Ո՞ւմ են քերթում, ո՞ւմ վրա է մնալու այս բեռը. հպարտ քաղաքացի, դու վճարի, իրենք վայելեն

Տաքսիների վրա հարկային բեռ դնելով՝ կառավարությունը փորձում է ավելացնել այս ոլորտից գանձվող հարկերը։ Սա նոր ֆինանսական ծանրություն է, որն ինչ-որ մեկը պետք է վճարի։

Տպավորություն են ստեղծում, թե խոսքը չնչին գումարների մասին է։ Բայց այդպես չէ։ Հարկային բեռը, որն աստիճանաբար ավելի է ծանրանալու, բերելու է տաքսիների գների բարձրացման, ու դա բոլորովին էլ չնչին չի լինելու, ինչպես ներկայացնում են կառավարության ներկայացուցիչները։ Դրանում կհամոզվենք սեպտեմբերի 1-ից հետո, երբ նոր կարգավորումները մտնեն գործողության մեջ։

Սեպտեմբերի 1-ից կամ գուցե մի քանի օր հետո տաքսիները թանկանալու են, ու այդ թանկացման ազդեցությունը կրելու են քաղաքացիները՝ սպառողները։ Նրանք են վճարելու այն գումարները, որոնք հարկային բեռի ավելացման տեսքով կառավարությունը դրել է տաքսի ծառայությունների վրա։

Սա լինելու է անուղղակի հարկ, ինչը դուրս է գալու քաղաքացիների գրպանից։

Կարդացեք նաև

Տաքսի ծառայության հարկային բեռն ավելացնելով՝ իրականում ավելացնում են քաղաքացիների բեռը։ Այդ մասին, բնականաբար, չեն խոսում, բայց այդպես է. հենց «հպարտ» քաղաքացիներն են վճարելու այդ գումարները, տուժողը քաղաքացին է լինելու։

Իհարկե, տուժելու են նաև տաքսի ծառայություն մատուցողները։ Թանկացումը ստիպելու է սպառողների մի մասին հրաժարվել տաքսիների ծառայություններից օգտվել։ Կրճատվելու է պատվերների քանակը։ Կրճատվելու է նաև ոլորտում զբաղվածների քանակը։

Այն կարգավորումները, որ դրել են՝ բերելու է նրան, որ հատկապես անհատ տաքսիստների մի մասը դուրս է մնալու։ Ստիպված է լինելու հրաժարվել տաքսի ծառայություն մատուցելուց, որքան էլ շատերի համար դա օրվա հաց վաստակելու միջոց է։

Դա բերելու է նաև բիզնեսի կենտրոնացման՝ իր վատ հետևանքներով։

Սրանք առայժմ կառավարության նախաձեռնության երևացող կողմերն են։ Բայց այդքանով չեն ավարտվելու։

Հարկային բեռի ավելացումը չի սահմանափակվելու միայն պետական տուրքերով, այլ ծառայությունների համար էլ են վճարելու, այլ հարկեր են վճարելու։ Ու այդ բոլոր ծախսերը դուրս են գալու քաղաքացիների գրպանից՝ տաքսի ծառայության թանկացման ու գների բարձրացման միջոցով։

Իշխող վարչախումբն այս ամենը փորձում է ներկայացնել պետական քաղաքականության տրամաբանության մեջ։ Բայց դրանում բացարձակ պետական քաղաքականության տրամաբանություն չկա։ Նպատակը մեկն է՝ ինչքան հնարավոր է՝ ճնշել քաղաքացիներին, ավելացնել նրանց հարկային բեռը, որպեսզի վճարվող գումարների հաշվին իրենք իրենց ավելի լավ զգան, կարողանան ավելի շատ պարգևավճարներ ստանալ, պետության հաշվին ավելի շատ գումարներ ծախսեն իրենց հաճույքների համար՝ թանկարժեք ճամփորդություններ, շքեղ հյուրանոցներ, գնումներ, հեծանվային զբոսանքներ, և այլն, և այլն:

Հիշեցնենք, օրեր առաջ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ «փաշինյանական հեծանվավազքը» ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է գրեթե 15 մլն դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացել էր, որ հարկատուների՝ «Հայաստանի Հանրապետության հերոսի» գրպանից փոխանցված հարկերի հաշվին մոտ 40.000 ԱՄՆ դոլար է արժեցել միայն Սևանի շուրջ երկօրյա Փաշինյանի հեծանվավազքը։ Մյուս զբոսանքների համար, հայտնի չէ՝ որքան գումար են ծախսել պետական բյուջեից:

