Եկեք սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն. Թևան Պողոսյանի կոչը

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ տարի առաջ այս կոչով դիմեցի բոլորին, նույնն անում եմ այսօր և շատ ուրախ կլինեմ, որ այս տարի ավելի շատ մարդ միանա կոչիս։ Մենք աշխարհին պետք է ապացուցենք, որ Արցախը իրական է և այն պարտավոր ենք վերականգնել։

Սեպեմբերի 2

Մի գաղափար ունեմ, ավելի ճիշտ՝ կոչ: Երբ որևէ երկիր տոնում է իր անկախության տոնը ՀՀ-ում, այն իր դեսպանատանն ընդունելություն է կազմակերպում: Այդպես է ինչպես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, այնպես էլ այլոց պարագայում:

Հայերը սեպտեմբերի 2-ին միշտ կարողացել են մեկնել Արցախի Հանրապետություն և այնտեղ նշել ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ տոնը: Այս տարի դրա հույսը մեծ չէ, եթե չասեմ, ընդհանրապես չկա: Բայց ՀՀ-ում կա Արցախի Հանրապետության ներկայացուցչություն: Կոչս հետևյալն է. եկեք սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն Արցախն ազատ ու անկախ պահելու մեր կամքն արտահայտելու համար: Վստահ եմ, մեզ որևէ մեկի հրավերը պետք չէ, կարող ենք պարզապես ինչ-որ հարմար ժամի այցելել ներկայացուցչություն և այնտեղ մի քանի րոպե անցկացնելով՝ հայտնել մեր աջակցությունը: Կարող եք նկարվել, ինչ-որ բան գրել, ասել, զրուցել: Վստահ եմ, որ ամբողջ աշխատակազմն այնտեղ է լինելու:

Այնտեղ է լինելու նաև Արցախի Հանրապետության Նախագահը, ԱԺ պատգամավորները և այլ գործող պաշտոնյաները: Մամուլը նույնպես այնտեղ պիտի լինի, քանի որ տեղին կլիներ աշխարհին ցույց տալ, որ հայերի համար Արցախը կա և կլինի:

Վստահ եմ, որ եթե բոլոր այցելուները սոցիալական ցանցերում մի նկար տեղադրեն իրենց այցի մասին, ինչ-որ բան գրեն դրա մասին, սա նույնպես համաշխարհային տարածում կստանա սեպտեմբերի 2-ին, և գոնե այսպես կբարձաձայնենք մեր արցախյան եղբայրների և քույրերի ցավը: Եկեք սեպտեմբերի 2-ին գտնենք այդ մի քանի րոպեն և այցելենք Արցախ:

Այցելեք խմբերով, մենակ, անկախ ամեն ինչից: Արցախը միշտ է իմացել ինչպես միավորել, և վստահ եմ, որ այդ օրն այն մեզ նորից կմիավորի:
Արցախը մեր բոլորի կարիքն ունի:

Հուսամ, որ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության Ներկայացուցչություն (ք.Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2):

Տեսանյութեր

Լրահոս