Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանի խոսքով՝ 2023 թվականին, երբ Ադրբեջանն օկուպացրեց Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ, շատ բնակիչների սերտիֆիկատների համար խնդիրներ առաջացան, քանի որ տեղահանված բնակիչների մի մասի գումարը տրամադրում էր Արցախի Կառավարությունը։
168.am-ի հետ զրույցում նախորդ տարվա օգոստոսին Ադրբեջանին հանձնված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս գյուղի ղեկավար Մխիթար Ներսիսյանն ասաց, որ Աղավնոն, Բերձորը և Ներքին Սուսը թշնամուն հանձնելուց հետո սպասելի էր, որ Ադրբեջանն իրականացնելու է իր վաղեմի ծրագիրը, այն է՝ կտրել կապը Հայաստանի ու Արցախի միջև։
Օգոստոսի 25-ին, երբ Բերձորից, Ներքին Սուսից ու Աղավնոյից բնակիչներին իրենց կամքին հակառակ տարհանեցին՝ տարածքներն Ադրբեջանին հանձնելու համար, Արցախի տարածքային կառավարման նախարարությունը խոստացել էր, որ սեղմ ժամկետներում տեղահանված բոլոր բնակիչներին կտրամադրեն բնակարանների սերտիֆիկատներ։ Սերտիֆիկատների տրամադրման համար Արցախի տարածքային կառավարությունը տվյալներ էր տրամադրում ՀՀ սոցապ նախարարությանը, որն էլ պետք է հատկացներ սերտիֆիկատները։
«Ամեն ինչ հնարավոր է անենք, պետք է կազմակերպենք, ու բնակիչները, որոնք տարբեր տեղերում են՝ հավաքենք, Ներքին Սուս անունով գոնե թաղամաս ստեղծենք։ Բնակիչներն էլ ուզում են, որ բոլորս մի տեղում լինենք»,- նշեց Վ. Ներսիսյանը։
Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի հետ միասին, Աղավնո և Ներքին Սուս գյուղերն օգոստոսի 25-ից կհանձնվեն թշնամուն։ Օգոստոսի 5-ից սկսած բնակիչները սկսել են իրենց իրերը տեղափոխել Հայաստանի ու Արցախի այն վայրերը, որտեղ պատրաստվում են բնակվել: