«Վերջին մուրացիկի պես փաստաթուղթ է մուրում». Կարեն Բեքարյան
Խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական. սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ պատրաստ է ամենամոտ ժամանակում Ադրբեջանի հետ ստորագրել «Խաղաղության պայմանագիր»։
«13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս երեք հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված են, այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը համաձայնեցված չէ»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանը ներկայացնող Փաշինյանի այս առաջարկին արագ արձագանքեցին Բաքվից՝ անընդունելի համարելով ոչ ամբողջությամբ համաձայնեցված «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, քանի որ «երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով պետք է հստակեցվեն»։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն կրկին հիշեցրեց Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Բաքվի պահանջը՝ շեշտելով, որ ռազմագերիների վերադարձի հարցում էլ Ադրբեջանը պարտավորություն չունի։
«Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ Կարեն Բեքարյանը նկատում է՝ հայկական կողմից անընդհատ պայմանագիր ստորագրելու բարձրաձայնումները, անընդհատ խոսելով ամբողջությամբ չհամաձայնեցված պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին Փաշինյանն ընդամենը զբաղվում է իր PR-ով, որովհետև «թղթի կտոր ստորագրելու պարտադրանք կա» նախագահական ընտրությունների պատրաստվող ԱՄՆ-ից։
«Կա նաև Փաշինյանի կողմից կառուցողականություն ցուցադրելու միտում, բայց փորձել գտնել տրամաբանություն այս գործընթացի մեջ՝ հնարավոր չէ, որովհետև Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքում բացահայտվում են այն բոլոր խնդիրները, որոնք դրված են բանակցային սեղանի շուրջ,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Բեքարյանը՝ հավելելով,- Վերջին մուրացիկի պես մուրում է փաստաթուղթ. էդպես լավ չի, թող ասի՝ կետադրական նշանների հարցում խնդիր չունենք, եկե՛ք ստորագրենք, էլ ի՞նչ 13 կետ»։
Նրա խոսքով՝ Փաշինյանն առաջարկում է ստորագրել մի թուղթ, որը չի կարգավորում ո՛չ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չփոխելու, ո՛չ գերիների վերադարձի, ո՛չ Սյունիքով պահանջվող ճանապարհի, ո՛չ Ջերմուկից ադրբեջանական զորքի հեռացման հարցերը, հետևապես՝ Արևմուտքի ճնշմանը ենթարկվող Փաշինյանի նպատակն է հասնել մի թղթի ստորագրության, որը չի պարունակում իրական հայկական օրակարգ։
«Ադրբեջանը պահանջներ է դնում, Հայաստանի այս իշխանությունն այդ հարկադրանքից փորձում է փախչել՝ դեմքը պահելու համար, բայց իշխանության պահպանման համար հարմար պահին բավարարում է այդ պահանջը։ Ի վերջո, եկեք հիշենք՝ քանի՞ մարդ էր հերոսանում, թե Ադրբեջանը ուզել է նոյեմբերի 9-ով տեր դառնալ Տավուշի գյուղերին, բայց իրենց հաջողվել է այդ կետը դուրս թողնել հայտարարությունից։ Հիմա՝ հարց այդ հերոսացողներին՝ չտվե՞ց։ Հիմա նույն վիճակն է՝ Ադրբեջանը հարկադրում է Սահմանադրության փոփոխություն, սրանք մի կողմից ասում են՝ դա չեն անելու, մյուս կողմից՝ հայտարարում են, թե Սահմանադրությունը փոխվելու է 2026-2027 թվականներին, իսկ կարո՞ղ եք ասել, որ այդ փոփոխությունով Ադրբեջանի որևէ պահանջ չեք կատարելու։ Իհարկե՛, չեք ասելու, հետևապես, գործում է ժամանակ ձգելու, հետո այդ պահանջը կատարելու մեխանիզմը։ Կամ՝ ինչ մանիպուլյացիա ասես, որ չեն արել Սյունիքով ճանապարհի հետ կապված, թե բացառված է, թե սուվերենությունը Հայաստանի պահպանելու են, և ի՞նչ, հիմա խոսում են պահնորդական կազմակերպությանն այդ ճանապարհը տալու մասին։ Այստեղ է, որ դա անողին ուզում ես հարցնել՝ ի՞նչ պարտավորություն ես ստանձնել, ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես փափուկ բարձ դնում մարդկանց գլխի տակ»,- խոսքն ամփոփեց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում