որ սա նշանակում է, որ Սուրեն Պապիկյանը պետք է դեմ գնա իր քաղաքական առաջնորդին կամ բանակի հետ կապված նրա տեսլականին, բայց կամ պետք է ընտրել բանակը և նրա վստահությունը չկորցնելը, կամ՝ Նիկոլ Փաշինյանի, ով, ի դեպ, սովորություն ունի ինչ-որ պահի կորցնել վստահությունն այն մարդկանց հանդեպ, ում ինչ-որ ժամանակ շատ է վստահել: Եվ ոչինչ, որ 2021 թվականին նա ճիշտ էր համարել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարի իր թիմակիցը, քանի որ վստահության խնդիր կա: Արդյոք մի օր Նիկոլ Փաշինյանը կասի՞, որ սխալվել է թիմակցին վստահելու համար, ինչպես դա ասել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի դեպքում, ինչպես դա ասել է բանակի դեպքում, ժամանակը ցույց կտա:

Այս համատեքստում հիշեցնենք, որ այս տարվա մայիսին, երբ Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես հայտնել էր ադրբեջանագետ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, «ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել էին համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»»:

Փաշինյանի այս հրահանգը կատարել էին ՔՊ-ական մի շարք պատգամավորներ, Փաշինյանի մամուլի խոսնակը:

Այդ ամենից անմասն չէր մնացել նաև ՀՀ պաշտպանության նախարար, պատմաբան Սուրեն Պապիկյանը:

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ ժողովրդավարությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Պապիկյանը:

168.аmանդրադարձել էր այս փաստին և նկատել, որ ինչ-որ առումով չեզոքության սահման է հատվել և բանակին անուղղակի քաղաքական հրաման տրվել:

Մենք այս ֆոնին հիշեցրել էինք Ոսկեպարում բնակիչների պատմածը, երբ մարտի 18-ին Փաշինյանը գնացել էր Տավուշի մարզ և Ոսկեպարում հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի մի քանի բնակիչների հետ, իսկ հանդիպման ընթացքում գյուղացիները լսելով Տավուշից սահմանազատման գործընթացը սկսելու հիմնավորումները՝ ասել էին. «Պապիկյանը սենց պատասխան է տվել մեզ», ինչին Փաշինյանն արձագանքել էր՝ «Պապիկյանի գործը պաշտպանությունն է»:

Ի դեպ, մամուլում տեղեկություններ եղան, որ Սուրեն Պապիկյանն ավելի շուտ է «Եռաբլուր» ծաղկեպսակ ուղարկել, քան Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս