«Փոսի» դպրոցը կանցնի հեռավար ուսուցման. շենքը ցնցվում է. Քաղաքապետարանի փնթի ու հանցավոր գործունեության հետևանքները
Դեռևս մեկ տարի առաջ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր այն մասին, որ Երևանում 35 և 39 հարկանի շենքեր են պատրաստվում կառուցել, մինչդեռ, ինչպես Հայաստանում գործող շինարարական նորմերում է նշված, առավելագույն թույլատրելի հարկայնությունը կրող պատային շատ թանկ լուծումներով առավելագույնը 25 հարկ է, իսկ սյունահեծանային (որով հիմնականում կառուցապատում են)՝ 20 հարկ: Սարհատ Պետրոսյանը նաև իր ասածը փաստող կից քաղվածք ու լուսանկար էր ներկայացրել:
«Երևանում հատկապես վերջին 2-3 տարիների (ինչպես և նախորդ շրջանի) աննախադեպ ու չմտածված կառուցապատման մասին շատ է խոսվել, սակայն այս ծավալներն ու անպատասխանատու պահվածքը գնալով ավելի հուսահատեցնող են դարձնում վիճակը՝ հատկապես Թուրքիայում ու Սիրիայում տեղ ունեցած արդեն մոտ 60 հազար կյանք խլած երկրաշարժի ֆոնին։
Հիմա հասկանում եք՝ ի՞նչ ենք անում… Երկրաշարժի դեպքում զոհերի քանակ պետք չի կանխատեսել, այլ պետք է լսել մասնագետներին ու չանել բացառություններ… Պետք է օր առաջ կանգնեցնել այս ընթացքը»,- գրել էր Սարհատ Պետրոսյանը:
Ընթացքը չկանգնեցրեցին, և, օրինակ, այդ շենքերը կառուցվում են Արաբկիր համայնքի Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 57/3 հասցեում գտնվող Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի (Փոսի դպրոց.- Գ.Ս.) անմիջական հարևանությամբ:
Ըստ Ֆեյսբուքում տարածվող լուսանկարի՝ տարածքը կառուցապատումից հետո կունենա հետևյալ տեսքը՝
Եվ այն, ինչ հիմա տեղի է ունենում թիվ 172 դպրոցում, մեծագույն խայտառակություն է, և եթե նման բան տեղի ունենար, ասենք, նախկին իշխանությունների օրոք, երբեմնի քաղհասարակություն ու իրավապաշտպաններ կոչվածներն իրենց երևի Հանրապետության հրապարակում կհրկիզեին՝ բայց նախ պահանջելով ողջակիզել ողջ կառավարությանն ու քաղաքապետին հատկապես:
Բայց գանք պատմության սկզբից:
Ինչպես հասկանում ենք, շինարարությունը բուռն ընթացքի մեջ է, և, օրինակ, նախորդ շաբաթվա վերջում այնպիսի դղրդոց է եղել հավանաբար պայթեցման աշխատանքների ժամանակ, որ դպրոցում մտածել են՝ երկրաշարժ է, ու սկսվել է դպրոցի աշակերտների տարհանումը:
Քիչ թե շատ նորմալ ցանկացած երկրում շինարարությունն անհապաղ կդադարեցնեին, սակայն դպրոցին հրահանգում են ծնողներին տեղյակ պահել, որ «Վաղը դպրոցում դաս չի լինի հարակից տարածքում կատարվող շինարարական աշխատանքների պատճառով։ Երկուշաբթի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն դասապրոցեսի կազմակերպման մասին։ Խնդրում եմ արագ արձագանքել»:
Այսինքն՝ փոխանակ անհապաղ շինարարությունը դադարեցնեն, ընդհատվում են դպրոցի դասերը, խաթարվում է երեխաների կրթության իրավունքը, իսկ որևէ պատկան մարմնի արձագանք, բնականաբար, չկա:
Բայց սա դեռ ամենը չէ, և եթե ընթերցողին թվում է, թե, օրինակ, այսօր դասերն ամեն դեպքում կվերականգնվեին, նրանք չարաչար սխալվում են: Քաղաքապետարանն ավելի հեռուն է գնացել, ու Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանին շրջաբերական է ուղարկել, որում հրահանգել է անցնել հեռավար ուսուցման: Բայց 35 հարկանի շենքերի կառուցումը հանկարծ որևէ կերպ չվտանգելու համար շատ հնարամիտ հիմնավորում են նշել:
«ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի՝ Երևանի քաղաքապետին ուղղված 2024թ. սեպտեմբերի 6-ի գրությամբ տեղեկացվել է, որ սույն թվականի սեպտեմբերի 6-ին «Երևանի Հ. Օշականի անվան հ. 172 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված ցնցումների պատճառները պարզելու համար անհրաժեշտ է մասնագիտացված կազմակերպությունների կողմից իրականացնել ինժեներաերկրաբանական հետազոտություններ՝ տարածքի գրունտի կառուցվածքը և շինարարական աշխատանքների ու շենքի ցնցումների միջև կապը պարզելու համար, ինչպես նաև անցկացնել շենքի սեյսմակայունության ուսումնասիրություններ»,- մասնավորապես գրված է Քաղաքապետարանից դպրոց ուղարկված գրության մեջ:
Պատկերացրեցի՞ք… Այսինքն՝ նշված խնդիրները նախապես ուսումնասիրելու փոխարեն ափալ-թափալ շենքերի կառուցման թույլտվությունը տվել են, սկսել են տարածքը քանդել ու հիմա նոր որոշել են սեյսմակայունության ու շինարարության ու շենքի ցնցումների կապը պարզելու համար:
Իսկ մինչ այդ, ոչինչ, թող երեխաները նորմալ կրթություն չստանան: Եվ թող հեքիաթներ չպատմեմ հեռավար կրթության մասին: Քովիդի ժամանակ բոլորս տեսանք թե՛ դրա որակը, թե՛ տված արդյունքը:
Եվ, ի վերջո, ինչո՞ւ պետք է մի քանի հոգու գերշահույթի համար երեխաները դպրոց չգնան.. .Հարցը, իհարկե, հռետորական է: