Ո՞վ էր Տավուշում ծնված Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը, ով գնդակահարվեց 1937 թվականին
Հայոց եկեղեցու պատմության մեջ միշտ եղել են բացառիկ հոգևորականներ, ովքեր կատարել են բազմաբևեռ և բազմաժանր գործունեություն և չեն բավարարվել միայն հոգևոր գործառույթով: Նմանատիպ հոգևորականները սակավ են, սակայն մեծ հետք են թողել ո՛չ միայն Հայոց եկեղեցու պատմության մեջ, այլև Հայոց պատմության էջերում: Նմանատիպ կերպարներից է եղել Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը:
Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը ծնվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղում՝ 1876 թվականին: Նա կրթություն է ստացել ժամանակի լավագույն կրթական կենտրոններում: Մասնավորապես ծննդավայրում կրթություն ստանալուց հետո սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա` Գևորգյան ճեմարանում: Գևորգյան ճեմարանում կայանալուց և հոգևոր կոչում ստանալուց հետո 1899-1902 թվականներին սովորում է Դորպատի համալսարանում, ինչն այդ ժամանակաշրջանում հասու չէր բոլորին: Վերադառնալով հայրենիք՝ 1903 թվականին նա ձեռնադրվում է վարդապետ, և սկսվում է նրա բեղուն աշխատանքային շրջանը հոգևոր և աշխարհիկ ոլորտներում:
Արդեն իսկ 1922 թվականին Գևորգ Ե Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Արտակ վարդապետը ձեռնադրվում է եպիսկոպոս: Հարկ է նշել, որ եպիսկոպոսն այնքան ամուր և հաստատուն գործունեություն էր վարում ցանկացած ոլորտում, որ պարբերաբար վերադառնում էր նախորդ պաշտոնին, որպեսզի կարողանար համակարգը հաստատուն պահել, ինչպես նաև նպաստել արդյունավետ աշխատանքի շարունակականությանը: Նա կարևոր հասարակական գործունեություն է ծավալել հատկապես 1914-1920-ական թվականներին.
«Գևորգ Ե կաթողիկոսը իր կոնդակով Արտակ վրդ. Սմբատյանցին նշանակում է Ալեքսանդրապոլի «Եղբայրական օգնության» կոմիտեի նախագահ (1915-1916): Նրա օրոք է, որ ընդունվել և խնամվել են արևմտահայ 50 հազար գաղթականներ, նրանց համար ստեղծվել են 16 հանրակացարան, բացվել նախապատրաստական 11 դպրոցներ, հիվանդանոց և այլն և այլն: 1920թ. հոկտ.-ի 11-ին Ալեքսանդրապոլում կայացած անդրանիկ թեմական պատգամավորական ժողովը Արտակ ծ. Վ. Սմբատյանցին միաձայն ընտրեց Շիրակի նորահաստատ թեմի առաջնորդ: 1922-1927թթ. նա հաստատվել է իբրև Սյունյաց թեմի առաջնորդ և Տաթևի վանքի առաջնորդ-վանահայր»: (Տե՛ս` Սուրեն Ե. Քոլանջյան «Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը և նրա՝ Մայր Աթոռի տպարանի պատմության մասին գրած երկը», «Էջմիածին», 1973, N Զ, էջ 28):
Արտակ եպիսկոպոսը շատ բուռն գործունեություն է ծավալել նաև հոգևորականների և Հայոց եկեղեցու իրավունքները պաշտպանելու գործում: Նա այդ բուռն պայքարը մղում էր Խորհրդային իշխանությունների դեմ այն բարդ ժամանակահատվածում, երբ դրվում էին եկեղեցու ոչնչացման հիմքերը.
«Արտակ եպիսկոպոսի ուշադրության կենտրոնում է եղել և քահանաների թշվառ ու հալածական վիճակը: Նա իր գրավոր բողոքներով ու դիմումներով խնդրում և պահանջում էր իշխանություններից փոխել վերաբերմունքը հոգևորականների նկատմամբ, վերջ տալ բռնի ուժի ու ահաբեկչության կիրառմանը՝ դժբախտաբար միշտ հանդիպելով բիրտ վերաբերմունքի կամ մնալով անպատասխան»: (Տե՛ս` «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» Գիրք Գ, Երևան, 1997 թվական, էջ 8):
Իր պայքարն ու գործունեությունը շարունակելով՝ Արտակ եպիսկոպոսը 1933 թվականին նշանակվում է դիվանապետ, իսկ 1935 թվականին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի լիազոր ներկայացուցիչ Արարատյան հայրապետական թեմում: Սակայն 1937 թվականը չէր կարող չնկատել հատկապես Արտակ եպիսկոպոս Սմբատյանցին.
«1937թ. ապրիլի 13-ին հերթը հասավ Արտակ եպիսկոպոս Սմբատյանցին: Այդ օրը նա ձերբակալվեց Երևանի առաջնորդարանում: Հաջորդ օրը Մ. Աթոռի Երեմյան շենքում նրա բնակարանը խուզարկվեց: Տարիներ շարունակ հետապնդվելուց, անլուր հալածանքների, չարչարանքների ենթարկվելուց հետո հերթը հասավ Չեկայի զնդաններում ստեղծագործվող կտտանքներին… Մնացածը հայտնի է՝ օգոստոսի 31-ին գնդակահարություն»: (Նույն տեղում՝ էջ 8):
Եպիսկոպոսի ձերբակալման թույտվության օրդերը կնքել է Մուղդուսին, ով հայտնի է իր հակահայկական ու արյունարբու գործունեությամբ հատկապես 1937 թվականին: Խուզարկության արձանագրության մեջ նշված է, որ խուզարկության ժամանակ առգրավել են 5 մատյաններ, 15 հատ, այսպես կոչված, ազգայնամոլական գրքեր, ինչպես նաև անձնական նամակներ:
Բացառիկ է Արտակ եպիսկոպոս Սմբատյանցի կատարած մշակութային և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև կատարած թարգմանչական, գրական, գեղարվեստական գործունեությունը: Նրա ժամանակակիցները հատկապես ընդգծում են եպիսկոպոսի վարած հասարակական, ինչպես նաև քաղաքական հաստատուն գործունեությունը, ով մինչև վերջ պայքարեց եկեղեցու և հոգևորականների իրավունքների համար: Եպիսկոպոսը կարևորում էր պետության և քաղաքացու դերը, ինչի մասին խոսում է 1927 թվականի նոյեմբերի 6-ին Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում սուրբ պատարագի ժամանակ կատարված իր քարոզում.
«Պետութեան գործը մարդկային ընկերական կեանքի շահերը պաշտպանելու մեջ է սահմանափակւում, պետութիւնն է ապահովում ամէն մի քաղաքացու իրաւունքն ու պարտաւորութիւնը: Կառաւարութեան ամենաբարձր ու վսեմ գաղափարը արդարութեան ու խղճի պաշտպանելն է: Կառավարութիւնը իւր քաղաքացու բարոյական պատկերն է…»: (Նույն տեղում՝ էջ 10):
Զ. Շուշեցի