«Հավատացե՛ք, այս ժողովուրդը խեղճ ու անճար ժողովուրդ չէ․ այս նույն ժողովուրդն էր 30 տարի առաջ հաղթանակները կերտողը»․ Ռուբեն Մխիթարյան
«Մենք հստակ գիծ ենք սահմանել, որ մեզ համար գոյություն չունի տարբերություն՝ Շուշի ու Վարդենիս քաղաքաքների, Ստեփանակերտի ու Երևանի միջև, Գյումրիի ու Հադրութի միջև․ մենք նույնն ենք,- 168.am-ի հետ զրույցում պրոդյուսեր, երաժիշտ Ռուբեն Մխիթարյանն է պատմում իր հեղինակած և «Հայաթ փրոջեքթ Գյումրիի» ներկայացրած «Ես Քո Արցախն եմ, Դու իմ Հայաստանը» երգի մասին՝ պարզաբանելով,- Մենք այս մեսիջը փորձել ենք գեղարվեստական կերպով ներկայացնել մեր ունկնդիրներին, իսկ հայ ժողովուրդն իր դիտումներով, գոհունակությամբ միանշանակ փաստում է, որ հենց այդպես է մտածում»։
Իսկ երգը շարունակում է ոչ միայն սիրո, այլև համացանցային հաղթարշավը` 4 օրում «Youtube»-ում դիտումների թվով հատելով 700.000-ը, «Yandex music» հարթակում դառնալով միակ հայալեզու երգը, որը լավագույն տասնյակում է, իսկ «Apple music»-ում՝ մոտենալով թոփ-տասնյակին։
«Ընդհանուր դիտողականությունը մեզ հասանելի հարթակներում այս պահի դրությամբ արդեն հատել է 8 միլիոնը»,- նշում է երգի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը՝ հավելելով, որ զուգահեռաբար նաև տարբեր հարթակներում օգտատերերն այս երգով տեղադրում են սեփական տեսանյութերը, լուսանկարները։
Երգին, երգի բառերին ուղղված քննադատություններին, ու երգի բառերի առնչությամբ հեղինակին տարածքային պահանջատիրության մեջ մեղադրելու ծայրահեղ դրսևորումներին հեղինակն արձագանքում է նկատառմամբ, որ այդ նույն մարդիկ նույն «մեղքերի» մեջ քննադատում են հայկական ժողովորդական համույթներին, որոնք երգում են Մուշի, Սասունի, Ադանայի մասին, Արարատ սարի մասին, քննադատում են այն գրողներին ու բանաստեղծներին, որոնք խոսում են հայի ու հայրենիքի մասին։
Թեև «Ես Քո Արցախն եմ, Դու իմ Հայաստանը» արդեն գրված է եղել մայիս ամսին ու նախատեսված է եղել թողարկել դեռ հունիսին, սակայն երկրում առկա տարբեր գործընթացներ հետաձգել են այդ որոշումը, ու երգը հանրայնացվել է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը։
Ռուբեն Մխիթարյանը սա համարում է ճիշտ որոշում՝ նկատելով, որ երգով հղված մեսիջը հենց Արցախի անկախության օրվան էր ներդաշնակ։
«Երգը իրար սիրելու մասին է։ Այս երգում կա մեկ գաղափարախոսություն՝ միասնականություն․ ի վերջո, պետք է լինի գիտակցում, որ մենք բոլորս նույնն ենք, մեզ փորձում են բաժանել՝ «ցի»-ն կպցնելով։ Ես ինձ ու մեզ այդ խաղից դուրս եմ հանում, որովհետև բոլորիս համար կա մի յուրահատկություն՝ մենք բոլորս հայ ենք»,- շեշտեց նա։
Ինչո՞ւ Արցախի անկախության օրը Հայաստանի գործող իշխանությունը որևէ մեսիջ չուղղեց արցախցի մեր քույրերին ու եղբայրներին՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ մշակութային գործիչը նշեց․
«Իրենք խոսելու բան չունեն. ի՞նչ դեմքով պետք է դուրս գան ու մեսիջներ ուղղեն։ Հայաստանի օրվա իշխանությունները, որոնք տռճիկ էին տալիս Շուշիում Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը ու հետո կանգնում, ասում են՝ «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր», կամ՝ երբ ասում էին՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», բայց իրականում՝ նշում, թե՝ պետք է ասեի, որ Արցախը երբեք չի կարող լինել Հայաստան դեռևս 2018 թվականին… էս տեքստերն ասող մարդիկ ի՞նչ դեմքով պետք է շնորհավորեին մի պետության անկախության օրը, որը ճանաչել են այլ պետության կազմում»։
Իսկ ի՞նչ է պակասում հանրությանն ու ժողովրդին միասնականության համար՝ մեր հաջորդ հարցին ի պատասխան՝ Ռուբեն Մխիթարյանը նախ նկատեց, որ ժողովրդին ցանկացած գործի համար, այդ թվում՝ կոնսոլիդացիայի, առաջնորդ է պետք։
Նա համոզված է՝ նաև «Ես Քո Արցախն եմ, Դու իմ Հայաստանը» երգի հազարավոր արձագանքներով, հարյուրավոր մեկնաբանություններով քաղաքացիները ցույց են տալիս, որ դեմ են տարանջատմանը։
«Մեր հայրենակիցները նաև այս երգի միջոցով ասում են՝ համաձայն են միասնականության այս գաղափարախոսության հետ, բայց՝ ի՞նչ պետք է իրենք անեն. այդ «ինչ պետք է անեն»-ն այլևս առաջնորդների ձեռքում է։
Եթե քաղաքական հայտ ներկայացնող մարդիկ հայտնվեն, որոնք պատրաստ են այս գաղափարախոսությունը վերցնել ու առաջնորդել այս ժողովրդին, ժողովուրդը կապացուցի իր ով լինելը։
Հավատացե՛ք, այս ժողովուրդը խեղճ ու անճար ժողովուրդ չէ․ այս նույն ժողովուրդն էր 30 տարի առաջ հաղթանակները կերտողը, այս նույն ժողովրդի միջից են ծնունդ առնում օլիմպիական չեմպիոնները, հզորագույն արվեստի գործիչները, այդ պատասխանատու քաղաքացիական դիրքորոշում ունեցող մշակութային գործիչները։
Հիմա, ըստ այդմ, ժողովրդին համախմբելու ու առաջնորդելու հայտ ներկայացրած յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, թե այս ժողովուրդն իրենից ինչ է ներկայացնում, իսկ ես պնդում եմ՝ հայ ժողովուրդը լավ ժողովուրդ է։ Խոսքս վերաբերում է Հայաստանի քաղաքական ներկապնակին․ եթե չեք հասկանում, պետք չի ասել, որ ժողովուրդը վատն է։ Այն մարդիկ, որոնք այս ժողովրդին հասկացան ու նրան կարողացան առաջնորդել, ապա ժողովուրդն իր խոսքն ասելու է ու ապացուցելու է, որ ինքը լավ ժողովուրդ է, իսկական հայ ժողովուրդ է»,- ամփոփեց նա։