Իշխանությունը չի կարող հիշել Արցախի անկախության օրը. նա լռությամբ փորձում է ավարտին հասցնել իր ծրագիրը. Դավիթ Գալստյան
Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 33-րդ ամյակն է։ Չնայած այս պահին Արցախի Հանրապետությունն ամբողջովին օկուպացված է Ադրբեջանի կողմից, իսկ արցախահայությունը՝ բռնի տեղահանված, միևնույն է՝ այդ օրը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում տեղի կունենա միջոցառում, որպեսզի արցախահայերը հավաքվեն այնտեղ ու հերթական անգամ ցույց տան, որ Արցախի հարցը լուծված չէ, և իրենց վերադարձը դեպի պատմական հայրենիք չունի այլընտրանք։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց՝ Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին, իր տեղեկություններով՝ Արցախի իշխանությունների կողմից ներկայացուցչությունում կկազմակերպվի ընդունելություն և այց Եռաբլուր։
«Բոլոր այն հայերը, ովքեր Արցախը համարում են հայկական և չեն համարում, որ Արցախի հարցը վերջնականապես փակվել է, պարտավոր են Արցախի անկախության օրն իրենց ներկայությամբ ու որոշակի քայլերով ցույց տալ, որ Արցախը չի մոռացվել։ Այո՛, այսօր Արցախն օկուպացված է Ադրբեջանի կողմից, բայց այն պատմականորեն հայկական է և մի օր պետք է վերադարձվի իսկական տերերին»,- նշեց Դավիթ Գալստյանը։
Արցախի ԱԺ պատգամավորն իրատեսական չի համարում, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած ՀՀ իշխանությունը կարող է որևէ կերպ հիշել Արցախի անկախության օրը:
«Նիկոլ Փաշինյանը երբ ընդդիմադիր պատգամավոր էր, շոուներ էր կազմակերպում՝ Արցախը համարելով իր հայրենիքը։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները՝ ՔՊ-ական ակնառու ներկայացուցիչները, Ակնայից ժամանակին նկար էին հրապարակում, ասում էին՝ Ակնան մեր հայրենիքն է։ Ցավոք, երբ եկան իշխանության, մոռացան, որ Ակնան իրենց հայրենիքն է, քանի որ ոչ Հայաստանի շահերից բխող ծրագիր էին իրականացնում, որտեղ որևէ կերպ չպետք է լիներ հայկական Արցախ։ Հետևաբար, նման իշխանությունը չի կարող որևէ կերպ հիշել Արցախի անկախության օրը, ավելին՝ նրանք առիթը բաց չեն թողնում ոտնձգություններ թույլ տալ Արցախի ներկայացուցչության նկատմամբ, չեն խորհրդակցում Արցախի որևէ կառույցի կամ ինստիտուտի հետ։ Այս ամենն ապացուցուցում է, որ ներկայիս իշխանությունը դեռևս չի ավարտել իր ծրագիրը, լռությամբ փորձում է ավարտին հասցնել այն, ինչի համար իրենց բերել են իշխանության»,- հավելեց մեր զրուցակիցը։
Դավիթ Գալստյանը չի բացառում, որ այս անգամ ևս, երբ Արցախի ներկայացուցչությունում որևէ միջոցառում տեղի ունենա, իշխանություններն ակտիվացնեն իրավապահներին, սկսեն ստուգումներ արցախահայերի բնակարաններում, մեքենաներում։
«Կրկնում եմ՝ այս իշխանությանը բերել են նրա համար, որ Արցախի հարցը վերջնականապես փակի, բայց պայքարելու ենք։ Թող իրենք ջղաձգվեն, որովհետև Արցախը պատմաիրավական առումով հայկական է, և այս իշխանության կողմից նման ոտնձգությունները, իհարկե, անսպասելի չեն լինելու մեզ համար։ Այս ամենը մեզ չի ընկճում, և մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն արցախահայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքի պաշտպանությանը և դրա բարձրաձայնմանը։ Հույս ունենք, որ Հայաստանում կլինի հայամետ իշխանություն, որը ջանք ու եռանդ չի խնայի՝ հայկական Արցախը վերադարձնելու համար»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և հայությանը կոչ էր արել սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման օրը, հավաքվել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ՝ Արցախի Անկախության օրը նշելու համար։
«Հայերը սեպտեմբերի 2-ին միշտ կարողացել են մեկնել Արցախի Հանրապետություն և այնտեղ նշել ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ տոնը: Այս տարի դրա հույսը մեծ չէ, եթե չասեմ՝ ընդհանրապես չկա: Բայց ՀՀ-ում կա Արցախի Հանրապետության ներկայացուցչություն: Կոչս հետևյալն է. եկեք սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն՝ Արցախն ազատ ու անկախ պահելու մեր կամքն արտահայտելու համար: Վստահ եմ, մեզ որևէ մեկի հրավերը պետք չէ, կարող ենք պարզապես ինչ-որ հարմար ժամի այցելել ներկայացուցչություն և այնտեղ մի քանի րոպե անցկացնելով՝ հայտնել մեր աջակցությունը: Կարող եք նկարվել, ինչ-որ բան գրել, ասել, զրուցել: Վստահ եմ, որ ամբողջ աշխատակազմն այնտեղ է լինելու»,- գրել էր Թևան Պողոսյանը։
Հիշեցնենք նաև, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր: Երեք ամիս անց՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեում Արցախի բնակչության 99.89%-ն «այո» ասաց անկախությանը: