«Ռուսները ստիպում են Ալիևին հրաժարվել «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարից». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն անհեթեթություն է որակում այս օրերին շրջանառվող այն տեսակետները, թե Ռուսաստանը վերակենդանացրել է «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, և, որ դա բխում է ՌԴ շահերից:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա մանրամասն բացատրեց, թե ինչու է ««Զանգեզուրի միջանցք» ասվածը ձեռնտու միայն Արևմուտքին: Ըստ Ջամալյանի՝ այն արևմտյան գլոբալ շահերի մի դրվագ է:

«Ժամանակակից բազմաբևեռ դարձող աշխարհում Մեծ Բրիտանիան փորձում է վերստեղծել իր երբեմնի կայսրությունը, բայց դա անում է ոչ թե նախկին մեթոդներով, և վերջնական տեսքն էլ ոչ թե նախկինի պես է լինելու՝ պարզ գաղութ, որտեղ նահանգապետ է լինելու, արտաքին ուղիղ կառավարում, այլ ավելի խորամանկ կերպով են փորձելու ազդեցության տակ դնել այն տարածքները, որոնք ժամանակին մտել են այդ վիթխարի կայսրության կազմում: Ստեղծվում են խամաճիկային կառավարություններ, երկրի հիմնական ռեսուրսները վերահսկվում են, կոմունիկացիաները վերահսկվում են, և թեպետ առերևույթ կարծես երկիրն անկախ է, միջազգային իրավունքի սուբյեկտ է, բայց իրականում ռեալ իշխանության կրողներն ու իրացնողները նրանք են, ովքեր ուղղակի կախվածություն ունեն բրիտանական կենտրոններից: Ժամանակակից աշխարհում Բրիտանիայի հետաքրքրություններն են՝ Բալկաններ, Մերձավոր Արևելք, Միջին Արևելք, ընդհուպ՝ մինչև Հնդկաստան, Չինաստան»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ ի տարբերություն 200 տարի առաջվա՝ Անգլիայի նախկին գաղութներն այսօր աշխարհի ուժային կենտրոնների են վերածվել՝ Իրան, Հնդկաստան, և բրիտանական կողմի համար ավելի բարդ է իր այդ կայսերական ամբողջ սահմանները վերականգնելը, իր ազդեցության տակ դնելը. «Բայց իրենք համառորեն գնում են այդ ճանապարհով: Բրիտանիան ոչ մի նոր բան չի անում. Բրիտանական կայսերապաշտականության հիմքում ընկած է բրիտանացի հայտնի աշխարհաքաղաքագետ Մաքքինդերի տեսությունն առ այն, որ ով տիրում է Եվրասիային՝ տիրում է աշխարհին: Հիմա, հանգամանքների բերումով, Եվրասիայի մի զգալի մասը ՌԴ տարածքն է, և ինչպես 19-20-րդ դարերում, հիմա էլ Բրիտանիայի թիվ մեկ թշնամին ու հակառակորդը, իր աշխարհագրական դիրքով պայմանավորված, Ռուսաստանն է:

Որպեսզի Եվրասիայի ռեսուրսներին Բրիտանիան տիրապետի, Բրիտանիան փորձում է իր ազդեցությունը վերականգնել Բալկաններում, Թուրքիայում, Անդրկովկասում, Միջին Ասիայում և, եթե հնարավոր է՝ ավելի դեպի Արևելք: Բայց այստեղ խնդիր կա՝ Ռուսաստանը վերականգնում է իր տեղն ու դերն աշխարհում, Իրանն իր աննախադեպ աշխարհաքաղաքական հզորության գագաթնակետին է, Չինաստանն արդեն իսկ աշխարհի թիվ մեկ տնտեսությունն է, և Բրիտանիայի համար պոտենցիալ հակառակորդների թիվը մեծացել է:

«Զանգեզուրի միջանցք»-ն այդ հակառակորդներին թուլացնելու, նրանց ձեռքից ռեսուրսների ամբողջ գանձարանը վերցնելու, այդ ռեսուրսներն ապահով ճանապարհով Արևմուտք տեղափոխելու մի խաչմերուկ է: Արևմտյան ծագումնաբանություն այն ունի և ուղղված է ՌԴ-ի դեմ: Ամերիկյան և բրիտանական շահերն այստեղ նույնական են, և պատահական չէր, որ Օ՛ Բրայենը բացահայտ տեքստով ասաց, որ իրենց Սյունիքում միջանցք է պետք, որպեսզի ռեսուրսները Միջին Ասիայից հասնեն Արևմուտք այն կոմունիկացիաներով, որոնք չեն վերահսկվում ՌԴ-ի կողմից: Հիմա Օ՛ Բրայենն ասում է մի բան, նրա շպրտած գրոշներով այստեղ իրենց քաղաքագետ և փորձագետ ձևացնող խամաճիկները՝ այլ բան»:

Ռազմական փորձագետի խոսքով՝ ՌԴ-ի համար Հայաստանի գոյությունը կենսականորեն կարևոր է. «Հայաստանի իշխանության ղեկին արևմտյան խամաճիկներն են, որոնք հայկական շահի հետ ընդհանրապես կապ չունեն, իրենց ընկալումներում, իրենց խեղված և մանիակալ հակառուսականության մեջ պատրաստ են ցանկացած զիջման գնալ Արևմուտքին, միայն թե կապեր չունենալ ՌԴ-ի հետ: Այսինքն՝ հակառուսականությունն այս մարդկանց մոտ վերածվել է հակապետական վարքագծի և քաղաքականության:

Ռուսները, լավ հասկանալով, որ այս մարդը ստորագրելով՝ Շուշին տվեց, Քավաճառը տվեց, Կիրանցի մի մասը տվեց, տալու հատուկ գեն ունի, հասկանում է, որ «Զանգեզուրի միջանցքն» էլ է տալու, որովհետև չի կարող չտալ, ապահովագրում են իրենց, որովհետև «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը հակառուսական և հակաիրանական է: Ռուսները հստակ մեջբերում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ միջանցքի մասին խոսք չկա: Դիվանագիտական լեզվով ռուսները ստիպում են Ալիևին փաստաթղթավորված հրաժարվել «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարից: Կոմունիկացիաները բացելը մի բան է, իսկ միջանցքը՝ մեկ այլ: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն առաջ մղելով՝ ռուսները կանխում են «Զանգեզուրի միջանցք»-ի հեռանկարը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս