Ի՞նչ է առաջարկում Պուտինը Փաշինյանին ու Ալիևին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի դադարեցնում ակտիվությունը հարավկովկասյան ռեգիոնում, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացում, որպես միջնորդ, հաստատվելու և ՌԴ կենսական շահերն իրագործելու ուղղությամբ։ Օգոստոսի 18-ին Ադրբեջան կատարած պետական այցից, օգոստոսի 23-ին Փաշինյանի հետ հեռախոսազրույցից և օգոստոսի 27-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Թուրքիա կատարած այցից և այնտեղ Բայրամով-Ֆիդան բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։
Հեռախոսազրույցի մասին նախօրեին հայտնեց Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ ռուսական պաշտոնական հաղորդագրության, ղեկավարները գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական այցի հաջող արդյունքների կապակցությամբ։ Նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։
«Շարունակվել են քննարկումները Հարավային Կովկասում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանի սահմանազատման և սահմանագծման, երկու պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ։
Այս կապակցությամբ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ այսուհետ ևս հնարավոր աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին՝ համապատասխան փոխընդունելի որոշումներ մշակելու գործում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը չնչին նրբություններով տարբերվում է ռուսական հաղորդագրություններից։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղմանը։«Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ԱՀ արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային միջանցքի բացման շուրջ»,-ասված էր հաղորդագրությունում։
Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեի ճեպազրույցում ևս կրկնեց ՌԴ պաշտոնական դիրքորոշումը,այսպես կոչված, միջանցքի վերաբերյալ։ Զախարովան ասաց, որ Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև կապերն ապաշրջափակելու հարցում ակնհայտ է, և ՌԴ-ն ելնում է նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն և կիրականացվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով այնպես, որ կբավարարեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերը։
«Երթուղին, որը Հայաստանի տարածքով պետք է միացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, մի շարք այլ երթուղիների հետ միասին, քննարկվում է Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համատեղ նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։
Այս եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքներն իրականացվում են ամենաբարձր մակարդակով՝ ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների։
Մենք տեսել ենք Իրանի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք մտահոգություն են հայտնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ, և, համապատասխանաբար, բացատրում են այս մոտեցման, այդ վերաբերմունքի պատճառները»,– ասել էր Զախարովան՝ անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը՝ հատկապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, և ակնարկելով, որ ռուսական առաջարկներում չկա միջանցքային տրամաբանություն:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջան կատարած պետական այցից օրեր անց ՌԴ նախագահի հեռախոսազրույցն Իլհամ Ալիևի հետ նշանակում է, որ ՌԴ նախագահը թե Երևանի, թե Բաքվի հետ բանակցային օրակարգի հետ կապված կոնկրետ հարցեր է քննարկում, և շփումների անհրաժեշտություն է առաջացել։
«Թե Փաշինյանին, թե Ալիևին արված զանգերը բխում են այն առաջարկից, որը Պուտինն արեց Ադրբեջանում։ Բնականաբար, կողմերից յուրաքանչյուրն իր ակնկալիքն ունի միջնորդից, ինչպես նաև ունի որոշակի պատկերացում բանակցությունների հետագա ընթացքի վերաբերյալ։Պարզ է, որ Երևանը չի ցանկանում բանակցություններ վերսկսել ՌԴ նախագահի հովանու ներքո, իսկ Ադրբեջանն ունի ցանկություն ստանալ առավելագույն արդյունք, ներկայումս ընթանում է աշխատանք, քանի որ ՌԴ-ն բազմիցս հայտարարել է հավասարակշռված գործընթացի մասին, և ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է և ռուսական առաջարկների, և եռակողմ հայտարարությունների, և Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցության ձևաչափի մասին։ Երևանը, բացի իր աշխարհաքաղաքական նկրտումներից, չունի որևէ այլ պատճառ այս առաջարկից հրաժարվելու համար»,-նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Նա արձանագրեց, որ ռուսական առաջարկի հետ անուղղակի կապ ուներ նաև Բայրամովի այցը Թուրքիա, որտեղ, նրա որակմամբ, չարձանագրվեց բեկում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում։
Վերլուծաբանը չի բացառում, որ դրանով ադրբեջանական կողմը փորձում է զրոյացնել Արևմուտքում բանակցությունները՝ ճանապարհ հարթելով ռուսական աշխատանքի համար։
«Սակայն սրանք տպավորություններ են։ Ակնհայտ է, որ կան մի շարք դրական հանգամանքներ՝ ի նպաստ ՌԴ նախագահի միջնորդական դիրքերի առաջմղման.ԱՄՆ ընտրություններ, Ուկրաինայի ռազմաճակատի զարգացումներ, և առաջիկա զարգացումները շատ բան ցույց կտան»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է բուն գործընթացին և առաջարկներին, ապա վերլուծաբանը գտնում է, որ որքան էլ կան եռակողմ հայտարարություններ, սակայն արևմտյան միջնորդության ընթացքում ռեգիոնում էական փոփոխություններ են տեղի ունեցել։
«Այս ամենը չի կարող չանդրադառնալ նոր նախաձեռնվող գործընթացի բովանդակության վրա, ուստի կարծում եմ՝ պետք է որ լինեն նոր առաջարկներ, որոշակիորեն նոր տեսլական, սակայն գործընթացի սկզբունքները կպահպանվեն։ Բացի կոնկրետ ռեգիոնալ նշանակությունից, Պուտինի նախաձեռնությունն ունի աշխարհաքաղաքական նշանակություն և տեղավորվում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման տրամաբանության շրջանակում»,-ասաց նա։