«Խաղաղության խաչմերուկը» զուգարանի թուղթ է. Ալիևն ասում է՝ կօգնեմ քեզ իշխանությունը պահել. Իրանը ստույգ ինֆորմացիա ունի, որ Նիկոլն ամերիկացիներին բան է խոստացել. Սուրեն Սուրենյանց
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկի Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Հայաստանի իշխանության վարքագիծը խուցպայի վարքագիծ է։ Փաշինյանի և նրա թիմի գործունեության մասին «խուցպա» բառով ամենալավ բնորոշումն է տվել քաղաքագետ Արման Գրիգորյանը: Երբ մարդը ծնողներին սպանում է ու դատարանում խնդրում է, որ իրեն մեղմ վերաբերվեն, որովհետև ինքը որբ է, իդիշում կոչվում է խուցպա։
Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ գրել էր.
«Էս ամեն ինչից հետո նիկոլականների անդրդվելի ագրեսիվությունը հաստատ ամենահետաքրքիր սոցիալական երևույթներից մեկն ա Հայաստանում։ Ոչ մի մեղքի զգացում։ Ոչ մի ապաշխարանքի խոսք։ Հարձակվում են բոլորի վրա ու ամեն ինչի համար, էդ թվում, որ չենք թողնում կարգին ուրախանան։ Հարձակվում են, երբ նույնիսկ պաշտպանվելու իրավունք չունեն։ Առավոտվանից նստած մտածում եմ հայոց լեզվում ի՞նչ հարմար բառ կա, որ նման վարքագիծը դիպուկ նկարագրում ա։ Չեմ գտնում։ Միտքս մենակ մի հատ ոչ հայերեն բառ ա գալիս։ Դա խուցպա բառն ա, որը իդիշից ա (եվրոպական հրեաների լեզուն)։ Բառի դասական սահմանումը հետևյալն ա. երբ սպանում ես ծնողներիդ ու դատարանում մեղմ պատիժ ես ակնկալում, որովհետև որբ ես»։
- 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը մերժեց Պուտինի կողմից արված՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկը, իսկ այդ ժամանակ Շուշին ու Հադրութը դեռևս հայկական էին։
- Այն, ինչ կատարվեց Արցախում, էթնիկ զտում էր, ու դա Արևմուտքի սրտով էր, որ ռուսների ոտքը կտրվի։
- Եթե որևէ ՔՊ–ական կբերի մի փաստաթուղթ, ուր կլինի Հայաստանի նախկին որևէ ղեկավարի ստորագրություն, որ Արցախն ադրբեջանական է, ուրեմն Փաշինյանի ստորագրությունը՝ որպես Արցախը հանձնող, կարելի է հետ վերցնել։ Նման փաստաթուղթ չկա՛, չեն կարող նման փաստաթուղթ նախկին նախագահների ստորագրությամբ ցույց տալ։
- ՔՊ-ական իշխող թիմի ցինիզմի մաստեր-կլաս ցույց տվողն Ալեն Սիմոնյանն է։ Իրենց գործն է՝ պահպանել ԱԺ խորհրդարանական հանձնաժողովը, բայց իրենք ի՞նչ կապ ունեն Արցախի ներկայացուցչության հետ։ Ցուցադրաբար խնդիր է դրված ատելություն սերմանել արցախցիների հանդեպ, փակել Արցախի ներկայացուցչությունը։
- Էս ամբողջ պատմությունը մի բանի համար էր՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վրա գցել Արցախի հանձնման պատասխանատվությունը։ Արցախի ղեկավարությունն ընդամենը Արցախի արհեստական շնչառության սարքին միացված խողովակն անջատողն է եղել։ Արցախը խեղդամահ էր լինում, ու խեղդամահ անողը, հանձնողը Նիկոլ Փաշինյանն էր։ Ո՞վ չգիտեր, որ Արցախի Պաշտպանության բանակը ենթարկվում էր ՀՀ Պաշտպանության նախարարությանը։ Այս փաստն արձանագրելով՝ ինչքան ցինիկ է հնչում Փաշինյանի կողմից զենք ու զինամթերքը հանձնելն Արցախի ղեկավարության վրա գցելը։ Գնացել ես, ասել ես՝ ՊԲ-ն իմ վերահսկողության տակ է, եկել ասել ես՝ ասել եմ՝ ես ՊԲ-ի հետ գործ չունեմ։ Էս մարդը՝ Նիկոլը, հիվանդ է։ Իր տպավորությունները ներկայացնում է՝ որպես իրականություն։ Պատերազմից առաջ իրեն Տիգրան Մեծ էր երևակայում… Ցռան Վերգոն…
- Սա չի հասկացել, որ միջազգային հարաբերություններում կարևորն իր պատկերացրածը չէ, այլ ուժային բալանսը։
- Ալմա Աթայի հռչակագիրը երևի միջազգային փաստաթղթերի մեջ ամենաարժեզրկվածն է։ Իմ տեղեկություններով՝ Ադրբեջանը «Խաղաղության պայմանագրից» վերջնականորեն հանել է դա։
- Նիկոլ Փաշինյանի բանակցությունները Հայաստանին տարածքային նոր պահանջներ ներկայացնելու մասին են։
- Փաշինյանը հիմա Ալիևից մուրում է դատարկ թուղթ, որի վրա գրված կլինի՝ խաղաղություն։
- Խաղաղության պայմանագիր փաստաթուղթն այնքան է բեռնաթափվել, որ նրա մեջ արդեն չկան դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցերը, գերիների վերադարձի հարցը։ Դա իսկապես դատարկ թուղթ է։ Որտե՞ղ եք տեսել խաղաղություն, երբ նախկինի պես շրջափակված ես, ու գերիներդ չեն վերադարձել։
- Արևմուտքը փափուկ քաղաքականության շնորհիվ Հայաստանին մղում է նոր զիջումների։
- Իրանը ստույգ ինֆորմացիա ունի, որ Փաշինյանն ամերիկացիներին խոստացել է մեր ճանապարհներին միջազգային կազմակերպություն բերել։
- Էս լուզերը (ձախողակը, պարտվածը,- հեղ.) կամ, ինչպես ՀՀ առաջին նախագահն է նրան բնորոշել՝ ազգակործան պատուհասը, թռնելով ռուսական փաստաթղթից, արևմտյան հարթակներում չկարողացավ ստանալ նոր փաստաթուղթ։
- Հենց որ Հայաստանը Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթից հետ վերցնի իր ստորագրությունը, դա կազուս բելլի կլինի։ Դա այս պահին անվտանգության միակ երաշխիքն է։ Դա հրադադարի միակ փաստաթուղթն է այս պահին: Եթե դուրս չես գալիս այդ փաստաթղթից, նշանակում է՝ պիտի կատարես նրա պահանջները։ Երկու դեպքում էլ կազուս բելլի է։
- Նիկոլ Փաշինյանի անատամ քաղաքականության շնորհիվ այդ 42 քկմ-ն դառնալու է աշխարհաքաղաքական հզոր կենտրոնների առճակատման կետ, ու դա կարող է տանել մեծ բախման։ Մեզ սպառնալու է ոչ թե սիրիացման, այլ պաղեստինացման ճակատագիրը։ Սա կարող է հայկական պետականության կոլապսի սկիզբ դառնալ։ Հիմա կոնին է դրված ամբողջ Հայաստանը, ու սրանք ցինիզմով Երևանում նստած՝ խոսում են բանակ չունենալու մասին։
- Էդ Խաղաղության խաչմերուկը զուգարանի թուղթ է, դա որևէ երկրի հետաքրքիր չէ։
- Փաշինյանն ու իր թիմը ճանապարհների վերահսկողության հարցը Խաղաղության պայմանագրից հանելը ներկայացրեցին՝ որպես դիվանագիտական հաղթանակ, բայց դա այդպես չէ, որովհետև այն պայմանագրից է դուրս եկել՝ Ադրբեջանի համար այլ հնարավորություն ստեղծելով, ոչ թե առհասարակ վերացել է։
- Վստահաբար ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանի հետպատերազմյան արկածախնդրությունը շատ ավելի սարսափելի է եղել, քան նախապատերազմյանը։ Պատերազմից հետո նա փորձել է փոխել երկրի ռազմավարական կուրսը։ Մեր գլխին կախված սուրը դրա հետևանքն է։
- Նիկոլ Փաշինյանը խրոնիկ ստախոս է։ Կազինոյի խաղացողի հոգեբանություն ունեն սրանք։ Սահակաշվիլու նման քաղաքական ապաստան կխնդրեն Արևմուտքում, արտասահմանում դասախոսություններ կկարդան՝ երկրի կործանումն անվանելով ինքնիշխանության համար պայքար։
- Ալիևն ասում է՝ ես կօգնեմ քեզ իշխանությունը պահել, բայց գինը բարձրանում է։
- Նիկոլ Փաշինյանը շատ հարմար գործիք է, որի վրա կարելի է բարդել նաև Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության պատասխանատվությունը։ Նրան կօգտագործեն բոլորը ու այնքան, քանի դեռ իրենց կարմիր գծերը չի տրորել։ Դրանից հետո այլ լուծումներ կլինեն։ Ռուսական գուբերնիա դառնալն իրատեսական է, ուղղակի, ի տարբերություն 1920թ․, երբ ռուսական շահերից բխում էր Հայաստանը 10.000 քկմ-ից դարձնել 29.000 քկմ, հիմա կարող է նման հնարավորություն չլինել։
