Հատված չեզոքության սահմանը և բանակին տրված անուղղակի քաղաքական հրամանը

Նիկոլ Փաշինյանն ամեն պատեհ և անպատեհ առիթի սիրում է հիշել Սահմանադրության այն հատվածը, որ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է չեզոքություն պահպանի, և պնդել, որ իր իշխանության օրոք բանակը քաղաքականացված չէ, իրականում ճիշտ հակառակն է:

Մասնավորապես, երեկ, երբ Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես հայտնել էր ադրբեջանագետ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, «ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»»:

Փաշինյանի այս հրահանգը կատարել էին ՔՊ-ական մի շարք պատգամավորներ, Փաշինյանի մամուլի խոսնակը:

Այդ ամենից անմասն չմնաց նաև ՀՀ պաշտպանության նախարար, պատմաբան Սուրեն Պապիկյանը:

Կարդացեք նաև

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ ժողովրդավարությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Պապիկյանը:

Այս համատեքստում, թերևս, տեղին է հիշեցնել Ոսկեպարում բնակիչների պատմածը:

Մարտի 18-ին Փաշինյանը գնացել էր Տավուշի մարզ և Ոսկեպարում հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի մի քանի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում գյուղացիները լսելով Տավուշից սահմանազատման գործընթացը սկսելու հիմնավորումները՝ ասել էին՝ «Պապիկյանը սենց պատասխան է տվել մեզ», ինչին Փաշինյանն արձագանքել էր՝ «Պապիկյանի գործը պաշտպանությունն է»:

Հարց է առաջանում՝ կարելի՞ է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ իրեն և իր օրակարգի պաշտպանությունը, որը, փաստորեն, օպերատիվ ձևով կատարում է ՀՀ պաշտպանության նախարարը, ինչի ականատեսը չենք եղել, երբ անհրաժեշտ է եղել բանակի և բանակի սպայի հեղինակությունը պաշտպանել:

Սուրեն Պապիկյանը, կարելի է ասել, անուղղակի կերպով քաղաքական հրահանգ է իջեցնում Զինված ուժերին և խախտում չեզոքության սահմանը, որովհետև պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, բայց ՀՀ սահմանադրությամբ խաղաղ ժամանակ՝ «ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին», իսկ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարը «պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարումը»:

Եվ այս հանգամանքները հաշվի առնելով, Պաշտպանության նախարարը չի կարող իրեն թույլ տալ նման հրապարակային հրահանգված և ուղղորդված քաղաքական գրառում անել:

Իշխող քաղաքական թիմը՝ ՔՊ-ն, ամենաշատն է վնասել ՀՀ ինքնիշխանությանը և զինված ուժերի սուբյեկտայնությանը, ավելին, Նիկոլ Փաշինյանը բանակի առջև դրվելիք խնդիրները հարմարեցնում է թուրք-ադրբեջանական օրակարգին: Հետևաբար, ՔՊ որևէ ներկայացուցիչ չպետք է խոսի ինքնիշխանությունից, ավելին, ծիծաղելի է, երբ միմյանց հերթ չտալով՝ հրահանգված գրառումներ են կատարում ինքնիշխանության մասին:

Այսինքն, անկախ ամեն ինչից, պատմաբան Սուրեն Պապիկյանը պատասխանատվություն է կրում երկրի, բանակի հաղթանակների փոշիացման և Հայոց պատմությունը ջնջելու իր քաղաքական թիմի գործողությունների համար՝ զրկելով ներկա և ապագա սերունդներին իրենց հայրերի և պապիկների արյամբ ձեռք բերված հաղթանակներով հպարտանալու հնարավորությունից, այնպես, ինչպես ինքն է դա անում ամեն տարի մայիսի 9-ին, երբ հպարտորեն նշում է, որ իր պապիկը Հայրենական պատերազմի մասնակից է: Մի պատերազմի, որի հաղթանակները մսխված չեն:

Ի դեպ, կարո՞ղ ենք ենթադրել, որ Սուրեն Պապիկյանը հետ է կանգնել իր 2022 թվականի դիրքորոշումից, երբ գտնում էր, որ 2021-2022 թվականներին «Թշնամու կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացված է 139.24 քկմ»:

Տեսանյութեր

Լրահոս