«44-օրյա պատերազմն անպայման կհաղթեին, եթե ծախված չլինեին, մեր հայ զինվորը չի ծախվել, 18-20 տարեկան տղաները չէ, որ հողերը սիրուն մատուցել են, իշխանությունն է». Աղավնոյից տեղահանված բնակիչ

Արդեն 8 ամիս է՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղից տեղահանված բնակիչները Հայաստանում մեկ գյուղից տեղափոխվում են մեկ այլ գյուղ, մեկ վարձով տունը փոխարինում մեկ այլ վարձով տնով։ Ամենուր փորձում են Աղավնոյի հանգստությունն ու խաղաղությունը գտնել, սակայն չի ստացվում, չեն հարմարվում իրենց պարտադրված նոր ապրելակերպին։

17 տարուց ավելի Աղավնոյում ապրելուց հետո 2022 թվականի օգոստոսին Աղավնոյի բնակիչ Կարինե Ռասոյանը ստիպված թողեց սեփական տունը և թոշակառու մոր ու երկու աղջիկների հետ տեղափոխվեց Երևան։ Հեշտ չէր սեփական տունը կորցնելուց հետո նոր տուն գտնել, երկար փնտրտուքներից հետո տեղավորվեց վարձով տանը՝ թեև առանց նորմալ պայմանների, բայց ասում է՝ փողոցում մնալուց ավելի լավ է։

Կարինե Ռասոյանի տանը 168.am նկարահանումների ժամանակ քամին պատուհաններից ներս էր մտնում, սակայն այդ ցուրտ ու խոնավ տանը նրանք չեն կորցնում իրենց հույսը, որ մի օր եթե Աղավնո էլ չվերադառնան, Հայաստանի ինչ-որ գյուղում կստեղծեն Աղավնոյի տան նման մի տուն։

«Երբ Աղավնոյից տեղահանվեցինք, մեզ համար ահավոր դժվար էր, նախ՝ տուն չէինք գտել, հնարավորություն, գումար չկար, մի խայտառակ վիճակ էր։ Մի կերպ տեղափոխվել ենք. տեղափոխեցինք վեշը, հետո նոր՝ մենք։ Որոշ բաներ այրեցինք, չգիտեմ, չեմ պատկերացնում… հա, ես Երևանը շատ եմ սիրում, Արցախում վերաբնակիչ եմ եղել, բայց ինձ համար Արցախն ուրիշ հասկացողություն է եղել, մեր Աղավնոն ուրիշ է եղել։

Կարդացեք նաև

Մեզ Հայկ Խանումյանն ասել էր, որ եթե որևէ մեկը համարձակվի իր տունն այրի, սերտիֆիկատից կզրկվի։ Հիմա նայում ենք Աղավնոյին՝ հայկական շունչ չի մնացել, գիտեմ, որ արդեն շատ տներ են քանդել, մեր փողոցում մնացել էր կանգուն երեք տուն։ Դուրս գալուց որոշ բաներ բերել ենք, որոշ բաներ էլ՝ այրել, բայց սա չի էականը… այսօր ոչ մի բան էլ չունենք։

Ինձ պետք չէ իրենց սերտիֆիկատը, թող գան, վերցնեն, մեկ է՝ եթե տուն չգնեմ, ճղելու եմ, թափեմ։ Այդ սերտիֆիկատը մեզ տված սև թուղթն է»,- նշեց Կարինե Ռասոյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ բնակարանների գնման համար սերտիֆիկատը ստացել է, սակայն որևէ գործարք չի կարողանում կատարել։ Բացի այն, որ 10 մլն դրամով այժմ հնարավոր չէ տուն գնել, նաև 700.000 դրամ է պահանջվում գործարքը կատարելու համար։ Բացի այդ, տուն գնելու համար չունեն վարկային մաքուր պատմություն, քանի որ պատերազմից առաջ Արցախում վարկ է վերցրել, գոմ հիմնել ու պատերազմից հետո չի կարողացել վճարել ու հայտնվել է «սև ցուցակում»։

«Կառավարությունն առհասարակ չի մտածում, ես միշտ ասում եմ ու չեմ վախենում, ինչ կար վախենալու, ինչ ունեինք՝ կորցրեցինք։ Եթե այս հողերը պետք է ծախեին, ժողովրդին ինչո՞ւ այս օրը գցեցին, այդքան զոհեր, այդքան մարդիկ անտուն լցված են փողոցները։

