Մենք ընտրեցինք չորս հնարավորություններից մեկը` Արցախի անկախությունը. Աշոտ Ղուլյան
«ԼՂՀ հռչակումը դարձավ այն մեկնակետը, որից սկսվում է Արցախի նորագույն պատմության նոր փուլը։ Քաղաքական այդ կարևոր որոշմանը հաջորդած առաջին քայլերով Արցախի հայությունը պետք է դրսևորեր ինքնուրույն պետական հաստատություններ ձևավորելու իր ունակությունը, ինչը լուրջ փորձություն էր»,- ՀՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» վերտառությամբ համաժողովի ընթացքում այս մասին ասաց ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, ներկայացնելով «ԼՂ Հանրապետության հռչակումը ԽՍՀՄ փլուզման համատեքստում (1991թ. սեպտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 10)» զեկույցը։
Աշոտ Ղուլյանն ասաց, որ այս օրերին քաղաքական քննարկումների օրակարգում տիրապետողն Արցախի թեման է, և դա բնական է, հայկական երկրորդ հանրապետությունն իր կազմավորման պահից 30 և ավելի տարիներ հպարտություն և գոհունակություն է պարգևել համայն հայությանը՝ և հայրենիքում, և նրա սահմաններից դուրս։
Նրա խոսքով, 2023 թվականի աղետից՝ Արցախից 150 հազար հայության բռնի տեղահանումից հետո, մենք առաջին անգամ ենք նոր իրավիճակում անդրադառնում երբեմնի ծաղկուն, իսկ այսօր՝ նաև հայաթափված Արցախի նոր ժամանակների պատմությանը, և որքան էլ ճնշող լինեն մեր հիշողությունները, պարտավոր ենք խոսել այս թեմաներով, անդրադառնալ մեր հերոսական անցյալի էջերին, դժվար պահերին բռունցքվելու մեր կարողությանը, անելանելի իրավիճակներից ելքեր գտնելու մեր ունակությանը, որովհետև ներկա վիճակը մեզ նորից պարտավորեցնում է ոչ վաղ անցյալի սխալներից դասեր քաղելով՝ համախմբվելու եզրեր գտնել և շարունակել պայքարը հանուն այն Հայաստանի, որը վաղն է գալու, հանուն այն Հայաստանի, որ իր բոլոր հատվածների համար հավասարաչափ է ցավում, որ տեր է կանգնում թշնամու բանտերում գերեվարված իր զավակներին և պատանդառված իր գործիչներին։
Աշոտ Ղուլյանն ասաց, որ 1991թ. սեպտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 10-ը շատ կարևոր և խիտ զարգացումների ժամանակաշրջան է եղել։ «Սակայն վստահ եմ, որ պատմական այդ փաստերին պետք է այսօր անդրադառնալ նաև այն դիտանկյուններից, թե ինչպես ստացվեց, որ 1991-ի կեսերից մեր ազատագրական պայքարի փիլիսոփայության մեջ տեղի ունեցավ սկզբունքային փոփոխություն՝ «Միացում» կարգախոսից անցում կատարվեց «Անկախություն» կարգախոսին, և ինչ հետևանքներ այն ունեցավ հետագա զարգացումների համար։ ԼՂՀ հռչակումը դարձավ այն մեկնակետը, որից սկսվում է Արցախի նորագույն պատմության նոր փուլը։ Քաղաքական այդ կարևոր որոշմանը հաջորդած առաջին քայլերով Արցախի հայությունը պետք է դրսևորեր ինքնուրույն պետական հաստատություններ ձևավորելու իր ունակությունը, ինչը լուրջ փորձություն էր այդ ժամանակաշրջանի քաղաքական ընտրախավի համար։
Ինքնուրույն պետականության հաստատման նախապատմությունն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայցևայնպես անհնար է թեման քննել՝ առանց որոշակի փուլերի առանձնացման»,- ասաց Աշոտ Ղուլյանը, մանրամասն խոսելով այդ փուլերից պատմականորեն։
Նա նշեց, որ ներկայումս կարող ենք բանավիճել «Միացում» կարգախոսից «Անկախություն» կարգախոսին անցնելու նպատակահարմարության մասին, բայց կյանքը ցույց է տվել ինքնուրույն պետականություն կառուցելու արցախահայության կամքն ու վճռականությունը, ունակությունը ՀՀ-ի և Սփյուռքի մշտական աջակցության պայմաններում։ «Բոլոր ազատագրական պայքարների ընթացքում միշտ էլ որոշակի քաղաքական միամտության էլեմենտներ եղել են, հետևաբար՝ մեր դեպքերում էլ այս ընտրությունը կատարելով՝ ընդունել ենք, որ այնպես, ինչպես ՄԱԿ-ի համապատասխան հռչակագրում չորս հնարավորություն կա անկախություն հռչակելու, ինքնուրույն պետություն ստեղծելու, որևէ մեկին միավորվելու և վերամիավորվելու և որևէ այլ կարգավիճակ ստեղծելու, մենք պարզապես ընտրեցինք այդ չորս հնարավորություններից մեկը՝ անկախ պետականությունը»,- ասաց Աշոտ Ղուլյանը՝ ծափողջույնների ներքո ավարտելով իր ելույթը։
Առաջարկում ենք ելույթի մանրամասներին ծանոթանալ տեսանյութով։