Ոսկեպարում հասկացել են՝ Փաշինյանը դավաճանական հստակ ծրագրով է գործում. կախվածության մեջ լինենք Ադրբեջանից, Թուրքիայից, հետո իսպառ Հայաստանը վերանա
Մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսվելու է Տավուշի մարզից, և, որ առաջիկայում տեղի գյուղերի բնակիչներին կգնա և կբացատրի. «Օրինակ, Ոսկեպար գյուղի հատվածում ճանապարհի մի կտոր դե յուրե ՀՀ գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք: Եվ պետք է գնալ, մի քանի փոքր կտոր կա. դո՞ւրս է գալիս այդ ճանապարհները դե յուրե հայկական սոցիալիստական հանրապետությունից, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ»:
Եվ արդեն մարտի 18-ին Փաշինյանը գնացել էր Տավուշի մարզ և Ոսկեպարում հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի մի քանի բնակիչների հետ: Բնականաբար, Փաշինյանն այնտեղ դիմել էր մանիպուլյացիայի և չէր ներկայացրել Տավուշի ռազմավարական նշանակության տարածքների, ճանապարհների, մարտական դիրքերի հանձնման անվտանգային ռիսկերը, և, որ այդ գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ, փոխարենը՝ ժողովրդին վախեցրել էր պատերազմով: Բայց վերջին օրերին Ոսկեպարում բնակիչների բողոքի ձայնն ապացուցում է, որ ոսկեպարցիները չեն պատրաստվում հանձնվել և լքել գյուղը:
«Սա մեր պապենական հողն է, էդ վարչապետը դաժե մեր գետի տեղը չգիտի, ասում է՝ գետը որտե՞ղ ա»
«Մենք տալու բան չունենք, պատրաստ ենք, մի թիզ հող չունենք տալու, ապրել ենք այստեղ, կմեռնենք այստեղ: Սա մեր պապենական հողն է, էդ վարչապետը, որ ասում է, ինքը դաժե մեր գետի տեղը չգիտի: Էն օրը հարց ենք տալիս, ասում է՝ գետը որտե՞ղ ա, էն սարի գլխով է գետը: Դե որ վարչապետը գետի տեղը չգիտի, մենք ի՞նչ ասենք: Ասում ենք՝ Պապիկյանը սենց պատասխան է տվել մեզ, ասում է՝ Պապիկյանի գործը պաշտպանությունն է»,- ասել է գյուղացիներից մեկը՝ հավելելով, որ Երևանում չեն պատկերացնում, որ Նոյեմբերյան չեն կարողանալու գալ:
«Փաշինյանը մեր աչքն էր վախացնում, բայց պատերազմից չենք վախենում՝ թող լինի»
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել էր, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։
Ոսկեպարցիներն ասում են, որ պատերազմից չեն վախենում՝ թող լինի:
«Մեզ ասեց, որ Հոկտեմբերյանից Թուրքիան կհարձակվի, մեր աչքն էր վախացնում, նրա ասածը մեզ համար զրո է»,- շեշտել է Ոսկեպարում բողոքի հավաքի մասնակիցներից մեկը:
Ոսկեպարում այն կարծիքին են, որ ամբողջ Հայաստանը պիտի համախմբվի, չպիտի անտարբեր լինենք այսօր:
«Ղարաբաղի օրն ենք ընկնելու»
Իսկ գյուղում հավաքված գյուղացիներն իրար հետ համակարծիք են՝ պատրաստ են պաշտպանել գյուղը, որովհետև գիտակցում են՝ եթե Փաշինյանի ասած 4 գյուղերը հանձնվեն, կհայտնվեն Արցախի կարգավիճակում՝ գյուղի տեղը ոչինչ չի մնա:
«Բայց թող թշնամին իմանա, որ Ոսկեպարը եղել է, կա ու կմնա»,- նշել է գյուղի մեծահասակներից:
Ի դեպ, Ոսկեպարի երիտասարդներն էլ են վճռական տրամադրված, այստեղ են ծնվել, չեն կարող խելոք թողնել ու գնալ իրենց գյուղից:
«Ոսկեպարից է մեր հաղթանակը սկսվել և միշտ էլ սկսվելու է: Ոսկեպարը միշտ պիտի կռվի և հաղթի, մենք զիջելու բան չունենք»,- վստահեցնում են նրանք:
Երիտասարդների խոսքով, օրհասական պահը մոտեցել է, պետք է համայն հայությունը համախմբվի:
«Մեր գերագույն հրամանատարը մեզ վախեցնում է պատերազմով, բայց ոսկեպարցիները չեն վախենում, ամուր իրենց տեղում կանգնած են»,- ասում է երիտասարդներից մեկը:
Ոսկեպարում կա հստակ գիտակցում՝ անկլավ գոյություն չունի և չի էլ ունեցել, Փաշինյանը դավաճանական ծրագրով հանձնեց Արցախը, նույն ծրագրով հանձնում է Հայաստանը թուրքին:
«Փորձում է համոզի, որ մեր իրավունքներից, ինքնությունից հրաժարվենք, կախվածության մեջ հայտնվենք Ադրբեջանից, Թուրքիայից, որ որոշ ժամանակ հետո իսպառ վերանանք, չի լինելու նման բան»,- նշում է ոսկեպարցին: