Դեկտեմբերի 12-ից մի քանի օր առաջ ՀՀ ուժային կառույցների ղեկավարներից մեկը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ Ստեփանակերտի «Լավանդա» ռեստորանում ի՞նչ է բանակցել, որ դրանից հետո փակվեց Արցախի ճանապարհը. Մեսրոպ Առաքելյան
«Նիկոլ Փաշինյանը պետք է հարցերի պատասխանի»,- այս մասին Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի վերջին ասուլիսում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ վերջինիս արած դիտարկումներին և ռազմագերիների վերադարձի մասին հարցին։
Առաքելյանն ասաց, որ այսօր շատ ծանր է, որ Արցախի անկախության օրը Երևանում ենք նշում, սա հայ ժողովրդի համար կարևոր օրերից մեկն է, որը սերունդների երազանքն էր։ Նա նշեց, որ այսօր հնարավորություն չկա լինել Արցախում, դրանով ամեն բան ասված է։
«Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, ամեն անգամ ասուլիսներով, հարցազրույցներով, հայտարարություններով իր թշնամանքն է ցուցաբերում Արցախին, արցախցիներին, և վերջին ասուլիսը բացառություն չէր կարող լինել։ Ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին, առնվազն 23 գերի ունենք, ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլև ՀՀ քաղաքացիներ, որոնց վերաբերյալ ՀՀ իշխանության կողմից որևէ պրոցես չի գեներացվում։ Որքան էլ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ զբաղվում են, սակայն դա ակնհայտ չէ, ակնհայտ է, որ որևիցե հայտարարություն միջազգային գործընկերների հետ հանդիպումներում չի արվում, հետևաբար՝ առնվազն ՀՀ իշխանություններից որևէ հուսադրող ակնկալիք չկա, որ մեր ռազմագերիներն ու մնացած պահվող անձինք շուտափույթ կվերադառնան»,- նման կարծիք հայտնեց Մեսրոպ Առաքելյանը։
Նրա որակմամբ՝ ՀՀ իշխանություններն անում են ամեն բան, որպեսզի մոռացության մատնեն Արցախը։
«Բայց ես համոզված եմ, որ ամեն անգամ այս ադրբեջանաթուրքական թեզերի տարածումը հերթական անգամ հայ ժողովրդին մղում է նրան, որ Արցախի հարցը չի կարող փակված լինել»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած դիտարկումներին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ, Առաքելյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մնացել է լրագրողական մակարդակի, որ այնպիսի հարցեր է տալիս, որ կարող են տալ լրագրողները։
«Մարդը երկրի ղեկավար է, իր պատկերացրած ինչ-որ մեկն ինչ-որ մեկին ուղարկում է քաղաքականությամբ զբաղվելու, ինքն է իր կենսագրության ընթացքում ամեն անգամ ինչ-որ մեկի կողմից ինչ-որ մի տեղ ուղարկվել, հետևաբար՝ նաև մնացածին է այդպես վերաբերվում: Ռուբեն Վարդանյանի նվիրումը Հայաստանին ու Արցախին 30 տարի է եղել, և լրագրող Նիկոլ Փաշինյանը դա չի նկատե՞լ»,- ասաց բանախոսը՝ շարունակելով, որ Ռուբեն Վարդանյանի Արցախ գնալը հայրենասիրական դրսևորում էր։
Նրա խոսքով՝ բազմաթիվ հարցեր կան, որոնց Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի։
«Օրինակ՝ հարցերից մեկը. ինձ շատ հետաքրքիր է՝ դեկտեմբերի 12-ից մի քանի օր առաջ ՀՀ ուժային կառույցների ղեկավարներից մեկը Ստեփանակերտի «Լավանդա» ռեստորանում Ադրբեջանի իր գործընկերոջ հետ ի՞նչ է բանակցել, որից ընդամենը մի քանի օր հետո Արցախի ճանապարհը վերջնական փակվեց։
Օրինակ՝ կարելի է Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ 2020 թվականի պատերազմից հետո ո՞վ էր իրեն և իր քաղաքական թիմին արգելում ընդհանրապես Արցախում լինել։ Բազմաթիվ հարցեր կան, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի դեկտեմբերի 3-ին Արցախի իշխանություններին ո՞ւմ հանձնարարությամբ էր ասում, որ՝ Հայաստանը Ձեզ որևիցե հարցով չի կարող օգնել, և դրանից 9 օր անց փակվեց Արցախի ճանապարհը։ Սրանք հարցեր են բազմաթիվ։ Հուսով եմ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հնարավորինս շուտ կվերադառնա»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։