«Մենք կարծում ենք, որ այստեղ պետք է պետական տրամաբանությունն աշխատի և այո՛, պետության կայացման և նրա կարիքների հասցեագրման հարցում բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ տաքսու վարորդները, օրենքով սահմանված կարգով պետք է մասնակցություն ունենան։ Որովհետև այդ 20 դրամը, որ իրենք պետք է վճարեն, այդ 20 դրամով պետք է ճանապարհներ կառուցվեն, երթևեկության անվտանգությունն ապահովվի, իրենց համար հաճախորդներ ապահովենք, և այդպես շարունակ։ Դա շատ կարևոր է, և մենք պետք է այս տրամաբանությամբ գնանք»,- տաքսիների վրա հարկային բեռ ավելացնելն այսպես էր փորձում արդարացնել վարչախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Բայց ի՞նչ տրամաբանության մասին է խոսքը։ Այսքան ժամանակ, որ հարկային բեռը ծանրացրել են, պետական բյուջեի հարկերն ավելացել են, ի՞նչ են արել, ի՞նչ կենսական խնդիր են լուծել, երկրի անվտանգությո՞ւնն են ապահովել, թե՞ պաշտպանությունն են ամրապնդել։

Եթե նույնիսկ ճանապարհ են կառուցել, ապա կառուցել են պարտքերի հաշվին։

Եթե հարկերի հաշվին են ճանապարհ կառուցում, ճանապարհների անվտանգությունն ապահովում, ինչո՞ւ են այդքան պարտքեր կուտակել։ Պարտքը գրեթե կրկնապատկել են։

Բավական չէ այն, որ հարկային բեռը բիզնեսի ու քաղաքացիների վրա ծանրացնում են, դեռ երկրի պարտքերն էլ են ավելացնում։ Ամեն ինչ անում են, որ իրենց փողը չպակասի։ Պետության ու հարկատուների հաշվին հարստանում են, միլիոններ են կուտակում, բնակարաններ, ամառանոցներ, այլ անշարժ գույքեր են ձեռք բերում, բարձր աշխատավարձեր են ստանում, հարստանում։

Բյուջեի փողերը սկսել են քչություն անել, նախատեսված գումարները չեն հավաքվում, ամենուրեք հարկային նոր բեռ են դնում՝ տաքսիներին են հարկում, հասարակական տրանսպորտի գին են ավելացնում, ավտոկայանատեղիների տուրքերն ու վճարներն են անգամներով բարձրացնում, փոքր բիզնեսի հարկային բեռն են կրկնապատկում, հարկատուներին քրեական գործերով են վախեցնում, պատրաստվում են նոր խստացումներ անել՝ ստիպել մարդկանց ավելի շատ վճարել, որ իրենք՝ Նիկոլ Փաշինյանը, իր թիմակիցները՝ մերձավորներով հանդերձ, լավ վայելեն։

Կարճ ժամանակում իրենք հասցրել են մեծ հարստություններ կուտակել, իսկ հարկային այս համատարած ծանրացումների ու թանկացումների հետևանքով, հարյուր-հազարավոր քաղաքացիների հոգսերն ավելացել են, կյանքի պայմանները վատացել են։ Պետական քաղաքականությունից, բյուջեի եկամուտների ավելացումից են խոսում, իսկ ինչպե՞ս են բաշխվում այդ եկամուտները, ո՞ւր են գնում, ինչի՞ վրա են ծախսում։

Սոցիալապես անապահով քաղաքացիների եկամուտները չեն ավելացնում, պատճառաբանում են, թե փող չկա, մի բան էլ կրճատում են, բայց միլիոնավոր-միլիարդավոր դրամներ են ծախսում ֆեստիվառներ, հեծանվային արշավներ, փառատոներ, քեֆ-ուրախություններ կազմակերպելու, ճանապարհորդելու, հաճելի ժամանակ անցկացնելու համար։

Հարկատուների ու քաղաքացիների կաշին քերթում են, որպեսզի միլիոնավոր դրամներ վճարեն անգրագետ պաշտոնյաների քմահաճույքների ու մարդկանց անօրինական աշխատանքից ազատելու, քաղաքական իշխանության անխոհեմության պատճառով՝ միջազգային արբիտրաժային դատարաններում Հայաստանի նկատմամբ ներկայացված բազմաթիվ դատական հայցերի ծախսերը փակելու, վերցրած պարտքերը ժամանակին չիրացնելու, նախատեսված ծրագրերը թերանալու դիմաց տույժեր վճարելու, հազար ու մի անիմաստ ծախսեր կատարելու համար։

Սրա համա՞ր են հարկային բեռը ծանրացնում, հարկատուներին ու քաղաքացիներին քերում։

Բիզնեսին ճնշում են, քաղաքացուն ճնշում են, բոլորին ճնշում են, իբր պետություն են կառուցում, բայց պետությունը գնալով քանդվում է։ Բոլորը տուժում են, իրենք հարստանում են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս