«Բոլորն էլ գիտեին՝ այդ երեք տարածքները հանձնելուց հետո ինչ է լինելու, թշնամին լավ էլ պլանավորել էր». Ներքին Սուսի գյուղապետ
Արցախի Հանրապետությունը, 228-րդ օրն է՝ գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, 120.000 արցախահայեր հումանիտար աղետի մեջ են։ Ադրբեջանը փակելով Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, թույլ չի տալիս որևէ հումանիտար բեռ մտցնել Արցախ, բազմաթիվ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես սովի են մատնված։
168.am–ի հետ զրույցում նախորդ տարվա օգոստոսին Ադրբեջանին հանձնված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս գյուղի ղեկավար Մխիթար Ներսիսյանն ասաց, որ Աղավնոն, Բերձորը և Ներքին Սուսը թշնամուն հանձնելուց հետո սպասելի էր, որ Ադրբեջանն իրականացնելու է իր վաղեմի ծրագիրը, այն է՝ կտրել կապը Հայաստանի ու Արցախի միջև։
«Բոլորն էլ գիտեին, թե այդ երեք տարածքները հանձնելուց հետո ինչ է լինելու, թշնամին լավ էլ պլանավորել էր, թե դրանք ստանալուց հետո ինչ պետք է անի։ Իսկ այսօր, ինչպես բոլորս էլ տեսնում ենք, իրագործում է իր պլանները։
Կարծում եմ՝ իրավիճակը մեղմելու համար պետք է հնարավորինս աշխարհին, Եվրոպային, ՌԴ-ին ցույց տանք, թե ինչ է կատարվում Արցախի Հանրապետությունում։ Այդ ամենի ապացույցն այսօր այն է, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը Հակարիի կամրջից այն կողմ Ադրբեջանը թույլ չի տալիս անցկացնել։
Չնայած այս ամենին, Ադրբեջանը հայտարարում է, որ ճանապարհը բաց է, երթևեկությունը կա, բնակիչները գնում-գալիս են։ Ադրբեջանն իր խաբեությամբ է առաջնորդվում»,- նշեց Մխիթար Ներսիսյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ Աղդամով ճանապարհ տրամադրելու առաջարկին, Մխիթար Ներսիսյանը նկատեց՝ դրա մասին նույնիսկ հայկական կողմը չպետք է խոսի, քանի որ անընդունելի է:
«Բացառվում է, նման բան անհնարին է, նույնիսկ չպետք է մտածենք, որ ժամանակ կարող է գա, ու մենք օգտագործենք այդ տարբերակը»,- հավելեց նա։
Խոսելով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մասին, թե ուզած-չուզած պետք է երկկողմ առևտուր անեն՝ թե՛ Աղդամով, թե՛ Գորիսով, Մխիթար Ներսիսյանը պատասխանեց, որ գուցե իրենք կարող են անել, բայց սովորական արցախցին դա անընդունելի է համարում։
«Ես նման տարբերակ չեմ տեսնում, նման բան չի լինի ու բացառվում է»,- եզրափակեց Մխիթար Ներսիսյանը։