- Երախտագիտություն հայտնենք Թեհրանին նրա դիրքորոշման համար, բայց փաստ չէ, որ Իրանը մեզ անվտանգության երաշխիքներ կտա։
- Պատերազմ կարող է լինել՝ երբ ասես, ու դրա պատճառը Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի չկատարումն է։
- Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակից» դուրս եկած ու պետական շենքեր չհասած այն մարդն էր, ով արեց մի բան, որ Հայաստանի 3 ղեկավարներից ոչ ոք երբեք չէր արել: Նա Հայաստանը դարձրեց աշխարհաքաղաքական բախման կենտրոն։ Հայաստանի նախորդ բոլոր երեք նախագահները բալանսի քաղաքականություն են վարել։
- Փաշինյանը կամաց-կամաց մեր հասարակական գիտակցության մեջ մտցնում է այն դիվային գաղափարը, որ Հայաստանը հիշողություն չունեցող տարածք է, որովհետև, ըստ նրա, բարեկեցիկ ապրել՝ չի նշանակում պետություն ունենալ։
- Նույնիսկ Նաիրի Հունանյանը հայկական պետականությանն այնքան վնաս չի տվել, որքան Նիկոլ Փաշինյանը, որովհետև եթե նա գնդակահարեց հայկական պետականությունը, Նիկոլ Փաշինյանը գնդակահարեց հայկական պետականության հիմքերը։ Նա գործում է հայկական պետականության դեմ։ Ինքն իրեն պահում է Ալիևի ստորադաս դեսպանի կարգավիճակում։
- Փաշինյանի բոլոր քայլերն ընտրություններին պատրաստվելու մասին են։ Էս փուլում էդ որոշումն իրենցից էլ կախված չէ, բայց ամեն դեպքում նա տվել է նախընտրական ստարտը։ Առաջին փուլում նա լուծում է կրթական ցենզ չունեցող լյումպենի՝ իր ընտրողների կոնսոլիդացման հարցը, ընդ որում, դա անում է զարմանքի հիմքով։ Նրանք զարմացած են, որ իրենցից մեկը կարող է վարչապետ լինել, որովհետև ոչ մեկն ուղիղ եթերում խաշլամա չի խժռում։
- Եվրոնիկոլների նախաձեռնած հանրաքվեն ոչ մի կապ չունի եվրոպական քաղաքականության հետ։ ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյան պարզ ասաց՝ СЕPА-ից դուրս ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում։ Այնպես որ, մեզ Եվրոպայում ոչ ոք չի սպասում։ Եվրանիկոլներն ու նրա առաջատար «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Զավենի Սարգսյանի, լուծում են մի քանի մանդատի խնդիր և դրա համար երկիրը պատրաստ են մղել շարունակական արկածախնդրությունների։
- Եվրոնիկոլների եռյակը՝ Արման Բաբաջանյանը, Արամ Սարգսյանը և Տիգրան Խզմալյանը, հանձնարարություն ստանում են ուղիղ Նիկոլ Փաշինյանից։ Մեր քաղաքացիները պետք է իմանան՝ Հայաստանի արևմտամետ ուժերը ոչ մի կապ չունեն արևմտյան իրական արժեքների, արժեհամակարգի հետ։
- Նիկոլ Փաշինյանի թիմում բոլորն են Հուդա։ Ես ձեզ վստահ ասում եմ՝ եթե Փաշինյանի աթոռը մի քիչ սկսեց տատանվել, բոլորն իրենց կապերն օգտագործելու են Քննչական կոմիտեում, ԱԱԾ-ում րոպե առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ ցուցմունք տալու համար։
- Ընդդիմադիրները չպետք է թույլ տան, որ Խորհրդարանում պսևդոընդդիմություն լինի՝ ի դեմս եվրոնիկոլների։ Գլխավոր խնդիրը պետք է լինի Փաշինյանի ու նրա ողջ համակարգի հեռացումը։ Դրա համար ով էլ ընտրություններում առաջին տեղը զբաղեցնի, պետք է կոնսոլիդացվել նրա շուրջ՝ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վերարտադրությունը թույլ չտալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։