Ինչո՞ւ են լռում ԵՄ դիտորդները. Ադրբեջանը հերթական սադրա՞նքն է նախապատրաստում

Ադրբեջանը շարունակում է հայ-ադրբեջանական սահմանին կրակահերթերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու արատավոր քաղաքականությունը, չնայած հանգամանքին, որ սահմանի հայկական կողմում պարեկություն են իրականացնում եվրոպացի դիտորդները՝ տիրապետելով, ըստ էության, իրավիճակի բոլոր մանրամասներին։

Այսօր Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքեց Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մասնավորապես պնդել է, որ այսօր, ժամը 06:45-ի սահմաններում, հայկական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից կրակել են Նախիջևանի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հիշեցրել է նաև, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել: Այս առաջարկին հրապարակային արձագանք պաշտոնական Բաքվից առայժմ չկա:

Օգոստոս ամսվա ընթացքում ՀՀ ՊՆ-ն նմանատիպ բովանդակությամբ շուրջ 5 հաղորդագրություն է տարածել, արձանագրելով Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունը։ Ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը, որը առանձնահատուկ բարձր գնահատականի է արժանանում ՀՀ իշխանությունների կողմից, որակվում՝ որպես ՀՀ անվտանգությունն ամրապնդող առաքելություն, իր պարեկության վերաբերյալ ժամանակ առ ժամանակ հաղորդագրություն է տարածում հաշվետվության ոճով, տրամադրելով մանրամասներ, թե սահմանի որ հատվածներում են իրականացվել դիտորդական աշխատանքները, սակայն տեղեկատվությունը հանրության համար միմիայն դրանով սահմանափակվում է, քանի որ միայն 2-3 դեպքերում է ողջ պարեկության ընթացքում առաքելությունն անդրադարձել կոնկրետ իրավիճակին և փորձել հերքել, օրինակ, Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը։ Ակնհայտ է, որ անընդհատ ապատեղեկատվություններով Ադրբեջանը փորձում է գործարկել ճնշումների մեխանիզմը՝ միգուցեև նպատակ ունենալով սրել իրավիճակը սահմանին։ Սակայն դիտորդները կամ ԵՄ-ն շարունակում են լռել։

Կարդացեք նաև

168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ կողմերի միմյանց հերքող հայտարարություններն անհանգստացնող նշան են։ Նրա խոսքով, այս հակամարտության երկար տարիների ընթացքում համոզվել ենք, որ սովորաբարնման երևույթ կողմերի միջև նկատվում է բանակցային տարաձայնությունների փուլում, որոնք երբեմն վերաճել են իրական լարվածության։

«Թեև կողմերի միջև պատերազմն ավարտվել է, սակայն կան տարաձայնություններ, իսկ ապատեղեկատվությունը կամ հրադադարի խախտման մասին հաղորդագրությունը ցույց է տալիս, որ կա հակվածություն դրա միջոցով ճնշում բանեցնել հակառակորդ կողմի նկատմամբ՝ ինչ-ինչ հարցեր լուծելու կամ դիրքորոշումներ մեղմելու նպատակով, կամ Ադրբեջանը փորձում է ստուգել ԵՄ արձագանքի սահմանները։ Ես բազմիցս եմ ասել, որ պատերազմի ընթացքում և պատերազմի արդյունքով Ադրբեջանը զգացել է ռազմական ճանապարհով հարցեր լուծելու հնարավորությունը և ցանկացած տարաձայնություն նման ճանապարհով լուծելու գայթակղությունը շարունակում է պահպանվել։ Ադրբեջանական կողմը մշտապես արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությամբ այս հակամարտության դիվանագիտությունը պարտվել է ռազմական, այսպես կոչված, լուծմանը, ուստի Ադրբեջանի համար ուժային բաղադրիչը շարունակելու է երկար ժամանակ կարևոր մնալ»,-նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը։

Մեր զրուցակցի խոսքով, դա է նաև պատճառը, որ Երևանն առաջարկում է միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ինչն արդյունավետ չէ նման իրավիճակում։

«Ըստ էության, անվտանգային գործոն պետք է համարվեն ԵՄ դիտորդները, սակայն ԵՄ-ն իր շահերն ունի, և, փաստորեն,Հայաստանի կողմից դիտորդություն իրականացնող եվրոպացիները տեղեկատվությունը փակ են պահում կամ այն տրամադրում են ԵՄ համապատասխան մարմիններին։ Սակայն, թե ինչ է անում այդ տեղեկատվության հետ ԵՄ-ն՝ հայտնի չէ, ինչպես է այդ տեղեկատվությունն օգտագործվում ի օգուտ ռեգիոնալ կայունության և ավելի խոցելի անվտանգային դիրքեր ունեցող Հայաստանի, հայտնի չէ։ Ինչպես ի սկզբանե կարծում էինք, որ սա ոչ այնքան անվտանգային իրական գործիք է, որքան աշխարհաքաղաքական լծակ, ներկայություն Հարավային Կովկասում, որպեսզի ՌԴ-ն զիջի իր ռազմական ներկայությունը Հայաստանում, իսկ ազդեցությունը՝ ռեգիոնում։

Ռուս ռազմական վերլուծաբանը գտնում է, որ լայնածավալ ռազմական բախումների հավանականությունը Հարավային Կովկասում քիչ է, սակայն ռազմական բնույթի միջադեպերը նման իրավիճակում երբեք պետք չէ բացառել։

«Այս դեպքում իրավիճակի պատասխանատվությունը ոչ միայն կողմերինն է, այլև ներկայություն ունեցող ուժինը, քանի որ նա ունի նաև լծակներ նման իրավիճակ թույլ չտալու համար, հատկապես, երբ ունի տեղում դիտորդական ներկայություն։ Ի դեպ, պետք է նաև հիշեցնել, որ դիտորդները ՀՀ-ում ռուս սահմանապահներից էին բողոքել, և այդ դրվագում ՀՀ իշխանությունները, իհարկե, աջակցեցին հենց եվրոպական վարկածին, սա լիովին բնութագրում է եվրոպական դիտորդական առաքելությանը՝ որպես աշխարհաքաղաքական»,-ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է ապատեղեկատվության մասին հաղորդագրություններին և հնարավոր զարգացումներին, դրանց կապին ռեգիոնալ քաղաքական զարգացումների հետ, մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ Բաքու, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Թուրքիա այցի հետ, Խրամչիխինն ասաց, որ այս ամենը չէր կապի այդ այցերի հետ, քանի որ ապատեղեկատվության մասին հայտարարությունները կարծես սկսվել են ավելի վաղ։

«Դրանք առավելապես կապ ունեն կողմերի միջև առկա իրավիճակի, տարաձայնությունների և կարգավորման հեռանկարների հետ, ու ըստ կողմերի միջև պայմանավորվածությունների՝ կլինի իրավիճակ սահմանին՝կամ հանդարտ, կամ անհանգիստ»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս