Անկախության հռչակագիրը փոխելու մասին կարող է խոսել միայն հոգով ստրուկը. Արմեն Մանվելյան

2018 թվականին Հայաստանի Անկախության հռչակագիրն անկախ Հայաստանի պետականության հաստատման հիմք համարած և այդ հռչակագրով սահմանված իղձերը հայ ժողովրդի պատմական պարտքն ու առաքելությունը համարած Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին՝ այդ նույն հռչակագրի ընդունման 34-ամյակի կապակցությամբ, ուղերձ է հղել՝ նսեմացնելով դրանում սահմանված իղձերը՝ դրանք համարելով փոփոխության ենթակա։

«ՀՀ Սահմանադրության բովանդակությունները նույնական չեն։ Անկախության ու պետականության մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումները փոխվել են»,- ասված է Փաշինյանի օգոստոսի 23-ի ուղերձում՝ ի հեճուկս 2018 թվականին նույն հռչակագրի վերաբերյալ հնչեցված դիրքորոշումների։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը, խոսելով Անկախության հռչակագրի վերաբերյալ փաշինյանական այս տրանսֆորմացիայի պատճառների մասին՝ դրանք պայմանավորեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը կործանելու նպատակադրումով։

«Անկախության հռչակագիրը փոխելու մասին կարող է պնդել մի մարդ, որն ինքը երբեք անկախ չի եղել՝ ո՛չ հոգեպես, ո՛չ բարոյապես, ո՛չ ֆիզիկապես. միայն նման տեսակը կարող է ասել, թե անկախության վերաբերյալ մոտեցումները փոխվել են։ Ավելին, նման բան կարող է ասել հոգով ստրուկը։ Ակնհայտ է, որ այս իշխանությունը գնում է Հայաստանի անկախության վերացման հետևից, որպեսզի Հայաստանը դառնա Թուրքիայի և Ադրբեջանի արանքում գտնող լոգիստիկ կենտրոն՝ վերահսկովող Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,- ասաց Արմեն Մանվելյանը։

Կարդացեք նաև

Նրա համոզմամբ՝ փաշինյանական իշխանությունը հայ ժողովրդի մոտ սերմանում է ծառայի հոգեբանություն, ինչն իրենց իշխանության պահպանման համար անհրաժեշտ հոգեբանություն է, ինչին էլ դեմ է Հայաստանի անկախության հռչակագիրը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը մերժող Փաշինյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու տարում՝ 2018 թվականին, Հռչակագրի ընդունումն անվանել է պատմական իրադարձություն, որը «հետագայում Հայաստանի անկախ պետականության հաստատման հիմքն է հանդիսացել»։

2019 թվականին հղած ուղերձում Հռչակագիրը համարել է «հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումը, որով ազդարարվել է Հայոց պետականության սկիզբը»:

2020 թվականի օգոստոսի 23-ին Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ պնդել է. «Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և մեր պատմական պարտքն ու առաքելությունն է՝ մեր հռչակած իղձերը դարձնել իրականություն»։

2021 թվականին կրկնել 2020-ի ուղերձը։

2022թ․ Անկախության հռչակագրի վերաբերյալ ուղերձում շեշտել՝ «Հայաստանը նոր տեսության կարիք ունի»։

2023 թվականի ուղերձում հռչակագիրը համարել է «քաղաքական փաստաթուղթ, որը կարիք ունի նոր քննության։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս