Սյունիքով անցնող հաղորդակցությունը՝ արևմտյա՞ն, թե՞ ռուսական տարբերակով․ ի՞նչ ընտրության առջև են կանգնած ՀՀ իշխանությունները
Մինչ Մոսկվան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած պետական այցով ուղերձներ է հնչեցնում Բաքվի ու Երևանի համար, հայտնում ցանկություն մասնակցելու ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացին և, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս ուշագրավ դիտարկումներ արեց։ Ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ գործընթացում գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։
«Դրանք ընդգրկում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն՝ խնդիրը վերջնականապես և ամբողջությամբ կարգավորելու համար։
Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը։ Եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքը լիովին պահպանում է արդիականությունը»,- ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության՝ նշել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարի այս խոսքերը մասամբ են համապատասխանում իրականությանը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երբեք չի ասի, որ եռակողմ փաստաթղթում ներառված իր պարտավորություններն Ադրբեջանը չի կատարել, դրանով իսկ սաբոտաժի ենթարկելով ՌԴ հովանու ներքո կնքված պայմանավորվածությունները։ Սակայն սա այլ թեմա է, որը, չի բացառվում, որ պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններում առկա, մեղմ ասած, ծանր մթնոլորտով։
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, միջանցքի կամ Սյունիքով անցնող կապուղիների թեմային, ապա իրականում կարիք կա մանրամասնորեն հասկանալու, թե ինչ է իրականում առաջարկում Ռուսաստանը, ինչ է առաջարկում Արևմուտքը, ինչ են ցանկանում Ադրբեջանն ու Հայաստանը, որի համար միմիայն հրապարակային դիրքորոշումները վերլուծելը թերևս բավարար չէ։
Ինչպես կարելի է դատել ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի մի շարք հայտարարություններից, ԱՄՆ-ի համար կարևոր է այս հաղորդակցությունը, որից իրենց բոլոր անդրադարձներում խոսում են Պետքարտուղարության պաշտոնյաները և պետքարտուղար Բլինքենը։
Սակայն ԱՄՆ-ը այս հարցով չունի ամենևին սկզբունքային դիրքորոշում այն մասով, որ քննարկվող գլխավոր հաղորդակցությունը չպետք է լինի միջանցք, այդ հարցը թողնված է ՀՀ-Ադրբեջան բանակցություններին։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բազմիցս է հայտարարել, որ Մոսկվան, Բաքուն և Երևանը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում չեն քննարկում Անդրկովկասում «արտատարածքային միջանցքի» ստեղծումը, որը կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը՝ ընդգծելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները։ Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է․
«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: ՀՀ իշխանությունները դեմ են նաև ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինների վերահսկողական գործառույթներին հատկապես ներկայումս, երբ ռուսական ներկայությունը ՀՀ-ից դուրս է բերվում։
Սակայն ՌԴ-ն, որի դիրքերը Հարավային Կովկասում էապես թուլացել են, փորձում է կողմերին, այդ թվում՝ Հայաստանին հետաքրքրող առաջարկներ ու ուղերձներ հղել։ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, վերջին ամիսներին կողմերին առաջարկելով հանդիպումներ և ՌԴ ծառայությունները՝ որպես միջնորդ, մշտապես շեշտում է.
«Պայմանավորվածությունները պետք է կրեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ, հիմք ծառայեն տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար»։
Այս հարցով, ինչպես հայտնի է, հստակ դիրքորոշում ունի հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հուլիսի 30-ին ԻԻՀ-ում Փաշինյան-Ալի Խամենեի հանդիպմանն, ըստ իրանական «Մեհր» գործակալության, Իրանի հոգևոր առաջնորդն ընդգծել էր Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման կարևորությունը՝ շեշտելով. «Իրանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար։ Օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ երկրների հարաբերություններում»։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՌԴ նախագահի այցն Ադրբեջան տեղավորվում է ՌԴ արտաքին քաղաքականությունը դեպի Արևելք փոխադրելու ռազմավարական ընտրության շրջանակում։
Ըստ նրա, եթե ամեն բան հաջող ընթանա և ձեռք բերվեն անհրաժեշտ բոլոր պայմանավորվածությունները՝ «Հյուսիս-Հարավ», ապա Ադրբեջանի նշանակությունը Ռուսաստանի համար էականորեն կաճի։
«Սա այն նախնական այցն էր, մեկնարկային, որը կարող է վճռական դառնալ ռեգիոնալ հետագա զարգացումների և որոշումների տեսանկյունից։
«Կարծում եմ՝ հարավկովկասյան թեմատիկան, ինչպես նաև Հարավային Կովկասի կապուղիների հարցը կրում էր այս այցի ընթացքում ոչ առանցքային բնույթ, դրանք քննարկվել են բնականաբար, որոշ հարցեր գուցե համաձայնեցվել են, սակայն մանրամասներ, կարծում եմ, չքննարկվեցին, քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանն իրենց օրակարգում ունեն ավելի կարևոր գլոբալ նշանակության թեմաներ։ Սակայն կապուղիների թեմայով, կարծում եմ, ՌԴ դիրքորոշումները չեն փոխվել, ինքնիշխանության վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը ՌԴ-ն հարգում է, բազմիցս այդ մասին հայտարարվել է։
Հարցը պարզապես այն է, որ ՀՀ-ն ցանկանում է, որ պայմանավորվածությունները կնքվեն Արևմուտքում կամ Արևմուտքի միջամտությամբ, հենց այդ պատճառով Վաշինգտոնը վերջերս նախաձեռնեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների ևս մեկ փորձ, որը կարծես չարձանագրեց առաջընթաց։ Ուստի ՌԴ-ն, ի թիվս այլ հարցերի, այս հարցով ևս փորձում է որոշակի ջանքեր ներդնել, հաշվի առնելով ՌԴ պատմական դերակատարությունն այս ռեգիոնում»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։
Նրա կարծիքով, Հայաստանի ներկայիս դիրքավորումն արևմտյան ճամբարում խնդիր է Ռուսաստանի ու Իրանի համար։
«Կարծում եմ՝ նմանատիպ շփումների ընթացքում այդ հարցը ևս քննարկվում է, թե ինչպես ամրապնդել ռեգիոնալ ձևաչափերը, այդ թվում՝ 3+3-ը, որտեղ կա նաև Իրանի ներկայությունը։ Այնուամենայնիվ, առանց ռեգիոնալ հավասարակշռող մեխանիզմների՝ բարդ կլինի պայքարել արտատարածաշրջանային ուժերի ներկայության դեմ Անդրկովկասում»,- ասաց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Սյունիքի կապուղու թեմային, ապա Տարասովը գտնում է, որ վերջին շրջանում ՌԴ-ն դուրս է եղել այդ քննարկումներից։
«ՌԴ-ն ունի իր դիրքորոշումը կամ կարող է աշխատել կողմերի հետ նրանց ցանկության դեպքում, սակայն, ինչպես գիտեք, ՀՀ-ՌԴ երկկողմ շփումները գտնվում են չափազանց ցածր մակարդակի վրա։ Ուստի ասել, թե հստակորեն ինչ կարող է առաջարկել, ինչ կարող է միջնորդել ՌԴ-ն՝ բարդ է, պետք է կողմերը նախ աշխատեն ՌԴ միջնորդությամբ այդ հարցով։ Երբ սկսեն աշխատել, կարճ ժամանակ անց շատ հարցեր պարզ կդառնան։ ՀՀ իշխանությունները, ինչպես վերջերս անընդհատ, կանգնած են մարտահրավերի առջև՝ ինչ ճանապարհով շարունակել, քանի որ Արևմուտքը ՀՀ դիրքորոշումը ինքնիշխանության մասով առանձնապես չի կիսում։ Ուստի չի բացառվում, որ կողմերը վերադառնան ռուսական հարթակ։ Ակնհայտ է, որ հաղորդակցության հարցով Արևմուտքն ունի իր տեսլականը, իսկ Ռուսաստանը՝ իր, սակայն ՌԴ-ն որևէ պնդում չի անում, ցանկության դեպքում կաշխատի կողմերի հետ՝ ելնելով հավասարակշռության, ինչպես նաև սեփական դիրքորոշումների սկզբունքից»,- նկատեց Տարասովը։