Մենք Աղավնոյում շատ հաշտ ու համերաշխ ապրում էինք, 44-օրյա պատերազմից հետո նույնիսկ դպրոցը վերանորոգեցինք։ Աշխատանք, տնտեսություն ունեինք, վատ չէինք ապրում, փառք Աստծո, բայց այսօր ոչինչ չունենք։ Կառավարությունն ասում էր՝ գնացեք, ես բոլոր հարցերը կլուծեմ, բա ո՞ւր է։ Այսօր Աղավնոյի դպրոցը դեռ չի լուծարվել, բայց մեզ աշխատավարձ չեն տալիս։ Մենք չգիտենք, թե հաջորդ ամիս տան վարձը որտեղի՞ց պետք է տանք, մեր տները ձեռքներիցս առան, մեզ գցեցին փողոց։ Մեր բնակիչներից ոչ մեկին էլ պետք չէր այդ ամենը։ Մեր տները տվեցին թուրքին, թուրքը դրանք գետնին հավասարեցրեց։

Հայկ Խանումյանը մատը թափ էր տալիս, թե՝ տները հանկարծ չվառեք, եթե վառեցիք՝ սերտիֆիկատից կզրկեմ, էհ, զրկեիր, տվել ես, ու չեմ կարողանում գործարք անել։ Ամբողջ Քաշաթաղը Արայիկ Հարությունյանին է ընտրել, բա հիմա ո՞ւր է, բոլորին հանել-գցել է փողոցները։ Այն ժամանակ, երբ ճանապարհը բաց էր, գնացել էի Ստեփանակերտ, որ մտնեի Արայիկ Հարությունյանի մոտ, բայց նա առհասարակ որևէ մեկին չի ընդունում, նրան հետաքրքիր չէ բնակչության վիճակը»,- հավելեց Կարինե Ռասոյանը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Աղավնոյի բնակիչները բոլորն էլ վերադարձել էին գյուղ, ցավ էին ապրում այդքան զոհերի, տարածքների կորստի համար, բայց հույս ունեին, որ Բերձորն ու Աղավնոն կմնան, սակայն, ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ է եկել։

«Երբ Բերձորը հանձնեցին, մենք ասում էինք՝ մի քանի օր հետո էլ Աղավնոն են հանձնելու, և այդպես էլ եղավ։ Ես միշտ հարց եմ բարձրացրել՝ եթե ես գնալու տեղ չունեմ, որտե՞ղ եմ ապրելու։ Ասում էին՝ այլևս չեք կարող այստեղ մնաք, գնացեք, մեկ է՝ ուշ թե շուտ հետ եք գալու։ Բայց մեր տները քանդել ու հավասարեցրել են գետնին, մեզ էլ փողոցն են գցել, ինչի՞ համար, որ նայում եմ, մղկտում եմ։

Ինչ լինում է, ասում են՝ նախկինները, հա նախկինները, չէ՛, ինչո՞ւ եք միայն հենց նախկիններին շեշտում, ոչ մի պաշտոնյայի կողմ չեմ բռնում, գուցե օղակն իրար է կապված։ 30 տարի պահեցին, այդքան զոհեր եղան, ժողովուրդը պահեց, բա հիմա ո՞ւր են։

44-օրյա պատերազմն անպայման կհաղթեին, եթե ծախված չլինեին, մեր հայ զինվորը չի ծախվել, 18-20 տարեկան տղաները չէ, որ հողերը սիրուն մատուցել են, իշխանությունն է։ Ասում են՝ ձուկը գլխից է հոտած լինում։ Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս 4 օրում կանգնեցրեցին, ինչու մերոնք պարտվե՞լ են՝ չէ՛, ուղղակի կանգնեցրել են, որովհետև մերոնք շատ թափ են ունեցել, իսկ այս անգամ մերոնց լրիվ ծախել էին՝ ժամով, օրով, վայրկյանով, անտառներով… մի խոսքով՝ լիքը բաներ կան… Ե՛վ մեր ազգի արյունն են ծախել, և՛ հողերն են ծախել»,- եզրափակեց Կարինե Ռասոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս