Անպատասխանատվության պատասխանատուները

Հայկական այսօրվա դեգրադացված իրականության խորքային պատճառներից մեկը  պատասխանատվության տոտալ բացակայությունն է։ Դա վերաբերում է առաջին հերթին՝ քաղաքական պատասխանատվությանը, բայց ամենևին չի սահմանափակվում դրանով՝ ընդգրկելով հանրային-սոցիալական հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ու սուբյեկտային շերտերը։

Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն առնվազն 2020թ պատերազմից հետո համընդհանուր անպատասխանատվության ամենացայտուն օրինակն է։ Անկախ 2021թ արտահերթ ընտրություններում կիրառված նախընտրական մանիուլյացիաներից, ընտրական ու քարոզչական կեղծիքներից և այլն, փաստն այն է, որ հայ հասարակությունը, եթե անգամ չընտրեց, ապա իր վարքագծով հանդուրժեց, որպեսզի ընտրական գործընթացի արդյունքում իշխանությունը պահպանի Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի պատմության մեջ ամենաողբերգական հանգրվանին հասցրած քաղաքական թիմը՝ իր ղեկավարի գլխավորությամբ։

Այդ ընտրությունն անհատական ու կոլեկտիվ անպատասխանատվության հանցավոր ակտ էր, որին մասնակցեցին գրեթե բոլորը՝ սկսած դրա շահառու իշխանությունից, վերջացրած տիտղոսային ու ոչ տիտղոսային ընդդիմությամբ և, ամենակարևորը՝ հասարակությամբ։

Էքստազի մեջ հանրությունը կարող էր սխալվել 2018թ և սխալվեց, բայց պատերազմից հետո այդ նույն սխալի կրկնությունը սովորական հանցանք չէր, այլ սեփական անպատասխանատվությունը կրկնելու բացառիկ օրինակ, որը պետությանն ու նույն հասարակությանը չափազանց թանկ գին է արժենում։

Կարդացեք նաև

Նույն ընդդիմությունը, որի միակ առաքելությունը պատերազմից հետո պետք է լիներ պարտությունը թույլ տված իշխանության վերարտադրությունը կանխելը, չկարողացավ իրագործել իր այդ առաքելությունը, բայց կրկին, առանց պատախանատվության որևէ նշույլի։ Եվ եթե իշխանության անպատասխանատվությունն արտահայտվում է պետությանը հասցված աղետներից հետո առնվազն քաղաքական պատասխանատվություն չկրելով, ապա ընդդիմությունն էլ պատասխանատվություն չի կրում աղետարար այս իշխանությանը չփոխելու իր՝ գործնականում միակ առաքելությունը ձախողելու համար։

Հայկական քաղաքական իրականությունն իրենից ներկայացնում է բազմամակարդակ բուրգ, որի տարբեր շերտերում՝ անխատասխանատվության իրենց չափաբաժիններով, հանգրվանել են իշխանությունը, ընդդիմությունը և նրանց հանդուրժող հասարակությունը։ Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այս տոտալ անպատասխանատվությունը գործնականում ձեռնտու է բոլորին.  առավելագույն չափով՝ իշխանությանը, ոչ պակաս չափով՝ ընդդիմությանը և հասարակության առնվազն անգիտակից հատվածին, որն անպատասխանատու է ոչ միայն քաղաքական վարքագծում, այլ ընդհանուր առմամբ կյանքում։

Մակերեսային դրսևորմամբ առավելապես քաղաքական անպատասխանատվությամբ արտահայտվող պատասխանատվության դեֆիցիտն իրականում գրեթե զրոյացրել է պատասխանատվությունը՝ որպես հանրային-սոցիալական հարաբերությունների ինստիտուտ, կառուցակարգ։

Եվ Հայաստանի կյանքն էլ ըստ էության իներցիայով շարունակվում է անպատասխանատվության ճահճում։ Իշխանությունն անգամ չի մտածում պատասխանատվություն կրել հասարակության առաջ, որի կողմից այդ նույն իշխանության հանդուրժումն անպատասխանատվության խայտառակ դրսևորում է։

Ընդդիմությունը՝ նույն մեխանիզմով, պատասխանատվություն չի կրում այդ նույն հանրության առաջ, իսկ հասարակության մեծամասնությունն էլ շարունակում է վայելել իր անպատասխանատվությունը, որևէ մեկի պատասխանատվության մասին հիշելով միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է իրեն պատասխանատվության ենթարկելուն, հատկապես, եթե դա արտահայտվում է նյութական միջոցներով։

Քաղաքականությունը ոչինչ է առանց պատասխանատվության, ինչպես որ չի կարող գոյություն ունենալ պետություն առանց պատասխանատվության։

Անպատասխանատվության արշավը հայկական պետության ու պետականության դեմ շարունակվում է՝ իր բոլոր արտաքին ու ներքին շահառուներով։

 Հարություն Ավետիսյան

 

Տեսանյութեր

Լրահոս